«ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ» N76 (իրավիճակ),
12 Նոյեմբերի 2009 թ.


ՀԱՄԱՐԻ ԿՈԴԱՎՈՐՈՒՄԸ` ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

ՀԱՄԱՐԻ ԿՈԴԱԶԵՐԾՈՒՄԸ` ՀՈՒԺԿՈՒ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

ԱՅՍ ԿԱԶՄՈՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԻՄԱՍՏ ԵՆ

Խուսափել չհաջողվեց: Մոտ ապագայում Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ հերթական հանդիպումն այնուամենայնիվ տեղի կունենա: Չի բացառվում նույնիսկ, որ մեկ-երկու էջանոց ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, թեեւ դրա հավանականությունն այնքան էլ մեծ չէ: Ադրբեջանցիները սկսել են դժգոհել, որ հայկական կողմը բանակցությունների սեղանի շուրջ անընդհատ վերադառնում է այն հարցերին, որոնք, իրենց կարծիքով, վաղուց համաձայնեցված էին:

Հետաքրքիր է` ինչի՞ մասին է խոսքը: Այս հարցի պատասխանը գտնելու համար պետք է փորձել հասկանալ, թե կողմերից որն ինչպես է պատկերացնում ղարաբաղյան կարգավորման «փոխզիջումային տարբերակը»: Սա, ի դեպ, ամենահեշտն է, որովհետեւ կողմերն ամենաշատը հենց այդ մասին են սիրում խոսել: Եվ այսպես, ադրբեջանցիների համար «փոխզիջումային տարբերակը» հետեւյալն է. հայկական զորքերը դուրս են բերվում առնվազն հինգ «գրավյալ» շրջաններից, ճանապարհները բացվում են, փախստականները վերադառնում են եւ այլն, ու ինչ-որ անորոշ ժամանակ անց (ասենք` տասը տարի հետո) ինչ-որ ձեւով որոշվում է Ղարաբաղի կարգավիճակը, բայց` անպայման Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Իրատեսակա՞ն է արդյոք այս տարբերակը: Բնականաբար` ոչ: Այսինքն` բացառվում է, որ հայկական կողմը համաձայնվի սրան: Ինչո՞ւ պիտի համաձայնվի, եթե արդյունքում ունենալու է ե՛ւ ավելի փոքր տարածք, ե՛ւ ավելի ցածր կարգավիճակ, քան հիմա:

Իսկ ո՞րն է հայկական կողմի համար ընդունելի տարբերակը: Որքան հասկանում ենք, հետեւյալն է. սկզբում պայմանավորվում ենք, որ ենթադրենք` մի հինգ տարի հետո Ղարաբաղում հանրաքվե է անցկացվելու, եւ Ադրբեջանը պարտավորվելու է անվերապահորեն ընդունել այդ հանրաքվեի արդյունքները, եւ միայն դա ֆիքսելուց հետո հայկական զորքերը դուրս են բերվում (բնականաբար` ոչ միանգամից) վեց շրջաններից, Լաչինն էլ ստանում է այնպիսի կարգավիճակ, որը բացառի ադրբեջանական վերահսկողության տակ անցնելը: Զուտ պրագմատիկ քաղաքականության տեսանկյունից սա, իհարկե, շատ ավելի իրատեսական է, որովհետեւ հակամարտության բոլոր կողմերն էլ ինչ-որ բան ստանում են: Ադրբեջանը ետ է ստանում վեց շրջան, Ղարաբաղը` միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ: Ընդ որում, խոսքն այն մասին չէ` լա՞վն է այս տարբերակը, թե ոչ: Խոսքն այն մասին է, որ այս պահին Հայաստանի իշխանությունները սրան են ձգտում, եւ սա ավելի «խելքին մոտ» է, քան Ադրբեջանի ուզածը:

Բայց սա` միայն տեսականորեն: Գործնականում այս տարբերակը նույնպես բացառված է: Ղարաբաղի իշխանությունները պաշտոնապես հայտարարում են, որ նախ` ազատագրված տարածքներ այլեւս գոյություն չունեն, դրանք Ղարաբաղի անբաժանելի մասն են եւ ենթակա չեն սակարկությունների, եւ երկրորդ` Ղարաբաղը կայացած անկախ պետություն է եւ չի պատրաստվում կասկածի տակ դնել այդ կարգավիճակը: Մենք, բնականաբար, պարտավոր ենք ամենայն լրջությամբ վերաբերվել այս հայտարարություններին եւ համարել, որ դրանք ոչ թե քարոզչության նպատակներով են արվում, այլ արտացոլում են ԼՂՀ իշխանությունների եւ ժողովրդի իրական (եւ անբեկանելի) դիրքորոշումը: Բայց այդ դեպքում ստացվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իզուր են շարունակում բանակցությունները: Ի՞նչ իմաստ ունեն դրանք, եթե երկու կողմերի «իդեալական տարբերակներն» էլ անընդունելի են Ղարաբաղի համար: Ավելին, ստացվում է, որ Ղարաբաղի եւ Ադրբեջանի ուղիղ բանակցություններն էլ են անիմաստ: Ինչի՞ շուրջ պիտի բանակցեն, եթե Ադրբեջանն ուզում է ամեն ինչ, իսկ Ղարաբաղը չի պատրաստվում զիջել ոչինչ: Հո չե՞ն կարող կողմերը բանակցել այն հարցի շուրջ, թե շաբաթվա որ օրը Ադրբեջանը պիտի ճանաչի ԼՂՀ անկախությունը, կամ ինչ գույնի գրիչով պիտի ստորագրվի համաձայնագիրը:

Այս փաստերի համադրումը միայն մի եզրակացության է հանգեցնում. այս «սկզբունքների» հիման վրա բանակցությունները բացարձակապես անիմաստ են, եւ խնդիրն ի վերջո լուծվելու է ուժային մեթոդներով: Կամ Սերժ Սարգսյանին ուժով կստիպեն ստորագրել դեմ տրված փաստաթուղթը, որից հետո նա իր հերթին կփորձի դա պարտադրել ԼՂՀ իշխանություններին (ինչը կարող է ներքաղաքական բախումների հանգեցնել), կամ այս իրավիճակը կձգձգվի այնքան, մինչեւ Ադրբեջանն ինքն իրեն պատրաստ համարի վերսկսել պատերազմը: Ընդ որում, առաջին տարբերակը մեզ համար շատ ավելի վտանգավոր է, որովհետեւ մի դեպքում ունենում ենք պատերազմ արտաքին թշնամու դեմ, մյուս դեպքում` քաղաքացիական պատերազմ (որն այսպես թե այնպես կհանգեցնի արտաքին ագրեսիայի):

Մեծ հաշվով, այս ամենից խուսափելու միայն մի ձեւ կա. Ղարաբաղը պիտի վերադառնա բանակցությունների սեղանի մոտ ու դառնա լիարժեք կողմ: Բայց սա, հասկանալի պատճառներով, այս իշխանությունների օրոք հնարավոր չէ: Եզրակացությունը միակն է, Հայաստանին իշխանափոխություն է պետք, եւ այդ հարցում ամենաշահագրգռվածը ԼՂՀ իշխանությունները պիտի լինեն:

ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

«ՉԻ» ՌԻԹՄՈՎ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանին տված ոստիկանության հայտնի տեղեկանքը այն մասին, որ նա փետրվարի 26-ից հետախուզման մեջ է եղել եւ Հայաստանում չի բնակվել, տարակուսանք է առաջացրել նաեւ իշխանական դաշտում: Նրանք եւս քննադատում են Ալիկ Սարգսյանի ղեկավարած գերատեսչության ցուցաբերած անգրագիտությունը, որը պաշտոնապես ամրագրված է հենց տեղեկանքում: Երեկ մեր թղթակիցը զրուցել է ՀՀ գլխավոր դատախազության, Ազգային անվտանգության մի քանի աշխատակիցների հետ, որոնք գրեթե նույն կարծիքն են ունեցել ոստիկանության տրամադրած տեղեկանքի վերաբերյալ: Նրանք ասել են, որ ոստիկանությունն այդ տեղեկանքով առնվազն երկու պետական կառույցի անհարմար դրության մեջ է գցել: «Եթե ասում են, որ Նիկոլը Հայաստանում չի եղել, նշանակում է, որ ԱԱԾ-ն այնքան թույլ է եղել, որ չի կարողացել հայտնաբերել նրան, իսկ մաքսային ծառայությունն էլ թերացել է, որի արդյունքում նա հանգիստ կարողացել է մտնել ու դուրս գալ երկրից»,- ասել է ԱԱԾ աշխատակիցը: Իսկ դատախազության աշխատակիցն էլ նշել է, որ կարելի էր պարզապես այդ տեղեկանքում գրել, որ ոստիկանությունը չի իմացել Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը, դրա համար էլ չի կարող նրան բնակության վայրի մասին տեղեկանք տալ: Եթե այդպես գրեր, ծիծաղելի իրավիճակում չէր հայտնվի:

Հիշեցնենք, որ իշխանություններն արգելեցին Նիկոլ Փաշինյանի առաջադրումը թիվ 10 ընտրատարածքում, քանի որ վաղուց ծրագրել էին այդ ընտրատարածքից պատգամավոր օծել Հմայակ Հովհաննիսյանին: Իսկ իշխանական պատգամավորների շրջանում էլ բավականին լուրջ դժգոհություններ կային դեռեւս ամիսներ առաջ, երբ արդեն պարզ էր, որ Հմայակ Հովհաննիսյանին մանդատ տալու մասին Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել: Մականունավոր պատգամավորները զայրացած ասում էին, թե «ո՞վ է Հմայակը, որ պիտի նորից պատգամավոր դառնա»: Բայց նրանք, հավանաբար, չգիտեն, թե «ինչ բուրմունք ունի Հմայակը»: Իսկ ինչ վերաբերում է մյուս թեկնածուին` Վովա Կոստանյանին, ապա նրան ի վերուստ իշխանությունները տվել են «կապիկի ֆունկցիա», որը դերասանը կկատարի իր մասնագիտական ողջ կարողություններով:

ԳՐԱՎՅԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՐՁՎԵՆ

Երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանը քննարկման առարկա է դարձրել մի շարք հարցեր, որոնք Ադրբեջանը համարում էր լուծված: «Նման իրավիճակում դժվար է առաջընթաց արձանագրել: Մենք պատրաստ ենք առաջընթացի, սակայն չգիտենք, թե որքանով է դրան պատրաստ Հայաստանը», ադրբեջանական «APA» գործակալությանը հայտնել է Մամեդյարովը: Նա վստահեցրել է, թե ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում նոր առաջարկներ չեն քննարկվում եւ վերջին հինգ տարիների ընթացքում բանակցություններն ընթանում են հիմնարար սկզբունքների շուրջ: Մամեդյարովն ընդգծել է` Ադրբեջանը կողմնակից է խնդրի փուլային կարգավորմանը. «Հայաստանն առաջին հերթին պետք է դուրս բերի իր զորքերը գրավյալ տարածքներից, որից հետո պետք է վերականգնվեն կոմունիկացիաները, բռնի տեղահանվածները պետք է վերադառնան, պետք է գերակայի կայունությունն ու խաղաղությունը եւ միայն դրանից հետո կորոշվի ԼՂ-ի կարգավիճակի հարցը:


Ադրբեջանը միշտ էլ հայտարարել է, որ պատրաստ է ԼՂ-ին տալ բարձր կարգավիճակ: Այդ կարգավիճակը կորոշի Ադրբեջանի եւ ԼՂ-ի հայկական համայնքը համատեղ: Այդ կարգավիճակը, բոլոր դեպքերում, լուծվելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», ընդգծել է նա:

