No 76 (իրավիճակ), Նոյեմբերի 12 2009 թ., հինգշաբթի
ԻՆՔՆԻՇԽԱՆ
ԳՆԱՑԵՔ ԳՈՒՄԱՐՈՒՄ- ՀԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵՔ
«Օգոստոս» գործակալությունը պատրաստվում է
հանդես գալ հակընդդեմ հայցով
Երեկ
Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց
եւ ավարտվեց «Գինդ» տպարանի հայցի լսումը ընդդեմ «Չորրորդ իշխանություն» օրաթերթի:
Դատական նիստը անակնկալ ավարտ ունեցավ «Գինդի» ներկայացուցիչների համար, քանի որ
«Օգոստոս» եւ «Կողմնակի անձանց Մ» ՍՊ ընկերության փաստաբան Հովիկ Արսենյանը հայտարարեց,
որ հենց «Գինդի» ներկայացրած ապացույցներով` 131 հաշիվ-ապրանքագրերով, ակնհայտ
է դառնում, որ ոչ թե թերթն է տպարանին պարտք, այլ դեռ մի բան էլ «Գինդն» է պարտք
«Օգոստոս» գործակալությանը: «Ձեր մտքով չի՞ անցել, չե՞ք մտածել ու չե՞ք ֆայմել
հասարակ գումարում-հանում անել եւ պարզել իրականությունը. իրավաբանները պարտավոր
էին «Գինդի» հաշվապահի ներկայացրած թվերը գումարել, կամ էլ հրավիրել երկու կողմերի
հաշվապահներին ու ասել` այ ընկերներ, հլը մի հատ եկեք նստենք-հաշվենք` մենք իրար
նկատմամբ պարտք ու պահանջ ունենք, թե՞ չէ», դատարանում հայտարարեց Հովիկ Արսենյանը:
Բանն այն է, որ «Օգոստոս» գործակալությունը թերթի տպագրության ընթացքում ավել փոխանցումներ
է արել, ըստ այդմ էլ` այդ ավելցուկների գումարը կազմել է 2 միլիոն դրամ: Ընդգծենք,
որ այս փաստը ապացուցվում է ոչ թե «Օգոստոսի» ներկայացրած ապացույցներով (ավելի
ճիշտ է ասել, որ ընկերությունը ոչ մի ապացույց էլ չի ներկայացրել), այլ հենց «Գինդի»`
դատարանին ներկայացրած ապացույցներով:
«Օգոստոս» գործակալության ներկայացուցիչ Էդգար Հովհաննիսյանն էլ իր հերթին ընդգծեց.
«Թերթը մատուցված ընդհանուր ծառայությունների համար 30 մլն դրամի փոխարեն տպարանին
վճարել է 32 մլն 200 հազար դրամ, այսինքն` 2 մլն դրամով ավելի, եւ դա ապացուցում
են թվով 131 հաշիվ-ապրանքագրերը, որոնք դուք որպես ապացույց ներկայացրել եք դատարանին»:
Ինչպես հետո լրագրողների հետ զրույցում նշեց թերթի խմբագիր Շողեր Մաթեւոսյանը`
իր տնօրենի անփորձությունն է եղել պատճառը, որ այդ հաշիվ-ապրանքագրերն իրենք եւս
չեն հաշվել եւ հիմք են ընդունել միայն տպարանի ներկայացրած թվերը, մինչդեռ փաստաբանները
ուսումնասիրել են ապացույցները եւ բացահայտել այդ փաստը: Ըստ այդմ` չի բացառվում,
որ «Չորրորդ իշխանությունը» հանդես գա հակընդդեմ հայցով, քանի որ երկկողմ պայմանագրով
նախատեսված վճարման բոլոր պարտավորությունները իրենք կատարել են, մինչդեռ «Գինդը»
փորձում է խարդախության ճանապարհով հավելյալ գումարներ կորզել:
Երեկ դատական նիստի ժամանակ «Գինդի» ներկայացուցիչները պնդեցին, թե «Օգոստոսը»
պարտավոր էր մեկ ամիս առաջ տպարանին տեղեկացնել, որ այլեւս դադարեցնում է իր համագործակցությունը
