No 76 (իրավիճակ), Նոյեմբերի 12 2009 թ., հինգշաբթի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՆԵՐՎԵՐՍ ՔԱՅՔԱՅՎՈՒՄ Է ՏԵԼԵՎԻԶՐ ՆԱՅԵԼՈՒՑ»
Ասում է արեւածաղիկ վաճառող տատիկը
ՀԱԹ Ա3 թաղամասում առավոտից մինչեւ մայրամուտ կարելի է հանդիպել
81-ամյա մի տատիկի, որը ծառի տակ արեւածաղիկ է վաճառում: Յուրաքանչյուրին էլ հետաքրքրում
է, թե ինչ պայմաններում է ապրում այդ մեծահասակ կինը, որին շփոթելն անհնար է. քանի
որ նա ամեն օր հենց նույն տեղում է նստում, նույն զգեստով` լինի ամառ թե ձմեռ,
եւ միշտ արցունքոտ աչքերով:
Բոլոր անցորդների մեջ ՀԱԹ բնակիչը իր «անկյունում» նստած տեսնում է այն բարի մարդուն,
որը կվճարի 25 դրամ եւ մի բաժակ արեւածաղիկ կգնի, որից էլ կգոյանա նրա այդ օրվա
եկամուտը: Երբ փորձեցինք պարզել, թե նա ընտանիք, երեխաներ, խնամող չունի՞, ասաց.
«Ո՞նց չունեմ, թոռ էլ ունեմ, տղա էլ ունեմ, աղջիկ էլ, աշխատում եմ, որ մի բանով
էլ ես օգնեմ թոռներիս»: Տեղեկացրեց, որ օրվա եկամուտը 300 դրամ է, որը, բնականաբար,
չի բավարարում, քանի որ ամեն ինչ շատ թանկ է. «Թոշակ էլ եմ ստանում, բայց շատ քիչ
ա, բալես, էդ ի՞նչ ա որ ապրեմ դրանով, մի քիչ բան-ման եմ բերում հետս ուտելու համար,
էն էլ շատ քիչ ա, բայց ստիպված պիտի յոլա գնամ: Հլը լավ է, որ ուրիշ տեղերի նման
«նալոգ»-բան չեն ուզում»:
Մեր զրուցակիցն ասաց, որ վիրավորվում է այն բանից, երբ իրեն անգրագետ են համարում
եւ վերեւից նայում միայն այն բանի համար, որ ինքը արեւածաղիկ վաճառող է. «Ես անգրագետ
չեմ, բալես»,- ասաց նա` ավելացնելով, որ թեեւ բոլորին թվում է, թե նա տեղյակ չէ,
թե ինչ է կատարվում մեր երկրում, այնուամենայնիվ այդպես չէ: «Ես գիտեմ, որ ուզում
են Եռաբլուրն ու Ծիծեռնակաբերդը մոռանան, բայց լրիվ ջահել-ջուհուլները մահացան
էդ թուրքերի պատճառով, ո՞նց կարելի ա դա մոռանալ»: Տատիկն ասաց, որ իր բարեկամները,
ծանոթները զոհ են դարձել եղեռնի, իսկ արցախյան պատերազմի հետեւանքով էլ թոռներն
են անտեր մնացել եւ հենց այդ ժամանակներից էլ սկսվել են իր դժբախտ օրերը:
«Ներվերս քայքայվում ա, երբ տելեվիզր եմ նայում, տեսնում եմ, որ ուզում են ցեղասպանությունը
մոռանան, բա էդ, բալես, մոռանալ կլինի՞»,- բարկացած ասաց տատիկը` նշելով, որ որոշել
է այլեւս հեռուստացույց չդիտել, քանի որ «միշտ կռիվ ա, իրար են ծեծում, սպանում
են, ներվերս քայքայում են, էդ ի՞նչ են ցույց տալիս»: Հավանաբար, նա նկատի ուներ
հեռուստասերիալները:
Իսկ մեր երկրում տեղի ունեցող վերջին իրադարձություններից նա տեղեկություններ չուներ,
միայն կողքից լսել էր` «որ խոզի գրիպ կա Հայաստանում, էսքանը»:
«Անբախտ եմ շատ, էս քանի տարի ա տառապում եմ, բնակարան չունեինք, շատ հեռու տեղից
եմ եկել իմ հայրենի հող, բայց ստեղ էլ շատ դժբախտ եմ»,- դժգոհեց տիկինը` իր դժբախտությունների
պատճառը բարդելով իշխանությունների վրա: «Երկիրն է մեղավոր այդ ամենում: Բայց ում
գնամ բողոքեմ, ասա, գնամ, աղջիկ ջան, ասա՛»:
Մեր կարճատեւ զրույցը, սակայն, շատ հանկարծակի ընդհատվեց, եւ մենք չկարողացանք
պարզել, թե տատիկը որտեղի՞ց է եկել Երեւան: «ՉԻ» զրուցակիցը խնդրեց մոռանալ իրեն
եւ հանկարծ որեւէ դեպքում չնկարել. «ես շատ եմ վախենում, աղջիկ ջան, գործ չունեմ»:
Իսկ թե ումի՞ց է վախենում, ինչի՞ համար, մեծահասակ կինը չմանրամասնեց: Նշենք, որ
այդ ընթացքում, երբ մենք զրուցում էինք տատիկի հետ, մոտ 18-20 տարեկան տղաներ հավաքվել
եւ ուշադիր լսում էին արեւածաղիկ վաճառողի պատմածները: Երիտասարդները «խորհուրդ
տվեցին» չխոսել. «Քեզ դատի կտան, տատի, գործ չունես»: Մեծահասակ կինն էլ այլեւս
չխոսեց ոչ մի բառ ու մեզ հրաժեշտ տվեց: «Վախենում եմ»,- միայն ասաց նա` հույս հայտնելով,
որ օրերից մի օր ամեն ինչ լավ կլինի:
Մենք հեռացանք, սակայն տատիկը դեռ մի քանի ժամ ուներ արեւածաղիկ վաճառելու համար:
No 76 (իրավիճակ), Նոյեմբերի 12 2009 թ., հինգշաբթի