Մամեդյարովի կարծիքով` հայկական կողմը խնդիրը փորձում է կարգավորել` վերադառնալով խնդրի վերջից` ԼՂ-ի կարգավիճակից. «Չեմ կարծում, որ մենք միանգամից պետք է անցնենք խնդրի լուծման վերջնական էտապին»:

ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ` ՎԱՏ Է

Երեկ լրագրողների ներկայությամբ բանավեճի դուրս եկած պատգամավորն ու «Հետք» թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը խոսել են նաեւ «ԶԼՄ-ների մասին» եւ «Տեղեկատվության մասին» օրենքների մասին: Մասնավորապես ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն այդ օրենքներին «բավական հաջող» որակում է տվել, իսկ բանավեճի մյուս մասնակից, «Հետք» թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը տարակուսանք է հայտնել, որ օրինակ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը նոր օրենք է հեղինակել: «Օրենքների հետ խնդիրներ չկան: Բայց, չգիտես ինչու, պարոն Դալլաքյանը որոշել է, որ պետք է մամուլի մասին օրենք ընդունել»:

Հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանը Վիկտոր Դալլաքյանին խորհուրդ է տվել երաշխիք լինել արդեն գործող օրենքներին հետեւելու համար: Որպես օրինակ` «Հետքի» խմբագիրը նշել է, որ ԱԺ պատգամավորներն իրավունք չունեն բիզնեսով զբաղվել, մինչդեռ պատգամավորների մեծ մասը հենց դրանով էլ զբաղվում է: Սա իհարկե, Արտակ Դավթյանի համար անցանկալի թեմա էր, եւ նա չցանկացավ մեկնաբանել: Միայն ասաց, որ Դալլաքյանը բավական հետաքրքիր նորարարություններ է առաջարկել «ԶԼՄ-ների մասին» օրենքում: Իսկ Էդիկ Բաղդասարյանն էլ կանխատեսել է, որ «փոփոխությունները լինելու են ի վնաս լրագրողների»:

ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ՔՈՉԱՐՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ


ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե ոլորտի ֆինանսավորման նվազման պատճառներից մեկն էլ այն է, որ 2010 թվականին աշակերտների թիվը պակասելու է 20 հազարով:


«ՉԻ» - Նախարարի ներկայացրած այս թիվը նշանակում է, որ 2010 թվականին դպրոցն ավարտողների թիվը 20 հազարով ավելի է լինելու, քան դպրոց ընդունվողներինը: Ուշադրություն դարձրեք` եկող տարի դպրոցն ավարտելու են 1993-94 թվականներին ծնվածները, իսկ առաջին դասարան գնալու են 2004-2005 թվականներին ծնվածները: Այսինքն` ստացվում է, որ պատերազմի եւ էներգետիկ ճգնաժամի տարիներին Հայաստանում 20 հազարով ավելի շատ երեխա է ծնվել, քան 2004-2005-ի «երկնիշ տնտեսական աճի» տարիներին: Կամ էլ` ոչ թե ծնվածների թիվն է պակաս եղել, այլ արտագաղթի տեմպերն են շատ ավելի ահավոր եղել, քան պատերազմի տարիներին: Այլ հարց է, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների այս արդյունքն առայժմ դեռ միայն դպրոցականների թվի վրա է «երեւում»: Մի քանի տարի հետո արդեն բանակի վրա կերեւա, ընդ որում` շատ ավելի զգալիորեն, որովհետեւ մարդիկ, որպես կանոն, դպրոց հաճախելուց չեն խուսափում, իսկ բանակում ծառայելուց խուսափում են:

ՀԻՄՆԱԿԱՆ ԶԲԱՂՄՈՒՆՔԸ ԼԱՊՇԱ ԿԱԽԵԼՆ ԷՐ

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը լրագրողներին բացատրել է, որ այսօր ինքն իշխանության մեջ չէ, որովհետեւ եկել էր մի պահ, որ արդեն դժվար էր եվրոպացիներին բացատրել խոսքի եւ գործի տարբերությունը:

«ՉԻ»
- Փաստորեն, քանի դեռ այդ տարբերությունը բացատրելը հեշտ էր, Օսկանյանը նախարար էր, հենց որ դժվարացավ` ինքը որոշեց հեռանալ իշխանություններից: Այսինքն, նա խոստովանում է, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք իր հիմնական զբաղմունքը եղել է եվրոպացիներին խաբելը: Ընդ որում, եթե կարողացել է տասը տարի շարունակ արտգործնախարար մնալ, ուրեմն լավ է խաբել: Ավելին. իմացել է, որ Սերժ Սարգսյանի օրոք նույնպես իր հիմնական զբաղմունքն արտաքին աշխարհին խաբելն է լինելու, դրա համար էլ հրաժարական է տվել:

Բայց հետաքրքիրը դա չէ: Փաստորեն, մարդը տասը տարի շարունակ «պրոֆեսիոնալ խաբող» է եղել, ու հիմա ոչ միայն ընդդիմադիր կեցվածք է ընդունել, այլեւ վերջերս մի առիթով հայտարարեց, թե պատրաստ է առաջնորդել համաժողովրդական շարժումը: Տեսնես ժողովրդի՞ն ինչպես է բացատրելու խոսքի եւ գործի տարբերությունը:

ՏԱՔՍՈՒ ՋԵԲԿԻՐՆԵՐԸ

ՀԱՆՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ԲԻԶՆԵՍԻ

Երբ որեւէ երկրի սոցիալ- տնտեսական վիճակը կտրուկ վատանում է, կառավարությունը, բնականաբար, կրճատում է բյուջետային ծախսերը: Բայց սրանով «հակաճգնաժամային միջոցառումները», հասկանալի է, չեն ավարտվում. կառավարությունը պարտավոր է ոչ միայն պետական միջոցները խնայել, այլեւ ամեն ինչ անել, որ ժողովուրդը նույնպես միջոցներ խնայելու հնարավորություն ունենա եւ ավելորդ ծախսեր չանի:

Արդյո՞ք Հայաստանի կառավարությունն այդպես է վարվում: Ճիշտ հակառակը` իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի մարդիկ ստիպված լինեն ծախսել իրենց վերջին կոպեկները:

Տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը երեկ «աչքալուսանք տվեց» ժողովրդին: Բանից պարզվում է` հունվարի 1-ից կտրականապես արգելվելու է 10 տարվանից ավելի հին ավտոմեքենաները շահագործել որպես տաքսիներ: Տեղեկացնենք, որ ամենահամեստ հաշվարկներով, նման ավտոմեքենաների թիվը հասնում է 2.5 հազարի: Ընդ որում, խնդիրն այն չէ` ընդհանուր առմամբ ճի՞շտ է այս որոշումը, թե ոչ: «Թարմ» ավտոմեքենաներով երթեւեկելն, իհարկե, ե՛ւ ավելի հաճելի է, ե՛ւ ավելի անվտանգ: Խնդիրն այն է, թե ինչո՞ւ է կառավարությունը որոշել այդ (ի դեպ` ավելի վաղ ընդունված) կարգը կիրառել հենց հիմա` երբ տնտեսական անկման ցուցանիշներով Հայաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում, եւ ի՞նչ սոցիալ-տնտեսական հետեւանքներ կունենա դա:

Սկսենք նրանից, որ եթե կառավարությունն իսկապես մտահոգված լիներ ուղեւորների անվտանգությամբ, ոչ թե հին մեքենաների շահագործումը կարգելեր, այլ, օրինակ, կխստացներ վարորդական իրավունքի տրամադրման կարգը, եւ 25 տարեկանը չլրացած վարորդներին էլ կարգելեր տաքսի քշել: Իսկ հիմա ստացվում է, որ 2500 ընտանիք հունվարի 1-ից կարող է բառիս բուն իմաստով սոված մնալ: Հասկանալի է, որ կառավարության անդամներին դա բացարձակապես չի հուզում, բայց ամեն դեպքում` ո՞րն է նրանց նյութական շահը: Առանձնացնենք երեք պատճառ:

1. Գործազրկության շեմին հայտնված 2500 վարորդների մեծ մասն ուզած-չուզած պիտի նոր ավտոմեքենա ձեռք բերի: Ընդ որում, հասկանալի է, որ նրանք 10 տարվա մեքենան չեն վաճառի եւ, ասենք, 7 տարվա մեքենա գնեն: Նրանք անպայման կփորձեն ձեռք բերել լրիվ նոր ավտոմեքենաներ, իսկ այդ ավտոմեքենաների բիզնեսը գրեթե հարյուր տոկոսով բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց մերձավորների ձեռքին է: Այսինքն, կառավարությունն ընդունում է մի որոշում, որը նպաստելու է իշխանությունների բիզնեսի զարգացմանը:

2. Հայաստանում տաքսու վարորդները, որպես կանոն, հազիվ օրվա հաց են վաստակում, եւ բնականաբար, նոր ավտոմեքենա կարող են ձեռք բերել միայն վարկով: Իսկ բանկերն, ինչպես հայտնի է, նույնպես իշխանական համակարգի մաս են կազմում (այդ ոլորտում պատահական մարդիկ չկան), եւ «ավտովարկերն» էլ տրամադրում են ֆանտաստիկ բարձր տոկոսներով: Այսինքն, այս որոշմամբ նաեւ բանկերի համար են բարձր եկամուտներ ապահովվում:

3. Այդ 2500 վարորդների զգալի մասը, բնականաբար, չի կարող նոր ավտոմեքենա ձեռք բերել նույնիսկ վարկով, եւ դուրս կմղվի դաշտից: Դրանից կշահեն առաջին հերթին խոշոր տաքսի-սերվիսները, որոնց մեծ մասի սեփականատերերը նույն իշխանությունների ներկայացուցիչներն ու նրանց հովանավորյալներն են: Այսինքն, այս որոշմամբ կառավարությունն ընդամենը «քաղաքակիրթ սպասարկման ապահովման» անվան տակ կանգնում է խոշոր բիզնեսի կողքին` ընդդեմ մի կերպ գոյատեւող խեղճուկրակ «տնտեսվարողների»:

Թե ինչի կհանգեցնի կառավարության այս որոշումը` հասկանալի է: Բանկերի ու ավտոմեքենա ներկրող մի քանի խոշոր ընկերությունների շահույթները կավելանան, իսկ մի քանի հազար ընտանիքներ կամ կհամալրեն ծայրահեղ աղքատների շարքերը, կամ կհեռանան Հայաստանից: Եվ դա` ընդամենը այն պատճառով, որ կառավարությունը չի ցանկանում գոնե ճգնաժամի պայմաններում փոքր-ինչ մեղմել սեփական ախորժակը: Նույնիսկ արդարացում են գտել. իբր` վարորդները բավականաչափ ժամանակ ունեին իրենց ավտոմեքենաները փոխելու համար: Ժամանակ, իհարկե, ունեին, իսկ հնարավորությո՞ւն: Նույնիսկ պաշտոնական տվյալներով, այդ ժամանակահատվածում Հայաստանի տնտեսությունը 18.5 տոկոսանոց անկում է արձանագրել: Մի՞թե հասկանալի չէ, որ դա հսկայական ազդեցություն է ունեցել հատկապես տաքսիստների «բիզնեսի» վրա: Թե՞ կառավարությունը գերադասում է ջայլամի նման գլուխը խոթել ավազի մեջ, մարմնի մեկ այլ մաս դուրս ցցել ու ձեւացնել, թե այս ամենն անում է «հանուն անվտանգ եւ հարմարավետ երթեւեկության»: Դա բացարձակապես անիմաստ է, որովհետեւ ջայլամի այդօրինակ «մարտավարությունը» միայն այլ ջայլամների կարող է խաբել, իսկ հասարակությունը վաղուց սովորել է իշխանությունների այդ պարզունակ հնարքներին եւ շատ լավ հասկանում է, թե կառավարության որոշումներից որը ում բիզնեսի «խաթեր» է արվում:

ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

ԼՐԱՀՈՍ

Մկները շատացել են: Ինչպես հայտնում է Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերությունը, մկները մեծ տեմպերով բույն են դնում հայոց դաշտերում: Եթե Արթիկի տարածաշրջանում մեկ հեկտարում կարելի է հաշվել կրծողների միջինը մինչեւ 180 բույն, ապա Աշոցքի եւ Ամասիայի տարածաշրջանների մեկ հեկտարին «բաժին է ընկնում» չորսից հինգ հազար բույն: Իսկ վարելահողերի` մկներով խտաբնակ լինելը պայմանավորված է գյուղացու սոցիալական վիճակով` գյուղացին ի վիճակի չէ մշակել հողը, իսկ դա բարենպաստ պայմաններ է ստեղծում մկների բազմացման համար:

Մկների դեմ պայքարի համար այժմ օգտագործվում է հարյուրավոր կլիոգրամներով ցորեն, ձիթայուղ եւ ցինկի ֆոսֆիտ, որը ուժեղ ներգործող թույն է: Այս ամենը հատուկ չափաբաժնով խառնվում են իրար, ապա շաղ տրվում դաշտերում: Մասնագետները հավաստում են, որ նոր հայտնված կերից մկներն օգտվում են մեկ-երկու օր անց միայն: Աշոցքից ու Ամասիայից բացի, Շիրակի մարզում դեռեւս կան հողատարածություններ, որոնք մկների դեմ պայքարի կարիք են զգում: Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը նշում է, որ 2010-ին եւս լինելու են թույնի հատկացումներ: Նախկինում այս միջոցառումները կատարվում էին ինքնաթիռներով, ինչի հնարավորությունն այսօր հանրապետությունը չունի: Շիրակի մարզի առավել վարակված այս հողերում այժմ գործի է դրվել հողը պարարտանյութով մշակող ութ տրակտոր` հարմարեցված թունամշակման համար:

Թե մկների քանի բույն է հայտնաբերվել ՀՀ Ազգային ժողովում, ըստ այդմ` ինչ պայքար է մղվում մկների շատացման կամ ակտիվացման դեմ, առայժմ հայտնի չէ: Համենայնդեպս այս մասով խոր լռություն է:

Ինչպես հաղորդում է «tert.am»-ը, երեկ Հայաստանում լաբորատոր հետազոտությունների արդյունքում «խոզի գրիպի» եւս երկու կասկածելի դեպք է ախտորոշվել: Այս մասին ասել է Հայաստանի առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը: Երկու նոր վարակակիրներից մեկը կրկին Իրանի քաղաքացի է, մյուսը` Ռուսաստանից վերադարձած հայ: Այս պահին, Թորոսյանի տեղեկացմամբ, նրանք երկուսն էլ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում են, ստանում են համապատասխան բուժում եւ վերահսկվում բժիշկների կողմից: Գլխավոր մասնագետն ասել է, թե այժմ սկսվում է գրիպի սեզոնը, ռիսկերն ավելի են մեծանում, եւ վարակի տարածումը չի բացառվում: Վերջինս միաժամանակ վստահեցրել է, թե խուճապի հիմք չկա, ձեռնարկվում են վարակին դիմակայելու բոլոր միջոցները:

Խոզի գրիպի համաճարակը կարելի է հաղթահարել մեկ շաբաթվա ընթացքում, կարծում է Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն: Կարեւորն այն է, որ բոլոր քաղաքացիները դիմեն կանխարգելող միջոցների եւ հետեւեն բժիշկների խորհուրդներին: Օնիշչենկոն կտրականապես դեմ է արտահայտվել գրիպի համաճարակի տեսակավորմանը: Նրա խոսքերով` ոչ խոզի, ոչ շան եւ ոչ էլ թռչնի գրիպ գոյություն չունի: Նա հիշեցրել է, որ յուրաքանչյուր տասնամյակը մեկ ի հայտ է գալիս նոր համաճարակ, եւ A (H1N1) համաճարակը վերջինը չէ: Ավելի վաղ ՌԴ առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարար Տատյանա Գոլիկովան տեղեկացրել էր, որ Ռուսաստանում այժմ A (H1N1) գրիպով վարակված է հազար 424 մարդ: Լաբորատոր միջոցներով ամբողջ երկրում հաստատվել է վարակի 4 հազար 563 դեպք: Գոլիկովան հաստատել է, որ Ռուսաստանում «խոզի գրիպից» արդեն մահացել է 19 մարդ: Սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ անցած հանգստյան օրերին` նոյեմբերի 7-8-ը, Չելյաբինսկի մարզում «խոզի գրիպից» մահացել է եւս երկու մարդ` այսպիսով Ռուսաստանում A գրիպից մահացածների թիվը հասցնելով 21-ի:

Մահացել, ավելի ճիշտ` գնացքի տակ ընկնելու միջոցով ինքնասպան է եղել Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի հիմնական դարպասապահ Ռոբերտ Էնկեյը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցավակցական նամակ է հղել նրա այրուն` Թերեզա Էնկեյին: Վերջինս երեկ հարցազրույց է տվել կատարվածի վերաբերյալ: Նա համոզված է, որ իր ամուսինը դիմել է ինքնասպանության` նրանց երկամյա դստեր մահվան ու դրան հետեւած ընկճախտի պատճառով: Նա այդպես էլ չի կարողացել հաշտվել երեխայի կորստի հետ. աղջիկը մահացել էր 2006-ին: «Վերջին ժամանակներս նա անընդհատ ընկճված վիճակում էր, եւ սա շատ ծանր ժամանակահատված էր: Խնդիրը նաեւ այն էր, որ նա չէր ցանկանում ոչ ոքի հետ քննարկել դա: Նա վստահ չէր նաեւ վաղվա օրվա նկատմամբ: Վախենում էր, որ կկորցնի իրեն նաեւ սպորտում: Լարայի մահվանից հետո մենք կարծում էինք, որ կկարողանանք շտկել ամեն ինչ: Ես փորձում էի բացատրել նրան, որ ամեն ինչ լավ կլինի, ու մենք կկարողանանք հաղթահարել այդ ողբերգությունը: Նրան ճանապարհում էի մարզման ու այնտեղից տուն, բայց նա արդեն ոչ ոքի օգնությունը չէր ընդունում: Վախենում էր, որ մենք կկորցնենք նաեւ մեր որդեգրած աղջկան` Լեյլային», ասել է այրին: Դարպասապահի ողբերգական մահից հետո նրա հարյուրավոր երկրպագուներ հավաքվել են Հաննովերի AWD Arena մարզադաշտի մոտ, որտեղ իր վերջին րոպեները խաղադաշտում անցկացրել էր Էնկեն: Երկրպագուները շարունակում են մոմեր, մարզաշապիկներ բերել մարզադաշտի տարածք:

ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

ԻՆՔՆԻՇԽԱՆ

ԳՆԱՑԵՔ ԳՈՒՄԱՐՈՒՄ- ՀԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵՔ
«Օգոստոս» գործակալությունը պատրաստվում է
հանդես գալ հակընդդեմ հայցով

Երեկ Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց եւ ավարտվեց «Գինդ» տպարանի հայցի լսումը ընդդեմ «Չորրորդ իշխանություն» օրաթերթի:

Դատական նիստը անակնկալ ավարտ ունեցավ «Գինդի» ներկայացուցիչների համար, քանի որ «Օգոստոս» եւ «Կողմնակի անձանց Մ» ՍՊ ընկերության փաստաբան Հովիկ Արսենյանը հայտարարեց, որ հենց «Գինդի» ներկայացրած ապացույցներով` 131 հաշիվ-ապրանքագրերով, ակնհայտ է դառնում, որ ոչ թե թերթն է տպարանին պարտք, այլ դեռ մի բան էլ «Գինդն» է պարտք «Օգոստոս» գործակալությանը: «Ձեր մտքով չի՞ անցել, չե՞ք մտածել ու չե՞ք ֆայմել հասարակ գումարում-հանում անել եւ պարզել իրականությունը. իրավաբանները պարտավոր էին «Գինդի» հաշվապահի ներկայացրած թվերը գումարել, կամ էլ հրավիրել երկու կողմերի հաշվապահներին ու ասել` այ ընկերներ, հլը մի հատ եկեք նստենք-հաշվենք` մենք իրար նկատմամբ պարտք ու պահանջ ունենք, թե՞ չէ», դատարանում հայտարարեց Հովիկ Արսենյանը: Բանն այն է, որ «Օգոստոս» գործակալությունը թերթի տպագրության ընթացքում ավել փոխանցումներ է արել, ըստ այդմ էլ` այդ ավելցուկների գումարը կազմել է 2 միլիոն դրամ: Ընդգծենք, որ այս փաստը ապացուցվում է ոչ թե «Օգոստոսի» ներկայացրած ապացույցներով (ավելի ճիշտ է ասել, որ ընկերությունը ոչ մի ապացույց էլ չի ներկայացրել), այլ հենց «Գինդի»` դատարանին ներկայացրած ապացույցներով:

«Օգոստոս» գործակալության ներկայացուցիչ Էդգար Հովհաննիսյանն էլ իր հերթին ընդգծեց. «Թերթը մատուցված ընդհանուր ծառայությունների համար 30 մլն դրամի փոխարեն տպարանին վճարել է 32 մլն 200 հազար դրամ, այսինքն` 2 մլն դրամով ավելի, եւ դա ապացուցում են թվով 131 հաշիվ-ապրանքագրերը, որոնք դուք որպես ապացույց ներկայացրել եք դատարանին»: Ինչպես հետո լրագրողների հետ զրույցում նշեց թերթի խմբագիր Շողեր Մաթեւոսյանը` իր տնօրենի անփորձությունն է եղել պատճառը, որ այդ հաշիվ-ապրանքագրերն իրենք եւս չեն հաշվել եւ հիմք են ընդունել միայն տպարանի ներկայացրած թվերը, մինչդեռ փաստաբանները ուսումնասիրել են ապացույցները եւ բացահայտել այդ փաստը: Ըստ այդմ` չի բացառվում, որ «Չորրորդ իշխանությունը» հանդես գա հակընդդեմ հայցով, քանի որ երկկողմ պայմանագրով նախատեսված վճարման բոլոր պարտավորությունները իրենք կատարել են, մինչդեռ «Գինդը» փորձում է խարդախության ճանապարհով հավելյալ գումարներ կորզել:

Երեկ դատական նիստի ժամանակ «Գինդի» ներկայացուցիչները պնդեցին, թե «Օգոստոսը» պարտավոր էր մեկ ամիս առաջ տպարանին տեղեկացնել, որ այլեւս դադարեցնում է իր համագործակցությունը իրենց հետ: Շուտով սույն պարոնները իրենց իսկ ներկայացրած փաստաթղթերում գտան «Օգոստոս» գործակալության տնօրինության գրությունը, որով «Օգոստոսը» 30 օր առաջ տեղյակ է պահել, որ ինքը դադարեցնում է համագործակցությունը տպարանի հետ: «Գինդի» ներկայացուցիչների` «Բայց փոխադարձ ակտ չի կնքվել» անհեթեթ խոսակցությունը երկար կշարունակվեր, եթե Արսենյանը չհիշեցներ, որ հայցը փողային պահանջի մասին է, այլ ոչ թե փոխադարձ ակտ կնքել-չկնքելու: Եվ այնուամենայնիվ, ընդգծենք, որ «Չորրորդ իշխանություն» թերթը «Գինդ» տպարանում սկսեց չտպագրվել այն ժամանակ, երբ մի գեղեցիկ օր «Գինդից» չգիտեմ ով զանգահարեց խմբագրություն, եւ մեր թերթի տեխնիկական աշխատակիցներից մեկի միջոցով հիստերիկ տոնայնությամբ փոխանցեց. «Եթե դուք ձեր պարտքը չվճարեք, մենք թերթ չենք տպի»: Մինչ այդ «Գինդը» իր հարաբերությունները «ՉԻ»-ի հետ ճշգրտում էր պատշաճ մակարդակով` ըստ հարցի կարեւորության նամակ ուղարկելով թերթի տնօրենին, խմբագրին կամ հաշվապահին: «Գինդի» լկտի պահվածքը եւ շանտաժի լեզուն անակնկալ եղան, ուստի փորձեցինք թերթի տնօրենից պարզել, թե ինչ պարտքերի մասին է վայնասուն բարձրացրել տպարանը: Շուտով բացահայտվեց, որ ապրիլին տպարանը միակողմանի բարձրացրել է իր տպագրական վճարները եւ խորամանկորեն դրա մասին տեղյակ չի պահել «Օգոստոս» ընկերությանը, հետո էլ որոշել է «թերթը չենք տպի» սպառնալիքի տակ փորձել շանտաժի տարբերակը: «Օգոստոսին» մնում էր հաջորդ օրն իսկ երկկողմ պայմանագրի կասեցման մասին համապատասխան գրություն ուղարկել:

Բացի այս, «Օգոստոս» գործակալության եւ «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արսենյանը երեկ հանդես եկավ միջնորդությամբ` համաձայն որի, պահանջեց վերացնել թերթի տպագրումն արգելող հայցի ապահովումը, քանի որ ըստ պայմանագրի` հրատարակիչ «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ն որեւէ պարտավորություն չունի «Գինդի» նկատմամբ, ուստի թերթի տպագրումն արգելելը օրինական պահանջ չէ: Դատավոր Խանդանյանը, սակայն, բոլորին հայտնի պատճառներով, որոշեց Արսենյանի միջնորդությանն անդրադառնալ դատական ակտ կայացնելիս (քաղաքական համապատասխան հրահանգը ստանալ-ճշգրտելուց հետո միայն):

Վճիռը կհրապարակվի նոյեմբերի 16-ին, ժամը 14:50-ին: Իսկ մինչ այդ` մենք վերստին ընդգծում ենք, որ խնդիրը ոչ թե «Չորրորդ իշխանություն» թերթի նկատմամբ ֆինանսական տույժի կիրառումն է, այլ թերթի հրատարակումը արգելելը, բնականաբար` քաղաքական պատվերի շրջանակներում հայտնի ուժերի դիրիժորությամբ: Եվ ուրեմն` անկախ որեւէ պատվերից մենք շարունակելու ենք հրատարակվել ու աշխատել` ի շահ հասարակության եւ ի հեճուկս բոլոր մանր-մունր խուլիգանների եւ նրանց պատվիրատուների:

ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
Լուսանկարը` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

ՍԱՀՄԱՆ ՔԱՋԱՑ` ԶԷՆՆ ԻՒՐԵԱՆՑ...

ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Վախից փողով չեն ազատվում: Վախից զենքով էլ չեն ազատվում: Վախից փորձում են ազատվել բոլոր հակառակորդներին չեզոքացնելով: Բայց վախը միշտ էլ մնում է` որպես գիշերային բոբո: Մնում է մեղքից ծնված վախը, մնում է նույնիսկ մոլագարի սեւացած հոգում:

Ամերիկա չենք հայտնագործի, եթե ասենք, որ Հայաստանի իշխանավորների հիմնական շարժիչ ուժը վախն է: Այն խորը արմատներ ունի, գալիս է դեռ սովետական ժամանակներից: Այս մարդիկ, սկսած Սերժ Սարգսյանից ու Ռոբերտ Քոչարյանից, զանազան կուսակցական շեֆերի վեցնոցներն են եղել (ՔպրՑպՐՍՈ): Շարունակել են նույն ոգով ծառայել անկախ Հայաստանի առաջին իշխանություններին, զուգահեռաբար հարստություն դիզել եւ հանուն այդ ունեցվածքի դավաճանել, քցել, ոչնչացնել նրանց, ում կողքին ընդամենը պնակալեզ էին:

Հիմա էլ բուծել են սեփական վեցնոցներին, ներդրել հասարակության տարբեր շերտերում ու, թվում է, կառուցվածքը հասցրել են կատարելության:

Նշենք, որ իրենք, այնուամենայնիվ, նույնն են մնացել ու հիմա լպստում են աշխարհիս հզորների կոշիկները` զոհասեղանին դնելով Հայաստանն ու Արցախը:

Դառնանք «կատարելության» հասցրած կառուցվածքին (րՑՐցՍՑցՐՈ): Այն փտած է, պարոնա՛յք: Փտած է այնպես, որ մի թեթեւ ցնցումից, մի թեթեւ քննադատությունից սասանվում է, ու դուք ընկնում եք հոգեխանգարմունքի մեջ: Բայց որովհետեւ սույն կառույցը պինդ, կարծր նյութից չէ, այլ դոնդողանման զանգվածից, ցնցումներն առայժմ երեւացող արդյունք չեն տվել:

Անկեղծ ասած, սպասելի էր, որ իշխանությունները ընդդիմության վերցրած թայմ-աուտը կփորձեն «ռացիոնալ» օգտագործել: Երկար չսպասեցինք: Քաղաքական խայտառակ դատավարություններին գումարվեց ազատ խոսքի դեմ կազմակերպված խեղկատակությունը: Ինչ-որ «Գինդ» տպարան, պարզվում է, չի ուզում տեսնել «Չորրորդ իշխանություն» թերթը: Ինչո՞ւ: Պատասխանը միանշանակ է: Իշխանավորները վախենում են, վախենում են, որովհետեւ այստեղ ամեն օր տեսնում են սեփական կերպարանքը: Հետաքրքիր է, իրենց դղյակներում հայելիներ չունե՞ն, նույն բանը այնտեղ չե՞ն տեսնում: Ի՞նչ է անում թերթը. հասարակությանն ամեն օր տեղեկացնում է, թե իրականում ինչով են ապրում Ս. Սարգսյանը, Աղվան Հովսեփյանը եւ այլք: Ամեն օր արձանագրում է սրանց հերթական հանցագործությունը: Նկատենք` թերթը կարողանում է ներկայացնել մեր երկրում կատարվող «քաջագործությունների» մի մասը միայն: Բայց այսքանն էլ բավական է լրագրողների հոդվածների «հերոսներին» հարյուրամյակներով խիստ ռեժիմի գաղութներում փակելու համար: Այսքանն էլ բավական չէ, թերթը համարձակվում է հասարակությանը արթուն պահելու առաքելությունն իրականացնել: Այն շարունակում է պարզ, մատչելի լեզվով ընթերցողներին ներկայացնել իշխանավորների, նրանց արբանյակ կուսակցությունների եւ հաճախորդների կեղծ քաղաքական քայլերի իրական դրդապատճառները: Հետեւաբար մեր փոքրիկ երկրում կան մարդիկ, ովքեր ամեն օր կռիվ են տալիս հանուն սեփական ազատության, կան մարդիկ, ովքեր չեն սպասում, թե ինչ են անելու ընդդիմության առաջնորդները, ինչպես եւ ով է գալու իրենց փրկելու, ազատելու կամ վախը չափելու: Կան մարդիկ, ովքեր իրենց ասպարեզում անում են հնարավոր ամեն ինչ, նույնիսկ անհնարինը, որ մենք եւ դուք, սիրելի՛ ընթերցողներ, չխեղդվենք իշխանությունների ստեղծած ստորաքարշության ու կեղծիքի ճահճում, որ չմոռանանք` մարդու բարձրագույն արժեքը ազատությունն է: Մենք արդեն շատ բան ենք զիջել սրանց` իշխանություն, փող, բանակ, ոստիկանություն, «Ա1+» ու Ազատության հրապարակ: Զիջելու էլ ոչինչ չունենք: Եվ վաղուց ժամանակն է գողոնը հետ բերելու ու հանցագործներին պատժելու: Դրա համար մեկ ելք կա` ամենօրյա անհաշտ պայքար, որը բոլորովին էլ չի սահմանափակվում հանրահավաքներով եւ ընդդիմության առաջնորդի փեշերից կախվելով: Ամեն մեկս էլ աշխատանքի, գործունեության մեր ասպարեզն ունենք: Հարմարվո՞ւմ ենք, կո՞ւլ ենք գնում, աշխատում ենք գլխացավանքի մեջ չընկնե՞լ, թե՞ փորձում ենք ինչ-որ բան փոխել, չզիջել, չդառնալ «վեցնոց»:

Ահա սա մեզնից է կախված, այստեղ ոչ ոքի մեղադրելու իրավունք չունենք:

ԼԵՎՈՆ ԱՍԱՏՐՅԱՆ

ԿԼԱՆԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՆԳԱՄ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԿԼԱՆԸ
ԼՈՒՐՋ ՉԻ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ
Վարչապետի մասին շատերը խոսում են միայն ժպիտով

Թեեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօրվա իշխանական կլանի համար ինչ-որ առումներով խորթ է, այնուամենայնիվ նա եւս ընդհանուր առմամբ կլանի յուրայինի համարում ունի, քանի որ Սարգսյանի գործած հանցանքներն էլ քիչ չեն: Հայտնի է, որ այսօրվա իշխանության ներսում միմյանց կապող միակ եւ ամուր օղակը համատեղ գործած հանցանքներն են` լինեն դրանք տնտեսական թե քաղաքական:

Իշխանական աղբյուրներից ստացած մեր տեղեկությունների համաձայն, ՀՀ այս վարչապետը` ի տարբերություն նախորդների, ընտրովի օլիգարխների հետ է ընկերություն անում` մյուսներին չթողնելով անգամ մոտենալ իրեն ու տարաբնույթ հարցեր լուծել, ինչպես եղել է նախկինում: Վարչապետի օլիգարխներն առանձին են բարգավաճում, իսկ նրա կողմից մերժվածներն իրենց հարցերը կարգավորում են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի միջոցով: Հենց գործադիր ոլորտ մտնելու «խասյաթի» համար էլ երբեմն-երբեմն Տիգրան Սարգսյանի հետ Հովիկ Աբրահամյանը խնդիրներ է ունենում:

Հայտնի է, որ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առաջին օրերին Տիգրան Սարգսյանին սվիններով դիմավորեցին նույն իշխանական դաշտում, բայց այսօր արդեն կարծես բոլորն էլ սկսել են կամաց-կամաց հարմարվել իրավիճակի հետ: Նրան ուղղակի շրջանցում են:

Օրինակ, շատ խոշոր գործարարներ վարչապետի մասին այսպես են արտահայտվում. «Նա ի՞նչ ա հասկանում տնտեսությունից, բիզնեսից: Նրան մենակ բանկերն են հետաքրքրում: Ամեն ինչ անում ա բանկերի աշխատանքը լավացնելու համար, իսկ տեղական արտադրությունը, արդյունաբերությունը օր օրի կործանվում են»: Գործարարներից մեկն էլ նշեց, որ «վարչապետն իր վարած քաղաքականությամբ մոտ ժամանակներս այնպիսի իրավիճակ է ստեղծելու, որ ոչ մի գործարար չմնա Հայաստանում ու բիզնես չանի»: «Էդ վարչապետն ո՞վ է, աթոռին նստած, բայց ոչ մի լծակ չունեցող մարդ է: Կհավատա՞ք, կյանքումս իրա մոտ մտած չկամ, որովհետեւ նա ոչ մի հարց չի լուծում: Մենակ դասախոսություն ա կարդում գլխներիս: Տենց երկիր չես պահի»,- ասաց գործարարներից մյուսը: «Ոչ մի մարդ, տնտեսագետ նրա մասին լուրջ կարծիք չունի, անգամ նրա տնտեսագիտության պրոֆեսիոնալիզմի միֆը վաղուց ցնդել է, որովհետեւ նա պրակտիկ տնտեսությանը չի տիրապետում»,- վարչապետին քննադատեց մասնագիտությամբ տնտեսագետ գործարարներից մեկը: Նշենք, որ այս խոսքերն ասում են այնպիսի գործարարներ, որոնք Սերժ Սարգսյանին նախագահ դարձնելու համար «կոկորդ էին պատռում»: Հիմա նրանք Տիգրան Սարգսյանին որեւէ կերպ Սերժ Սարգսյանի վստահելի մարդ չեն համարում: Նրանք վարչապետի մասին խոսելիս միայն ժպտում են:

Իսկ ինչ վերաբերում է կառավարության անդամներին, ապա ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը այսպիսի որակում տվեց` «դա լակոտների կառավարություն է»: Նա նշեց, որ ինքն ամաչում է ԱԺ պատգամավորների հետ կառավարության հարց ու պատասխանի ժամանակ հարց տալ նախարարներից որեւէ մեկին: «Ժողովրդի հոգսերով զբաղվող բոլոր նախարարությունները տվել են լակոտների ձեռքը: Նրանք էլ բան չեն հասկանում ոչ գյուղացուց, ոչ մարդկությունից»,- դժգոհեց հիասթափված պատգամավորներից մեկը:

Մի խոսքով, իշխանության մի մեծ հատված կտրված է այսօրվա կառավարությունից: Ճիշտ է, Տիգրան եւ Սերժ Սարգսյանները աշխատանքի բերումով հանդիպում եւ զրուցում են իրար հետ, այնուամենայնիվ Տիգրան Սարգսյանը անճար պաշտոնյայի համարում ունի: Բայց չնայած սրան, նա պաշտոնավարման ընթացքում չի մոռանում կրկնապատկել իր հարստությունը, որը առանձին հրապարակման նյութ է:

Իշխանական մեր աղբյուրներից էլ տեղեկացանք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հատկապես մտերիմ հարաբերություններ է հաստատել փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի` հայտնի Արմենչիկի հետ: Նրանք հաճախ են առանձնանում ու թաքուն զրուցում: Նույնիսկ Սյունիքի մարզում գումարված կառավարության արտագնա նիստից հետո կազմակերպված ճաշկերույթի ժամանակ Տիգրան Սարգսյանը ձեռքը գցել է Արմեն Գեւորգյանի ուսին եւ խմել նրա կենացը` որպես ամենալավ փոխվարչապետի:

Իսկ թե ինչ է մտածում այս կառավարության եւ նրա ղեկավարի մասին հասարակությունը, կարծում ենք, որեւէ մեկի համար գաղտնիք չէ:

ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՉԻՆ ՄԱՉԻՆ

H1N1-2

Եթե դուք կատարեք տաք աղաջրով կամ Լիստերինով ողողումներ, չանտեսելով այս պարզ, ոչ ծախսատար, միեւնույն ժամանակ արդյունավետ կանխարգելիչ մեթոդը: Եթե դուք լավ մաքրեք ձեր քիթը եւ առավել` տաք աղաջրով թրջված բամբակով մաքրեք քթանցքերը, ինչն արդյունավետ միջոց է նվազեցնելու վիրուսի զարգացման վտանգը: Եթե բարձրացնեք ձեր օրգանիզմի դիմադրողականությունը (իմունիտետը) օգտագործելով C եւ D վիտամիններով հարուստ սնունդ:Եթե որքան հնարավոր է շատ խմեք տաք հեղուկներ (թեյ եւ այլն), քանզի տաք հեղուկների օգտագործումը եւ ողողումներն ունեն նույն ազդեցությունը օրգանիզմի վրա:

Ապա, իմացեք, սիրելիներս, որ դուք այդպիսով պայքարում եք ոչ թե ԱՌՀԱՍԱՐԱԿ, ոչ թե ՊԱՐԶԱՊԵՍ, ոչ թե ՍՈՎՈՐԱԿԱՆ մրսածության, ՇԱՐՔԱՅԻՆ գրիպի, կամ վիրուսային ինֆեկցիայի դեմ, ինչպես այդ արել կամ չեք արել, բայց կարող էիք անել, սրանից 5 կամ 10, կամ 30 տարի առաջ, այլ սա ուղղորդված, նպատակային ԳԵՐՀԱՏՈՒԿ պրոֆիլակտիկա է ՍԱՐՍԱՓԵԼԻ մի վիրուսի, մուտանտի ու ահարկու մի երեւույթի դեմ, որ կոչվում է H1N1 կամ խոզի գրիպ:

Այդպես եւ միայն այդպես է պետք պրոֆիլակտիկ պայքար մղել այդ H1N1-ի դեմ, թե չէ այն, այդ այլանդակը կարող է մուտացվել ու տրանսմուտացվել այնպես, որ ձեր օրհասի պահին մայրիկին հիշելն էլ ձեզ չի օգնի:

Կա իհարկե, եւ հայ բժշկական գիտության` բժշկագիտության խոհուն միջանցքներում, ինչպես եւ ՀՀ առողջապահության գերատեսչական հետնախորշերում ծավալվում է հիմնարար վեճը առ այն, պատվաստուկ կամ շիճուկ ներկրեն, թե` ոչ: Հիշում եք, որ համենայն դեպս առողջապահության ՀՀ կառավարիչներն արդեն հայտարարել են, թե ՉՆԱՅԱԾ ՈՐ ՉԿԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈԶԻ ԳՐԻՊԸ, ինչպես որ չկար տարիներ առաջ ԹՌՉՆԱԳՐԻՊԸ, ուստի եւ թերահավատ են հայ առողջապահական գիտության որոշ խոհուն այրեր` ներկրել, թե ոչ ՇԻՃՈՒԿԸ: Բայց դե, համենայն դեպս, նոյեմբերի վերջերին, գուցե սկսեն մարդկանց, ենթափորձային գլխաքանակի պես պատվաստել` ողջ մնացին` լավ, չէ` Աստված բարին կատարի: ԿԱՏԱԿ ՉԵՄ ԱՆՈՒՄ` մեծ ու օրինակելի ԵՂԲԱՅՐ` նույն այս գրիպի հիստերիայով ԱՐԴԵՆ իսկ բռնկված Ռուսաստանում «ՀԱԿԱԽՈԶԱՅԻՆ» ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ թե քանի մարդ է ՄԱՀԱՑԵԼ` կարդացեք ինտերնետում ու ռուսական նույն մամուլում, որ բռնկել է ԽՈԶԻ ԳՐԻՊԻ ՍՈՒՏ ՀԻՍՏԵՐԻԱՆ:

Մինչդեռ ծիծաղելին արդեն իսկ «տարբերակիչ» ախտորոշումը եւ վերը գրածիս ոգով առաջարկվող` «տարբերակված» պրոֆիլակտիկան են, առ այն, թե, օրինակ, ջերմությունը մի դեպքում բնորոշ չէ, մյուս երկու դեպքերում` բնորոշ, ընդ որում, այդ երկուսից մեկի դեպքում` ավելի քան 80 տոկոս հավանականությամբ. բռնում ես ախտանիշակիր մեկին, թե ` եղբայր, դու եթե ջերմում ես, առհասարակ բնորոշ ջերմողներից ես, թե` 80 տոկոսանոց: Կամ փռշտոցը, որ երեք համեմատվող տարբերակից երկուսի դեպքում բնորոշ է, մեկի դեպքում` ոչ: Վերջին տասը տարում մրսել կամ գրիպով հիվանդացել եմ մի 20-30 անգամ: Դրանից մի 15 անգամը ուղեկցվել է չափավոր փռշտոցներով, հիմա ես երեք տարբերակից ո՞րն եմ հիվանդ եղել: Համոզված եմ` ԽՈԶԻ ԳՐԻՊԸ:

Իդեպ ասեմ, որ երեք տարբերակից մեկը սովորական մրսածությունն է, մյուսը «հասարակ» գրիպը, իսկ երրորդը` H1N1 սարսափելի երեւույթը: Բայց թե որ ախտանիշը որին է համապատասխանում` ձեզ չեմ ասի, քանի որ վախենում եմ մասնակից դառնալ սանձազերծվող ԿՈՄԵՐՑԻԱԼ հիստերիային, այլ պարզապես մի երկու համեմատական ախտանիշ էլ կնկարագրեմ:

Եվ այսպես, եթե ախտանիշները զարգանում են մի քանի օրվա ընթացքում, կամ էլ եթե դրանք զարգանում են ՈՉ ԹԵ մի քանի օրվա, ԱՅԼ օրերի ընթացքում եւ արտահայտվում են դեմքի հորդանքներով, ախորժակի կորստով, գլխապտույտով, սրտխառնոցով, երբեմն փորլուծով եւ սովորաբար տեւում են 4-7 օր` օրգանիզմի իմունային համակարգից ելնելով, ԿԱՄ ԷԼ, ԵԹԵ զարգանում են արագ (3-6 ժամվա ընթացքում), արտահայտվում տենդով, ցավերով եւ փորլուծով ու ախտանիշները տեւում են 4-7 օր` կախված օրգանիզմի անհատականությունից, ԱՊԱ ԳՈՒՇԱԿԵՔ, ՍԻՐԵԼԻՆԵՐՍ, թե ո՞ր մեկն եք ԴՈ՛ՒՔ` խոզի վիրուսակիրը գրիպահարույց: Իսկ եթե չկարողացաք, միացեք ինձ, որ նույն այդ վերջին տասը տարվա ընթացքում ԲՈԼՈՐ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐՆ ԷԼ վերապրել է, եւ ՄԵՐԺԵՔ միջազգային մակարդակով տարվող այս ՇԱՆՏԱԺԸ, թե ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՌ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՓՈՂ ԸՆԿԵՔ` մեր պատրաստուկը պատվաստեք` մարդկանց փրկե~ք համաճարակից ու ՄԱՀՎԱՆԻՑ:

Հիշեցնեմ, սիրելիներս, որ նույն «պարզ» մրսածությունից ու «սովորական» գրիպից ամբողջ աշխարհում տարեկան տասնյակ հազարավոր անխնամ մարդ է մահանում: Գիտաբժշկական ու լրատվական տեխնոլոգիաներով մշակվող ու սպրդող «հին» ԹՌՉՆԱԳՐԻՊՆ ու «նոր» ԽՈԶԻ ԳՐԻՊԸ միջազգային դեղագործական բիզնեսի ԳԵՐԱԶԱՆՑ մշակված ու ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ իրականացվող փողահավաք են ու շանտաժ, որի վիճակագրական-տեղեկատու «հենքը» վերը նշածս տասնյակ հազարավոր դեպքից վատ ուսումնասիրված մի քանի տոկոսն են ընդամենը: Գոնե ՆՎԱՍՏԻՍ կարծիքով:

Մ.Մ.

