No 76 (իրավիճակ), Նոյեմբերի 12 2009 թ., հինգշաբթի
ԿԼԱՆԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՆԳԱՄ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԿԼԱՆԸ
ԼՈՒՐՋ ՉԻ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ
Վարչապետի մասին շատերը խոսում են միայն ժպիտով
Թեեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօրվա իշխանական կլանի համար
ինչ-որ առումներով խորթ է, այնուամենայնիվ նա եւս ընդհանուր առմամբ կլանի յուրայինի
համարում ունի, քանի որ Սարգսյանի գործած հանցանքներն էլ քիչ չեն: Հայտնի է, որ
այսօրվա իշխանության ներսում միմյանց կապող միակ եւ ամուր օղակը համատեղ գործած
հանցանքներն են` լինեն դրանք տնտեսական թե քաղաքական:
Իշխանական աղբյուրներից ստացած մեր տեղեկությունների համաձայն, ՀՀ այս վարչապետը`
ի տարբերություն նախորդների, ընտրովի օլիգարխների հետ է ընկերություն անում` մյուսներին
չթողնելով անգամ մոտենալ իրեն ու տարաբնույթ հարցեր լուծել, ինչպես եղել է նախկինում:
Վարչապետի օլիգարխներն առանձին են բարգավաճում, իսկ նրա կողմից մերժվածներն իրենց
հարցերը կարգավորում են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի միջոցով: Հենց գործադիր ոլորտ
մտնելու «խասյաթի» համար էլ երբեմն-երբեմն Տիգրան Սարգսյանի հետ Հովիկ Աբրահամյանը
խնդիրներ է ունենում:
Հայտնի է, որ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առաջին օրերին Տիգրան Սարգսյանին
սվիններով դիմավորեցին նույն իշխանական դաշտում, բայց այսօր արդեն կարծես բոլորն
էլ սկսել են կամաց-կամաց հարմարվել իրավիճակի հետ: Նրան ուղղակի շրջանցում են:
Օրինակ, շատ խոշոր գործարարներ վարչապետի մասին այսպես են արտահայտվում. «Նա ի՞նչ
ա հասկանում տնտեսությունից, բիզնեսից: Նրան մենակ բանկերն են հետաքրքրում: Ամեն
ինչ անում ա բանկերի աշխատանքը լավացնելու համար, իսկ տեղական արտադրությունը,
արդյունաբերությունը օր օրի կործանվում են»: Գործարարներից մեկն էլ նշեց, որ «վարչապետն
իր վարած քաղաքականությամբ մոտ ժամանակներս այնպիսի իրավիճակ է ստեղծելու, որ ոչ
մի գործարար չմնա Հայաստանում ու բիզնես չանի»: «Էդ վարչապետն ո՞վ է, աթոռին նստած,
բայց ոչ մի լծակ չունեցող մարդ է: Կհավատա՞ք, կյանքումս իրա մոտ մտած չկամ, որովհետեւ
նա ոչ մի հարց չի լուծում: Մենակ դասախոսություն ա կարդում գլխներիս: Տենց երկիր
չես պահի»,- ասաց գործարարներից մյուսը: «Ոչ մի մարդ, տնտեսագետ նրա մասին լուրջ
կարծիք չունի, անգամ նրա տնտեսագիտության պրոֆեսիոնալիզմի միֆը վաղուց ցնդել է,
որովհետեւ նա պրակտիկ տնտեսությանը չի տիրապետում»,- վարչապետին քննադատեց մասնագիտությամբ
տնտեսագետ գործարարներից մեկը: Նշենք, որ այս խոսքերն ասում են այնպիսի գործարարներ,
որոնք Սերժ Սարգսյանին նախագահ դարձնելու համար «կոկորդ էին պատռում»: Հիմա նրանք
Տիգրան Սարգսյանին որեւէ կերպ Սերժ Սարգսյանի վստահելի մարդ չեն համարում: Նրանք
վարչապետի մասին խոսելիս միայն ժպտում են:
Իսկ ինչ վերաբերում է կառավարության անդամներին, ապա ՀՀԿ-ական պատգամավորներից
մեկը այսպիսի որակում տվեց` «դա լակոտների կառավարություն է»: Նա նշեց, որ ինքն
ամաչում է ԱԺ պատգամավորների հետ կառավարության հարց ու պատասխանի ժամանակ հարց
տալ նախարարներից որեւէ մեկին: «Ժողովրդի հոգսերով զբաղվող բոլոր նախարարությունները
տվել են լակոտների ձեռքը: Նրանք էլ բան չեն հասկանում ոչ գյուղացուց, ոչ մարդկությունից»,-
դժգոհեց հիասթափված պատգամավորներից մեկը:
Մի խոսքով, իշխանության մի մեծ հատված կտրված է այսօրվա կառավարությունից: Ճիշտ
է, Տիգրան եւ Սերժ Սարգսյանները աշխատանքի բերումով հանդիպում եւ զրուցում են իրար
հետ, այնուամենայնիվ Տիգրան Սարգսյանը անճար պաշտոնյայի համարում ունի: Բայց չնայած
սրան, նա պաշտոնավարման ընթացքում չի մոռանում կրկնապատկել իր հարստությունը, որը
առանձին հրապարակման նյութ է:
Իշխանական մեր աղբյուրներից էլ տեղեկացանք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հատկապես
մտերիմ հարաբերություններ է հաստատել փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի` հայտնի Արմենչիկի
հետ: Նրանք հաճախ են առանձնանում ու թաքուն զրուցում: Նույնիսկ Սյունիքի մարզում
գումարված կառավարության արտագնա նիստից հետո կազմակերպված ճաշկերույթի ժամանակ
Տիգրան Սարգսյանը ձեռքը գցել է Արմեն Գեւորգյանի ուսին եւ խմել նրա կենացը` որպես
ամենալավ փոխվարչապետի:
Իսկ թե ինչ է մտածում այս կառավարության եւ նրա ղեկավարի մասին հասարակությունը,
կարծում ենք, որեւէ մեկի համար գաղտնիք չէ:
No 76 (իրավիճակ), Նոյեմբերի 12 2009 թ., հինգշաբթի