իրենց հետ: Շուտով սույն պարոնները իրենց իսկ ներկայացրած փաստաթղթերում գտան «Օգոստոս»
գործակալության տնօրինության գրությունը, որով «Օգոստոսը» 30 օր առաջ տեղյակ է
պահել, որ ինքը դադարեցնում է համագործակցությունը տպարանի հետ: «Գինդի» ներկայացուցիչների`
«Բայց փոխադարձ ակտ չի կնքվել» անհեթեթ խոսակցությունը երկար կշարունակվեր, եթե
Արսենյանը չհիշեցներ, որ հայցը փողային պահանջի մասին է, այլ ոչ թե փոխադարձ ակտ
կնքել-չկնքելու: Եվ այնուամենայնիվ, ընդգծենք, որ «Չորրորդ իշխանություն» թերթը
«Գինդ» տպարանում սկսեց չտպագրվել այն ժամանակ, երբ մի գեղեցիկ օր «Գինդից» չգիտեմ
ով զանգահարեց խմբագրություն, եւ մեր թերթի տեխնիկական աշխատակիցներից մեկի միջոցով
հիստերիկ տոնայնությամբ փոխանցեց. «Եթե դուք ձեր պարտքը չվճարեք, մենք թերթ չենք
տպի»: Մինչ այդ «Գինդը» իր հարաբերությունները «ՉԻ»-ի հետ ճշգրտում էր պատշաճ մակարդակով`
ըստ հարցի կարեւորության նամակ ուղարկելով թերթի տնօրենին, խմբագրին կամ հաշվապահին:
«Գինդի» լկտի պահվածքը եւ շանտաժի լեզուն անակնկալ եղան, ուստի փորձեցինք թերթի
տնօրենից պարզել, թե ինչ պարտքերի մասին է վայնասուն բարձրացրել տպարանը: Շուտով
բացահայտվեց, որ ապրիլին տպարանը միակողմանի բարձրացրել է իր տպագրական վճարները
եւ խորամանկորեն դրա մասին տեղյակ չի պահել «Օգոստոս» ընկերությանը, հետո էլ որոշել
է «թերթը չենք տպի» սպառնալիքի տակ փորձել շանտաժի տարբերակը: «Օգոստոսին» մնում
էր հաջորդ օրն իսկ երկկողմ պայմանագրի կասեցման մասին համապատասխան գրություն ուղարկել:
Բացի այս, «Օգոստոս» գործակալության եւ «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ
Արսենյանը երեկ հանդես եկավ միջնորդությամբ` համաձայն որի, պահանջեց վերացնել թերթի
տպագրումն արգելող հայցի ապահովումը, քանի որ ըստ պայմանագրի` հրատարակիչ «Կողմնակի
անձանց Մ» ՍՊԸ-ն որեւէ պարտավորություն չունի «Գինդի» նկատմամբ, ուստի թերթի տպագրումն
արգելելը օրինական պահանջ չէ: Դատավոր Խանդանյանը, սակայն, բոլորին հայտնի պատճառներով,
որոշեց Արսենյանի միջնորդությանն անդրադառնալ դատական ակտ կայացնելիս (քաղաքական
համապատասխան հրահանգը ստանալ-ճշգրտելուց հետո միայն):
Վճիռը կհրապարակվի նոյեմբերի 16-ին, ժամը 14:50-ին: Իսկ մինչ այդ` մենք վերստին
ընդգծում ենք, որ խնդիրը ոչ թե «Չորրորդ իշխանություն» թերթի նկատմամբ ֆինանսական
տույժի կիրառումն է, այլ թերթի հրատարակումը արգելելը, բնականաբար` քաղաքական պատվերի
շրջանակներում հայտնի ուժերի դիրիժորությամբ: Եվ ուրեմն` անկախ որեւէ պատվերից
մենք շարունակելու ենք հրատարակվել ու աշխատել` ի շահ հասարակության եւ ի հեճուկս
բոլոր մանր-մունր խուլիգանների եւ նրանց պատվիրատուների:
No 76 (իրավիճակ), Նոյեմբերի 12 2009 թ., հինգշաբթի