Հ.Գ. Այս տեղեկատվությունը հասանելի դարձրեք ձեր ընկերներին` իրենց առողջության պահպանման համար:

ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

ՄԵՆՔ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՆԵԳՐ ԵՆՔ

Թաղամասի բնակիչները Վալյային եւ իր ողջ ընտանիքին ճանաչում են արդեն մի քանի տարի: Նրանք մայթին մի փոքրիկ շուկա են բացել եւ վաղ առավոտից մինչեւ ուշ գիշեր զբաղված են առեւտրով:

Եվ քանի որ նրանց մոտ վաճառվում է գրեթե ամեն միրգ ու բանջարեղեն` ծառի սնկից մինչեւ չորացրած դեղաբույսեր ու դոշաբ, հարակից փողոցների բնակիչներն այս «փողոցային շուկան» նախընտրում են բավական մոտ գտնվող «իսկական» շուկայից: Գուցե նաեւ այն պատճառով, որ նրանք շատ բարեհամբույր են սպասարկում, հնարավորինս հարմարավետ տաղավար են ձեւավորել, եւ ցուցադրված մթերքն էլ հրապուրիչ տեսք ունի: Չընդհատելով աշխույժ առեւտուրն ու թռուցիկ խոսք ու զրույցը հիմնականում ծանոթ հաճախորդների հետ, ինչպես նաեւ հրահանգներ տալով ամուսնուն ու որդուն` տիկին Վալյան պատմում է իրենց կյանքի եւ ապրուստի մասին:

- Ի՛... մեր կյանքն ո՞ւմ ա հետաքրքիր: Թե սա կյանք ա. շան օր ենք քաշում: Իսկականից` շունն իմ տեղը չէր դիմանա: Առավոտը ժամը 9-ից ըստի կանգնած եմ մինչեւ գիշերվա 10-ը: Ամուսինս ու տղես էլ` հետս: Բա ի՞նչ անենք, ո՞նց ապրենք, էդ ո՞վ տի մեզ հաց տալ: Կիրովականցի ենք, հա: Խոսալուցս էրեւըմ ա՞, բայց որ Կիրովական եմ գընըմ, ընդի էլ ասըմ են` «բիբար ուտողի» լեզվով ես խոսըմ, երեւի, մի քիչ խառնվել ա: Էս 4 տարի ա` տեղափոխվել ենք Երեւան: Ընդի էլ կյանք չկար, հնար չկար ապրելու: Ըրեխանց խաթեր էկանք, համ էլ: Դե, էրկուսն էլ ընդունվեցին ինստիտուտ, բա ի՞նչ տեինք անիլ, Կիրովական որ մնայինք` վարձերը ո՞նց տեինք տալ: Դուս տեին մնալ, էլի: Աշխատանք ունեցել եմ, լավ հիմնարկում եմ աշխատել` է՛, գլխավոր հաշվապահ եմ էղել քարերի ցեխըմը: Ամուսինս էլ ա լավ գործի էղել, բայց քանի տարի անգործ մնացինք, լավ ա` Էրեւան էս տունը ձեռ գցեցինք. ստացվեց, էլի. մեր հեռու բարեկամն էր, վռազ գընըմ էր Ամերիկա, աղջկա մոտ, էժան տվուց մեզ: Չէ, Կիրովական տները ծախել չենք. կարըմ չեմ Վանաձոր ասեմ, հա, բարեկամ-բան ունենք, գնըմ ենք, գալիս: Հարմար ավտո առանք, էս մոդիկ պադվալն էլ վարձով ենք վեր կալել, որ ապրանքն ըրիգունը տեղավորենք: Մի բանից էլ ա խաբար չենք, մենք ենք ու էս առեւտուրը: Որ ասեմ` կարոտ ենք իրար հետ սեղան նստելու, հավատա: Գիշերը ճաշը սարքըմ եմ, որս սոված ա ըլնըմ` գնըմ ենք, «սմենով» ուտըմ, ետ գալի: Հիվանդանալու ժամանակ էլ չունենք: Որ ասեմ` շատ լավ ա մեր գործը` սուտ կըլնի, բայց վատ էլ չի. ապրըմ ենք: Փող մնըմ ա, բայց ահագին էլ տալիս ենք, բա ոնց:

Տիկին Վալյան նայեց շուրջը եւ շարունակեց` դիմելով նախ ինձ, ապա` ամուսնուն:

- Արի, ներս գնանք, մի բաժակ էլ կոֆե կխմենք: Սուրո, դու յոլա տար` մինչեւ գամ: - Հարկայինին ու միլիցուն իրար հետ` ամիսը 200 դոլար,- տիկին Վալյան խոսքը շարունակեց պահեստի տեղ ծառայող սենյակում:- Հենց ապրես` դրանց գլուխը չունեմ, չգան` ասեն` ըստիան կորեք: Երիցյանների գլուխն ինչ բերեցին. հրեն` ասըմ են` իրանց խանութը վարձով են տվել ուրիշի, իրանց երշիկի ցեխն էլ` «Աթենքը», էն ո՞նց են ասըմ, հա` Լֆիկ, այ, նա ա առել: Էլի բաներ ունեին, սաղ ձեռներիցն առել են: Հրեն, մեր կողքի օբյեկտն էլ են փակել, չգիտեմ` կտրո՞ն չեն տվել, թե` ինչ: Էնքան եմ հոգնել, հազար ցավի տեր դառա` ըստի կանգնած: Փոքր տղես ծառայըմ ա, Ղարաբաղ, մյուս տարի նոր ազատվիլ տի, էն ժամանակ երեւի, մի ուրիշ բան կմտածենք, կյանքներս գնաց: Ամառ-ձմեռ ըլնի, թե քամի-կարկուտ, մեզ չի վերաբերըմ, հենց մի օր չկանգնենք, մեկէլ օրը հաճախորդները կպակասեն: Դե, փող հետ գցել ենք, կարող ա` աշխատող բռնենք, մենք մի քիչ հանգիստ ապրենք: Տենանք: Ժամանակ ունե՞նք, որ թերթ կարդանք: Ուշ ժամերի տելեվիզր նայըմ ենք, էդքան էլ անտեղյակ չենք: Հայ-թուրքական արձանագրությունների մասի՞ն. դե, մենք փոքր մարդ ենք, մենք ի՞նչ կարանք անենք, շատ էլ պարզ ա, որ դեմ ենք: Խի Սերժից բացի համաձայն մա՞րդ կա: Չէ, Նալբանդյանը հաշիվ չի, նա հո ինքնագլու՞խ չի: Կարող ա` Սերժն էլ համաձայն չի, վերջը` մարդ ա, չէ՞, բայց երեւի, ճար չունի: Չնայած` էդ սահմանը բացված ա, էլի. թուրքական խնձոր եմ ծախըմ, ուրեմն` բերել են, չէ՞: Լավ, ասենք` էդ իրանց ստիպըմ են, բա որ տվեցին-մարդկանց կոտորեցի՞ն: Հա, ինչ անենք, որ քաղաքականությունից բան չենք հասկանըմ, բայց իրանց արածը քաղաքականություն չի, այլ մարդ սպանել: Ժողովուրդը սոված կոտորվըմ ա, հըլա իրիկունն արի, տես` քանի հոգի ա գալի, փչացած, թափելու սոխ ու կարտոշկա խնդրըմ: Մի պառավ կնիկ կա, կարելի ա ասել` մենք ենք դրան պահըմ, օրական իրա ուտելիքը տալիս եմ, տանից էլ եմ բան-ման բերըմ, մենակ կնիկ ա, մեղքս գալիս ա: Մի օր դրա աղջիկն էկավ, հետս կռվեց-գնաց, ասըմ ա` էդ օգնըմ եք, որ տունը ձեզ տա՞: Մերն ասըմ ա` մեկ-մեկ մարդու հետ գալիս ա, իրան ծեծըմ են, գընըմ: Խի՞ չես հավատըմ, ավելի գեշ բաներ էլ են պատահըմ: Մի ջահել հարսն էլ կա, մարդը Ռուսաստաններըմ ա կորած, էրկու էրեխի ձեռից բռնած գալիս ա, ամեն ինչ էլ տալիս եմ, յանի աշխատըմ ա` հավաքարար ա խանութըմ, ընդիան էլ հաց ու մաց են տալի: Բա ի՞նչ անի, կամ պըտի դես ու դեն ընկնի, փողոցային դառնա, կամ էլ չարչարվի: Հա, հենց ընենց եմ օգնըմ, խի՞ մարդկությունը կորե՞լ ա: Բա վերեւն Աստված կա, հո մենակ օգուտը չի: Մի բուռ ժըղովուրդ ա` կարըմ չեն պըհեն: Էս տղեն, որ նոր խնձոր ու կաշտան առավ, գնաց, գիտե՞ս` որտեղ ա աշխատըմ. Ամերիկյան համալսարանըմ, բայց որ առաջ տենայիր դրա առեւտուրը ու` հիմա, կհասկանայիր, թե էդ ֆինանսական ճգնաժամը ինչ բան ա: Կես կիլո-մի կիլո բան են առնըմ: Մեր վրա էլ ա էրեւըմ, ո՞նց չէ: Որ ճգնաժամը չըլներ` պըտի էս տարի գործը թողնեինք: Բայց ապրել-մեռնելու տարի ա, ի՞նչ անենք: Հո սոված չենք կոտորվի:

Դու մի կարծի, թե մենք մենակ մեր առեւտուրից ենք հասկանըմ, է... Լեւոնի ընտրությունների ժամանակ փոքր տղես, գիտես` ինչեր արավ: Գրքեր էր բերել, դիսկեր: Իրանց սաղ կուրսը լեւոնական էր: Քանի անգամ գնացին Նոյեմբերյան, Վանաձոր` տեսա՞ր, ասեցի` Վանաձոր: Հա, բայց ի՞նչ օգուտ: Բանակ գնալուց ասեցի` տղա ջան, հակա-հակա չխոսաս, վնաս կտան: Ստից ասա` Սերժը լավն ա, ասա` Սերժին ենք ընտրել: Չէ, անձամբ ես Արթուր Բաղդասարյանին եմ ընտրել, ու երեւի էդ իմ ամենամեծ սխալն ա: Երանի հիմա ընտրություն ըլնի` գնամ-դրան ջնջեմ, որովհետեւ մեզ խաբեց, ինքը դառավ եսիմ ինչ: Բա էդ Բիշարյանը. տենաս` գիտի` իրա մասին ժողովուրդն ինչ ա մտածըմ: Իրան կոտորըմ էր, հըմի դառել ա խելոք կնիկ: Բա որ ասըմ են` Ռոբերտը գալիս ա ետ: Մեղա, մեղա, բա դա հնարավո՞ր բան ա: Լավ, բա էս ժողովուրդը ապրելու իրավունք չունի՞, մի կարգին ղեկավարի արժանի չի՞: Բա դրանց կողքին մի խելոք մարդ չկա, ասի` գնացեք, ձեր փողերը կերեք-խմեք: Նախագահ դառնալն էլ բրախեք, կորչի... Ես գնամ, թող Սուրոն մին տուն գնա, սոված կըլի: Ասըմ ես` ո՞նց եք ապրըմ: Շանը կապես ըստի` կփախչի: Խի՞ մենակ իմ մասին. որ մենակ ուտելու, հացի փող են աշխատըմ կամ ըսկի էդ էլ չեն կարըմ, կարո՞ղ ա լավն ըլնի: Մենք մեր երկրի մեջին նեգր ենք:

ԾՈՎԻՆԱՐ ԴԱՎԹՅԱՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՆԵՐՎԵՐՍ ՔԱՅՔԱՅՎՈՒՄ Է ՏԵԼԵՎԻԶՐ ՆԱՅԵԼՈՒՑ»
Ասում է արեւածաղիկ վաճառող տատիկը

ՀԱԹ Ա3 թաղամասում առավոտից մինչեւ մայրամուտ կարելի է հանդիպել 81-ամյա մի տատիկի, որը ծառի տակ արեւածաղիկ է վաճառում: Յուրաքանչյուրին էլ հետաքրքրում է, թե ինչ պայմաններում է ապրում այդ մեծահասակ կինը, որին շփոթելն անհնար է. քանի որ նա ամեն օր հենց նույն տեղում է նստում, նույն զգեստով` լինի ամառ թե ձմեռ, եւ միշտ արցունքոտ աչքերով:

