No 76 (իրավիճակ), Նոյեմբերի 12 2009 թ., հինգշաբթի
ԵՐԿՆԱԾ ԱՂԱՎՆԻՆ
ԳԱՎԱՌԱՄՏՈՒԹՅԱՆ ՀՈՏ Է ՓՉՈՒՄ ԿԻՆՈՈԼՈՐՏԻՑ
Հայաստանի ազգային կինոկենտրոնը եւ «Երեւան» ստուդիան վերջերս հայ
հանրությանը ներկայացրին նոր ֆիլմ` «Սպանված աղավնին»: Երեւույթն ինքնին հաճելի
է` Հայաստանում նոր ֆիլմ է նկարահանվել: Բայց մինչեւ ֆիլմի գեղարվեստական արժեքին
անդրադառնալը` երեւույթն առաջ է քաշում մի քանի հարցեր.
ա. Ինչո՞ւ է Հայաստանի ազգային կինոկենտրոնը որոշել, որ Հայաստանում կինո նկարելու
թանկ հաճույքը պիտի վայելի Հրաչ Քեշիշյանը. այսպես թե այնպես` հայկական շոու-բիզնեսը
ողողված է նրա քլիպներով, եւ «աստղերը» հիացած են Հրաչ Քեշիշյանի մտքի թռիչքներով
ու թիվ չեն խնայում «թռիչքների» համար: Այս պարագայում արդեն անիմաստ է քննարկել`
դո՞ւր է գալիս դա հեռուստադիտողին, թե՞ ոչ, որովհետեւ «աստղերը» վճարում են, իրենք
էլ որոշում են: Բայց Հանրայինն էլ ողողված է Հրաչ Քեշիշյանի ֆիլմերով, եւ այստեղ
արժե քննարկել ոչ միայն այդ ֆիլմերի լավն ու վատը, այլեւ այն հարցը, թե ինչո՞ւ
անպայման Հրաչ Քեշիշյանը պիտի կինո նկարի Հանրայինի, այսինքն` պետական միջոցներով:
Եվ վերջապես, նաեւ Մշակույթի նախարարության` Կինոկենտրոնին հատկացրած միջոցներով
դարձյալ Հրաչ Քեշիշյանը պիտի կինո նկարեր:
բ. Ինչո՞ւ անպայման Նազենի Հովհաննիսյանը պիտի խաղար գլխավոր դերում: Այսպես թե
այնպես աղջիկը, ինչպես եւ տղան` Հրաչ Քեշիշյանը, ամենուր են:
գ. Ինչո՞ւ հատկապես Նար-Դոսի «Սպանված աղավնին»:
Եվ այս հարցերը բոլորովին չեն նշանակում, թե մենք ուրախ չենք երեւույթի` Հայաստանում
նոր ֆիլմ նկարելու առիթով, կամ Հրաչ Քեշիշյանի գործերի լավ լինելուց ենք վատ զգում,
կամ էլ թե Նազենի Հովհաննիսյանի դերասանական կարիերային ենք նախանձում: Ոչ, երիցս
ոչ. որովհետեւ եթե նույն տրամաբանությամբ դատելու լինենք, ապա պիտի մտածենք, թե
Նար-Դոսին էլ հետմահու ենք նախանձում:
Խնդիրը ֆիլմի գեղարվեստական արժեքն է, որ տուժել է այս երեք գործոններից: Նախ`
Նար-Դոսի «Սպանված աղավնին» ի՞նչ կապ ուներ մեր իրականության խնդիրների հետ, ի՞նչ
բարոյա-հոգեբանական խնդիր է լուծում:
Նախքան ֆիլմը ցուցադրելը Հանրայինի եթերում խոսում էին ֆիլմում խաղացած դերասանները,
եւ Նելլի Խերանյանը (հերոսուհու խորթ մոր դերակատարը) ինքը առաջադրեց գրական երկի
ընտրության հարցն ու փորձեց պատասխանել . «Կարող են հարցնել, թե ինչո՞ւ «Սպանված
աղավնին»: Իսկ ես կասեմ` ուղղակի հենց այդ գործը, հենց այնպես, որովհետեւ դա մի
գեղեցիկ սիրո հուզիչ պատմություն է»:
Ուրեմն, սիրո պատմությունները մեր գրականության մեջ շատ են, բայց ոչ մի գրող այդքան
հիմար հերոսուհի չի կերտել, որ սիրում է, տրվում իր սիրած տղամարդուն, հղիանում,
ծննդաբերում, հետո սպանում իր երեխային, այնուհետեւ ամուսնանում իրեն սիրող պարկեշտ
տղամարդու հետ եւ ստիպում ամուսնուն սպանել «աղավնուն» սպանող սրիկային: Վերջում
հերոսուհին մեռնում է ու բոլորը տառապում են խղճի խայթից: Այս պատմության մեջ ի՞նչն
է հուզիչ` անձնազոհություննե՞րը, որ Սառան անում էր սիրած տղամարդու համար. բայց