Բոլոր անցորդների մեջ ՀԱԹ բնակիչը իր «անկյունում» նստած տեսնում է այն բարի մարդուն, որը կվճարի 25 դրամ եւ մի բաժակ արեւածաղիկ կգնի, որից էլ կգոյանա նրա այդ օրվա եկամուտը: Երբ փորձեցինք պարզել, թե նա ընտանիք, երեխաներ, խնամող չունի՞, ասաց. «Ո՞նց չունեմ, թոռ էլ ունեմ, տղա էլ ունեմ, աղջիկ էլ, աշխատում եմ, որ մի բանով էլ ես օգնեմ թոռներիս»: Տեղեկացրեց, որ օրվա եկամուտը 300 դրամ է, որը, բնականաբար, չի բավարարում, քանի որ ամեն ինչ շատ թանկ է. «Թոշակ էլ եմ ստանում, բայց շատ քիչ ա, բալես, էդ ի՞նչ ա որ ապրեմ դրանով, մի քիչ բան-ման եմ բերում հետս ուտելու համար, էն էլ շատ քիչ ա, բայց ստիպված պիտի յոլա գնամ: Հլը լավ է, որ ուրիշ տեղերի նման «նալոգ»-բան չեն ուզում»:

Մեր զրուցակիցն ասաց, որ վիրավորվում է այն բանից, երբ իրեն անգրագետ են համարում եւ վերեւից նայում միայն այն բանի համար, որ ինքը արեւածաղիկ վաճառող է. «Ես անգրագետ չեմ, բալես»,- ասաց նա` ավելացնելով, որ թեեւ բոլորին թվում է, թե նա տեղյակ չէ, թե ինչ է կատարվում մեր երկրում, այնուամենայնիվ այդպես չէ: «Ես գիտեմ, որ ուզում են Եռաբլուրն ու Ծիծեռնակաբերդը մոռանան, բայց լրիվ ջահել-ջուհուլները մահացան էդ թուրքերի պատճառով, ո՞նց կարելի ա դա մոռանալ»: Տատիկն ասաց, որ իր բարեկամները, ծանոթները զոհ են դարձել եղեռնի, իսկ արցախյան պատերազմի հետեւանքով էլ թոռներն են անտեր մնացել եւ հենց այդ ժամանակներից էլ սկսվել են իր դժբախտ օրերը:

«Ներվերս քայքայվում ա, երբ տելեվիզր եմ նայում, տեսնում եմ, որ ուզում են ցեղասպանությունը մոռանան, բա էդ, բալես, մոռանալ կլինի՞»,- բարկացած ասաց տատիկը` նշելով, որ որոշել է այլեւս հեռուստացույց չդիտել, քանի որ «միշտ կռիվ ա, իրար են ծեծում, սպանում են, ներվերս քայքայում են, էդ ի՞նչ են ցույց տալիս»: Հավանաբար, նա նկատի ուներ հեռուստասերիալները:

Իսկ մեր երկրում տեղի ունեցող վերջին իրադարձություններից նա տեղեկություններ չուներ, միայն կողքից լսել էր` «որ խոզի գրիպ կա Հայաստանում, էսքանը»:

«Անբախտ եմ շատ, էս քանի տարի ա տառապում եմ, բնակարան չունեինք, շատ հեռու տեղից եմ եկել իմ հայրենի հող, բայց ստեղ էլ շատ դժբախտ եմ»,- դժգոհեց տիկինը` իր դժբախտությունների պատճառը բարդելով իշխանությունների վրա: «Երկիրն է մեղավոր այդ ամենում: Բայց ում գնամ բողոքեմ, ասա, գնամ, աղջիկ ջան, ասա՛»:

Մեր կարճատեւ զրույցը, սակայն, շատ հանկարծակի ընդհատվեց, եւ մենք չկարողացանք պարզել, թե տատիկը որտեղի՞ց է եկել Երեւան: «ՉԻ» զրուցակիցը խնդրեց մոռանալ իրեն եւ հանկարծ որեւէ դեպքում չնկարել. «ես շատ եմ վախենում, աղջիկ ջան, գործ չունեմ»: Իսկ թե ումի՞ց է վախենում, ինչի՞ համար, մեծահասակ կինը չմանրամասնեց: Նշենք, որ այդ ընթացքում, երբ մենք զրուցում էինք տատիկի հետ, մոտ 18-20 տարեկան տղաներ հավաքվել եւ ուշադիր լսում էին արեւածաղիկ վաճառողի պատմածները: Երիտասարդները «խորհուրդ տվեցին» չխոսել. «Քեզ դատի կտան, տատի, գործ չունես»: Մեծահասակ կինն էլ այլեւս չխոսեց ոչ մի բառ ու մեզ հրաժեշտ տվեց: «Վախենում եմ»,- միայն ասաց նա` հույս հայտնելով, որ օրերից մի օր ամեն ինչ լավ կլինի:

Մենք հեռացանք, սակայն տատիկը դեռ մի քանի ժամ ուներ արեւածաղիկ վաճառելու համար:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԵՐԿՆԱԾ ԱՂԱՎՆԻՆ

ԳԱՎԱՌԱՄՏՈՒԹՅԱՆ ՀՈՏ Է ՓՉՈՒՄ ԿԻՆՈՈԼՈՐՏԻՑ

Հայաստանի ազգային կինոկենտրոնը եւ «Երեւան» ստուդիան վերջերս հայ հանրությանը ներկայացրին նոր ֆիլմ` «Սպանված աղավնին»: Երեւույթն ինքնին հաճելի է` Հայաստանում նոր ֆիլմ է նկարահանվել: Բայց մինչեւ ֆիլմի գեղարվեստական արժեքին անդրադառնալը` երեւույթն առաջ է քաշում մի քանի հարցեր.

ա. Ինչո՞ւ է Հայաստանի ազգային կինոկենտրոնը որոշել, որ Հայաստանում կինո նկարելու թանկ հաճույքը պիտի վայելի Հրաչ Քեշիշյանը. այսպես թե այնպես` հայկական շոու-բիզնեսը ողողված է նրա քլիպներով, եւ «աստղերը» հիացած են Հրաչ Քեշիշյանի մտքի թռիչքներով ու թիվ չեն խնայում «թռիչքների» համար: Այս պարագայում արդեն անիմաստ է քննարկել` դո՞ւր է գալիս դա հեռուստադիտողին, թե՞ ոչ, որովհետեւ «աստղերը» վճարում են, իրենք էլ որոշում են: Բայց Հանրայինն էլ ողողված է Հրաչ Քեշիշյանի ֆիլմերով, եւ այստեղ արժե քննարկել ոչ միայն այդ ֆիլմերի լավն ու վատը, այլեւ այն հարցը, թե ինչո՞ւ անպայման Հրաչ Քեշիշյանը պիտի կինո նկարի Հանրայինի, այսինքն` պետական միջոցներով: Եվ վերջապես, նաեւ Մշակույթի նախարարության` Կինոկենտրոնին հատկացրած միջոցներով դարձյալ Հրաչ Քեշիշյանը պիտի կինո նկարեր:

բ. Ինչո՞ւ անպայման Նազենի Հովհաննիսյանը պիտի խաղար գլխավոր դերում: Այսպես թե այնպես աղջիկը, ինչպես եւ տղան` Հրաչ Քեշիշյանը, ամենուր են:

գ. Ինչո՞ւ հատկապես Նար-Դոսի «Սպանված աղավնին»:

Եվ այս հարցերը բոլորովին չեն նշանակում, թե մենք ուրախ չենք երեւույթի` Հայաստանում նոր ֆիլմ նկարելու առիթով, կամ Հրաչ Քեշիշյանի գործերի լավ լինելուց ենք վատ զգում, կամ էլ թե Նազենի Հովհաննիսյանի դերասանական կարիերային ենք նախանձում: Ոչ, երիցս ոչ. որովհետեւ եթե նույն տրամաբանությամբ դատելու լինենք, ապա պիտի մտածենք, թե Նար-Դոսին էլ հետմահու ենք նախանձում:

Խնդիրը ֆիլմի գեղարվեստական արժեքն է, որ տուժել է այս երեք գործոններից: Նախ` Նար-Դոսի «Սպանված աղավնին» ի՞նչ կապ ուներ մեր իրականության խնդիրների հետ, ի՞նչ բարոյա-հոգեբանական խնդիր է լուծում:

Նախքան ֆիլմը ցուցադրելը Հանրայինի եթերում խոսում էին ֆիլմում խաղացած դերասանները, եւ Նելլի Խերանյանը (հերոսուհու խորթ մոր դերակատարը) ինքը առաջադրեց գրական երկի ընտրության հարցն ու փորձեց պատասխանել . «Կարող են հարցնել, թե ինչո՞ւ «Սպանված աղավնին»: Իսկ ես կասեմ` ուղղակի հենց այդ գործը, հենց այնպես, որովհետեւ դա մի գեղեցիկ սիրո հուզիչ պատմություն է»:

Ուրեմն, սիրո պատմությունները մեր գրականության մեջ շատ են, բայց ոչ մի գրող այդքան հիմար հերոսուհի չի կերտել, որ սիրում է, տրվում իր սիրած տղամարդուն, հղիանում, ծննդաբերում, հետո սպանում իր երեխային, այնուհետեւ ամուսնանում իրեն սիրող պարկեշտ տղամարդու հետ եւ ստիպում ամուսնուն սպանել «աղավնուն» սպանող սրիկային: Վերջում հերոսուհին մեռնում է ու բոլորը տառապում են խղճի խայթից: Այս պատմության մեջ ի՞նչն է հուզիչ` անձնազոհություննե՞րը, որ Սառան անում էր սիրած տղամարդու համար. բայց ո՞ր սիրո պատմության մեջ չկա անձնազոհության անհրաժեշտությունը: Իսկ եթե ուզում էին ցույց տալ մի անմեղ աղջկա կյանքի խորտակումը բիրտ բարքերի պատճառով, որ այսօր էլ ու գուցե միշտ արդիական կլինի, դրա համար Գրիգոր Զոհրապի «Փոստալը» լավագույն նովելը կլիներ:

Այստեղ հերոսուհին տանտիրոջ տղայի ու հարուստ ընտանիքի զոհն է. Տիգրանուհին հղիանում է եւ ծննդաբերում երեխային: Ի տարբերություն Սառայի, որ բարեկեցիկ ընտանիքի աղջիկ է եւ կարող է իր երեխային մեծացնել հաջողակ առեւտրական հոր միջոցներով, ապա Տիգրանուհին ընդամենը աղախին է, եւ երեխայի հոր ընտանիքն էլ հրաժարվում է երեխայից: Բայց Տիգրանուհու մտքով անգամ չի անցնում սպանել իր երեխային: Ավելին, երեխայի մահից հետո նա իր ողջ աշխատածը, եթե հիշում եք, ներդնում է փոքրիկի գերեզմանի բարեկարգման համար: Այնպես որ, մեր խորին համոզմամբ, Սառան հայ գրականության ամենաանբարոյական կին կերպարն է:

Ու ֆիլմում որքան էլ հերոսուհին մեռնելուց առաջ հեկեկում էր, թե ինքը չի սպանել իր երեխային, այլ ուղարկել է «հեռու-հեռու մի տեղ», միեւնույն է, անհամոզիչ էին հերուսուհու տառապանքները, որ գուցե պայմանավորված է վատ խաղով: Նազենի Հովհաննիսյանի մոտ ամենալավ ստացվում էր «մուննաթը», որ ավելի ոչ սիրելի, ուղղակի զզվելի է դարձնում Սառայի կերպարը: Չոր, հատու ձայնով դժգոհում է, պահանջում, անհամոզիչ տառապում, սառը սիրում:

Խորեն Լեւոնյանը (Ռուբեն Թուսյանի դերակատարը), որ, ըստ էության, ցինիկի, լրբի ու անփույթ երեխայի իր վարքով պիտի որ չսիրվեր, ավելի ընդունելի է դառնում, քան Սառան իր «դավաճան ժպիտի սառը ստով»` մեղադրանք, որ նա ուղղում է Ռուբեն Թուսյանին:

Ֆիլմից կարելի էր ենթադրել, որ ռեժիսորը խնդիր էր դրել ցույց տալու 19-րդ դարավերջի Թիֆլիսը` իր կենցաղով, նիստուկացով, բարբառով, բայց դարձյալ` անհաջող. կոլորիտը թույլ էր, համուհոտից զուրկ, մանավանդ որ գլխավոր դերասանուհին մոռանում էր, որ ինքը պիտի խոսի թիֆլիսահայերի բարբառով: Թերեւս բացը լրացնում էին Կարեն Ջանիբեկյանը (Սառայի հոր դերակատարը) ու Խորեն Լեւոնյանը` լավ խաղով, նաեւ` բարբառի անթերի արտասանությամբ:

Իսկ Տիգրան Ներսիսյանը (Սառայի ամուսնու` Գարեգինի դերակատարը) իր չափազանցված, պաթետիկ խաղով եւս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը, ավաղ, թույլ դերասան է:

Ստացվում է` հայրենի կինոարտադրության թույլ, անհաջող ֆիլմերի շարքը համալրեց եւս մեկը` «Սպանված աղավնին»: Մինչդեռ կարելի էր, չէ՞, Մշակույթի նախարարության` Ազգային կինոկենտրոնին հատկացրած միջոցներով նկարել ուղղակի լավ ֆիլմ` շնորհալի ռեժիսորի աշխատանք` ուժեղ սցենարով, շնորհքով դերասանների խաղով: Բայց անգամ այս հարցում` կինոարտադրության ոլորտում, գործում է «ֆավորիտներին» ամեն գնով առաջ տալու գավառամտությունը: Մի՞թե դեռ չհասկացաք, չզգացիք` զոռով բան դուրս չի գա, զոռելուց, առաջ բրդելուց տաղանդ, շնորհք չի ծնվում, չի առաջանում, չի գոյանում:


ՄԱՐԻՆԱ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ

ԼՈՒՐԵՐ

ԿՈՄԻՏԱՍԻՆ ՄԵԾԱՐԵՑԻՆ ՆԱԵՎ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Մինչ Հայաստանում մի խումբ դիլետանտներ կասկածի տակ են դրել Կոմիտասի գործն ու հայկական երաժշտությունը, վերջերս Ֆրանսիայում, երեկ էլ Վրաստանում «Կովկասյան տուն» մշակութային կենտրոնում Վրաստանում Հայաստանի դեսպանատան եւ Հայկական եկեղեցու աջակցությամբ տեղի է ունեցել միջոցառում` նվիրված Կոմիտասի 140-րդ տարեդարձին: Միջոցառմանը հնչել է Կոմիտասի երաժշտությունը, ներկայացվել են պատմական տեղեկություններ նրա ապրած ժամանակաշրջանի վերաբերյալ: Երեկոյի ընթացքում ներկայացվել են նաեւ նկարիչ Նինո Պիրխելաիշվիլու աշխատանքները` կատարված Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի մոտիվներով:

RAMMSTEIN-Ն ԱՐԳԵԼՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

Գերմանական իշխանությունները խանութներին արգելել են բոլորին ի տես ցուցադրել նշանավոր Rammstein խմբի նոր ձայնասկավառակը` «Աշխարհում սեր կա բոլորի համար»: Գերմանացիների կարծիքով խմբի սկանդալային ալբոմը քարոզում է պոռնոգրաֆիա, եւ իշխանություններին ամենաշատը վրդովեցրել է «Ես դա ուզում եմ անել քեզ հետ» երգը: Նոր ձայնասկավառակը վաճառվելու է միայն 18 տարեկանը լրացած անձանց: Ի դեպ, ձայնասկավառակը, որ թողարկվել է հոկտեմբերի 10-ին, արդեն իսկ գլխավորում է Գերմանիայի, Չեխիայի, Ֆինլանդիայի, Նիդեռլանդների բոլոր հիթ-շքերթները, իսկ ֆրանսիայում, Շվեդիայում ու Բելգիայում համարվում է ամենավաճառվող ձայնասկավառակներից մեկը:

ՄՐՑԱՇԱՐ

Այս տարի «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունները 3-րդ անգամ են կազմակերպում «Ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» լրատվամիջոցների միջեւ ֆուտզալի մրցաշարը:

Մրցաշարը կմեկնարկի նոյեմբերի 13-ին, իսկ եզրափակիչը կկայանա նոյեմբերի 20-ին: Հանդիպումներն անցնելու են «Միկա» մարզական համալիրում: Մրցաշարը ինչպես եւ նախորդ տարի, անցկացվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո, եւ բոլոր խաղերը կսպասարկեն բարձրակարգ մրցավարներ: Մրցաշարի գլխավոր հովանավորը «Կոկա-կոլա» ՀՔԲ «Արմենիա» ընկերությունն է: Ֆինանսական աջակցություն է տրամադրել Դանիայի միջազգային զարգացման գործակալությունը:

Նախօրեին կայացել է մրցաշարի վիճակահանությունը: Այս տարի մինի ֆուտբոլի մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 9 թիմ` «Մեդիամաքս», «Հանրային հեռուստաընկերություն», «Երկիր Մեդիա», «Տոտալ ֆուտբոլ», «Չորրորդ իշխանություն», «Արեւածաղիկ», «Թերթ.am», «Արմենպրես» թիմերը: Մրցաշարին հատուկ հրավիրված է եւ առաջին անգամ կմասնակցի «Շախմատ» թիմը, որի կազմում ընդգրկված են Օլիմպիական չեմպիոններ Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը, ինչպես նաեւ այլ ուժեղագույն գրոսմայստերներ:

Վիճակահանությամբ թիմերը բաժանվել են երկու ենթախմբի: Ա խմբում կխաղան «Շախմատ», «Մեդիամաքս», «Հ1» եւ «Երկիր Մեդիա» թիմերը, Բ խմբում է ընդգրկվել Tert.am-ը, «Արեւածաղիկը», «Արմենպրեսը», «Չորրորդ իշխանությունը» եւ «Տոտալ Ֆուտբոլը»: Մրցաշարի բացման արարողությունը կկայանա նոյեմբերի 13-ին, որից հետո առաջին հանդիպումը կլինի «Չորրորդ իշխանություն» եւ «Արեւածաղիկ» թիմերի միջեւ:

«ՉԻ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ՏՊԱԳԻՐ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած աշխարհաքաղաքական մարտահրավերները եւ դրա հետ կապված` տեղեկատվական ներքին անվտանգության հիմնախնդիրների կարգավորման հրամայականը, ինչպես նաեւ մեծապես կարեւորելով լրատվամիջոցների դեմ ՀՀ իշխանությունների անձնուրաց պայքարի արդյունավետության բարձրացումը, առաջարկում ենք անհապաղ օրենք ընդունել տպագիր լրատվամիջոցների արգելման մասին: Սույն օրենքի ընդունումը ոչ միայն պատշաճ իրավական դաշտ կապահովի գործընթացն օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու ազգանվեր առաքելության համար, այլեւ հերթական անշրջելի քայլը կլինի Հայաստանում խոսքի ազատության կայացման ճանապարհին: Եվ այսպես.

Օրենք տպագիր լրատվամիջոցների արգելման մասին
(նախագիծ)


Հոդվ. 1. ՀՀ տարածքում տպագիր լրատվամիջոցների (այսուհետ` թերթեր) արգելումն արգելվում է` բացառությամբ այն դեպքերի, երբ արգելումը բխում է պետության եւ (կամ) պետական պաշտոնյաների ու նրանց հետ փոխկապակցված անձանց շահերից:

Հոդվ. 2. Թերթերի արգելման գործառույթն իրականացվում է հետեւյալ ընթացակարգով.

ա. ՀՀ տարածքում գործող մասնավոր կամ իրավաբանական անձի կողմից սեփական ցուցամատի հոտոտում եւ դրա հիման վրա` հայցադիմումի կազմում,

բ. Դատավորների կողմից` վարույթի ընդունում, ցուցամատի հոտոտում եւ թերթի տպագրության արգելման վերաբերյալ որոշման ընդունում,

գ. Դատական ակտերի հարկադիր կատարման (այսուհետ` ԴԱՀԿ) ծառայության աշխատակիցների կողմից թերթի տպագրության արգելմանն ուղղված օպերատիվ-հետախուզական գործողությունների իրականացում:

Հոդվ. 3. ԴԱՀԿ աշխատակիցները պարտավոր են.

ա. Օրենքով սահմանված կարգով հսկողություն սահմանել ՀՀ տարածքում գործող բոլոր տպարանների, ավտոտեխսպասարկման կետերի, վարսավիրանոցների եւ տնտեսական գործունեություն ծավալող այլ սուբյեկտների նկատմամբ,

բ. Պատշաճ կերպով գրավոր ծանուցագրեր ներկայացնել 7 (յոթ) տարին լրացած ՀՀ բոլոր քաղաքացիներին եւ տեղեկացնել, որ արգելված թերթի ընթերցումն ապօրինի է եւ ենթակա է վարչական պատասխանատվության,

գ. Առնվազն տասնհինգ րոպեն մեկ ծառայության ղեկավարին զեկուցել գործընթացի արդյունքների մասին:

Հոդվ. 4. Թերթի արգելումն ապահովող աշխատակիցները գործընթացի ողջ ժամանակահատվածում օգտվում են բացառապես «Քեթրին» տաքսի-ծառայությունից:

Հոդվ. 5. Թերթի արգելման գործառույթի հաջողության դեպքում բանանի ներկրման մաքսատուրքերը նվազում են 20 (քսան) տոկոսի չափով:

Հոդվ. 6. Թերթի արգելման որոշում կայացրած դատավորի` երկու հաջորդ գործերի ընթացքում ձեռք բերված դրամական միջոցները եւ այլ նյութական արժեքներն ազատվում են հետագա մասհանումներից եւ ավելացված արժեքի հարկից:

Հոդվ. 7. Թերթի արգելման միջնորդություն ներկայացրած անձը պարգեւատրվում է «Առաջին աստիճանի մարտական վարունգ» շքանշանով:

Արգելված թերթի` այլ անվանումով լույս տեսնելու դեպքում հայցվորը վարունգն օգտագործում է այլ նպատակներով:

Հոդվ. 8. Նույն անձը չի կարող միաժամանակ երկու եւ ավելի թերթերի արգելման հայցով դիմել դատարան եւ համապատասխանաբար երկու եւ ավելի շքանշան ակնկալել` տեխնիկական պատճառներով:

Հոդվ. 9. Թերթերի արգելման գործընթացի բոլոր ծախսերն իրականացվում են պետպատվերի շրջանակներում:

Գործընթացի ձախողման դեպքում պետությունը որեւէ նյութական պատասխանատվություն չի կրում հայցվոր կողմի եւ դատաիրավական համակարգի ներկայացուցիչների հետցնցումային դեպրեսիայի հաղթահարման համար:

Հոդվ. 10. Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Օրենքի հրապարակումն արգելվում է օրենքով:

Հուսով ենք` խորհրդարանն այնքան ողջախոհություն կունենա, որ օրենքը կընդունի առանց հրապարակային քննարկումների:

ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ

 


. CHorrord Ishchanutyun, 2009