ո՞ր սիրո պատմության մեջ չկա անձնազոհության անհրաժեշտությունը: Իսկ եթե ուզում
էին ցույց տալ մի անմեղ աղջկա կյանքի խորտակումը բիրտ բարքերի պատճառով, որ այսօր
էլ ու գուցե միշտ արդիական կլինի, դրա համար Գրիգոր Զոհրապի «Փոստալը» լավագույն
նովելը կլիներ:
Այստեղ հերոսուհին տանտիրոջ տղայի ու հարուստ ընտանիքի զոհն է. Տիգրանուհին հղիանում
է եւ ծննդաբերում երեխային: Ի տարբերություն Սառայի, որ բարեկեցիկ ընտանիքի աղջիկ
է եւ կարող է իր երեխային մեծացնել հաջողակ առեւտրական հոր միջոցներով, ապա Տիգրանուհին
ընդամենը աղախին է, եւ երեխայի հոր ընտանիքն էլ հրաժարվում է երեխայից: Բայց Տիգրանուհու
մտքով անգամ չի անցնում սպանել իր երեխային: Ավելին, երեխայի մահից հետո նա իր
ողջ աշխատածը, եթե հիշում եք, ներդնում է փոքրիկի գերեզմանի բարեկարգման համար:
Այնպես որ, մեր խորին համոզմամբ, Սառան հայ գրականության ամենաանբարոյական կին
կերպարն է:
Ու ֆիլմում որքան էլ հերոսուհին մեռնելուց առաջ հեկեկում էր, թե ինքը չի սպանել
իր երեխային, այլ ուղարկել է «հեռու-հեռու մի տեղ», միեւնույն է, անհամոզիչ էին
հերուսուհու տառապանքները, որ գուցե պայմանավորված է վատ խաղով: Նազենի Հովհաննիսյանի
մոտ ամենալավ ստացվում էր «մուննաթը», որ ավելի ոչ սիրելի, ուղղակի զզվելի է դարձնում
Սառայի կերպարը: Չոր, հատու ձայնով դժգոհում է, պահանջում, անհամոզիչ տառապում,
սառը սիրում:
Խորեն Լեւոնյանը (Ռուբեն Թուսյանի դերակատարը), որ, ըստ էության, ցինիկի, լրբի
ու անփույթ երեխայի իր վարքով պիտի որ չսիրվեր, ավելի ընդունելի է դառնում, քան
Սառան իր «դավաճան ժպիտի սառը ստով»` մեղադրանք, որ նա ուղղում է Ռուբեն Թուսյանին:
Ֆիլմից կարելի էր ենթադրել, որ ռեժիսորը խնդիր էր դրել ցույց տալու 19-րդ դարավերջի
Թիֆլիսը` իր կենցաղով, նիստուկացով, բարբառով, բայց դարձյալ` անհաջող. կոլորիտը
թույլ էր, համուհոտից զուրկ, մանավանդ որ գլխավոր դերասանուհին մոռանում էր, որ
ինքը պիտի խոսի թիֆլիսահայերի բարբառով: Թերեւս բացը լրացնում էին Կարեն Ջանիբեկյանը
(Սառայի հոր դերակատարը) ու Խորեն Լեւոնյանը` լավ խաղով, նաեւ` բարբառի անթերի
արտասանությամբ:
Իսկ Տիգրան Ներսիսյանը (Սառայի ամուսնու` Գարեգինի դերակատարը) իր չափազանցված,
պաթետիկ խաղով եւս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը, ավաղ, թույլ դերասան է:
Ստացվում է` հայրենի կինոարտադրության թույլ, անհաջող ֆիլմերի շարքը համալրեց եւս
մեկը` «Սպանված աղավնին»: Մինչդեռ կարելի էր, չէ՞, Մշակույթի նախարարության` Ազգային
կինոկենտրոնին հատկացրած միջոցներով նկարել ուղղակի լավ ֆիլմ` շնորհալի ռեժիսորի
աշխատանք` ուժեղ սցենարով, շնորհքով դերասանների խաղով: Բայց անգամ այս հարցում`
կինոարտադրության ոլորտում, գործում է «ֆավորիտներին» ամեն գնով առաջ տալու գավառամտությունը:
Մի՞թե դեռ չհասկացաք, չզգացիք` զոռով բան դուրս չի գա, զոռելուց, առաջ բրդելուց
տաղանդ, շնորհք չի ծնվում, չի առաջանում, չի գոյանում:
No 76 (իրավիճակ), Նոյեմբերի 12 2009 թ., հինգշաբթի