No 76 (իրավիճակ), Նոյեմբերի 12 2009 թ., հինգշաբթի
ՏԱՔՍՈՒ ՋԵԲԿԻՐՆԵՐԸ
ՀԱՆՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ԲԻԶՆԵՍԻ
Երբ որեւէ երկրի սոցիալ- տնտեսական վիճակը կտրուկ վատանում է, կառավարությունը,
բնականաբար, կրճատում է բյուջետային ծախսերը: Բայց սրանով «հակաճգնաժամային միջոցառումները»,
հասկանալի է, չեն ավարտվում. կառավարությունը պարտավոր է ոչ միայն պետական միջոցները
խնայել, այլեւ ամեն ինչ անել, որ ժողովուրդը նույնպես միջոցներ խնայելու հնարավորություն
ունենա եւ ավելորդ ծախսեր չանի:
Արդյո՞ք Հայաստանի կառավարությունն այդպես է վարվում: Ճիշտ հակառակը` իշխանություններն
ամեն ինչ անում են, որպեսզի մարդիկ ստիպված լինեն ծախսել իրենց վերջին կոպեկները:
Տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը երեկ «աչքալուսանք տվեց» ժողովրդին:
Բանից պարզվում է` հունվարի 1-ից կտրականապես արգելվելու է 10 տարվանից ավելի հին
ավտոմեքենաները շահագործել որպես տաքսիներ: Տեղեկացնենք, որ ամենահամեստ հաշվարկներով,
նման ավտոմեքենաների թիվը հասնում է 2.5 հազարի: Ընդ որում, խնդիրն այն չէ` ընդհանուր
առմամբ ճի՞շտ է այս որոշումը, թե ոչ: «Թարմ» ավտոմեքենաներով երթեւեկելն, իհարկե,
ե՛ւ ավելի հաճելի է, ե՛ւ ավելի անվտանգ: Խնդիրն այն է, թե ինչո՞ւ է կառավարությունը
որոշել այդ (ի դեպ` ավելի վաղ ընդունված) կարգը կիրառել հենց հիմա` երբ տնտեսական
անկման ցուցանիշներով Հայաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում, եւ ի՞նչ սոցիալ-տնտեսական
հետեւանքներ կունենա դա:
Սկսենք նրանից, որ եթե կառավարությունն իսկապես մտահոգված լիներ ուղեւորների անվտանգությամբ,
ոչ թե հին մեքենաների շահագործումը կարգելեր, այլ, օրինակ, կխստացներ վարորդական
իրավունքի տրամադրման կարգը, եւ 25 տարեկանը չլրացած վարորդներին էլ կարգելեր տաքսի
քշել: Իսկ հիմա ստացվում է, որ 2500 ընտանիք հունվարի 1-ից կարող է բառիս բուն
իմաստով սոված մնալ: Հասկանալի է, որ կառավարության անդամներին դա բացարձակապես
չի հուզում, բայց ամեն դեպքում` ո՞րն է նրանց նյութական շահը: Առանձնացնենք երեք
պատճառ:
1. Գործազրկության շեմին հայտնված 2500 վարորդների մեծ մասն ուզած-չուզած պիտի
նոր ավտոմեքենա ձեռք բերի: Ընդ որում, հասկանալի է, որ նրանք 10 տարվա մեքենան
չեն վաճառի եւ, ասենք, 7 տարվա մեքենա գնեն: Նրանք անպայման կփորձեն ձեռք բերել
լրիվ նոր ավտոմեքենաներ, իսկ այդ ավտոմեքենաների բիզնեսը գրեթե հարյուր տոկոսով
բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց մերձավորների ձեռքին է: Այսինքն, կառավարությունն
ընդունում է մի որոշում, որը նպաստելու է իշխանությունների բիզնեսի զարգացմանը:
2. Հայաստանում տաքսու վարորդները, որպես կանոն, հազիվ օրվա հաց են վաստակում,
եւ բնականաբար, նոր ավտոմեքենա կարող են ձեռք բերել միայն վարկով: Իսկ բանկերն,
ինչպես հայտնի է, նույնպես իշխանական համակարգի մաս են կազմում (այդ ոլորտում պատահական
մարդիկ չկան), եւ «ավտովարկերն» էլ տրամադրում են ֆանտաստիկ բարձր տոկոսներով:
Այսինքն, այս որոշմամբ նաեւ բանկերի համար են բարձր եկամուտներ ապահովվում:
3. Այդ 2500 վարորդների զգալի մասը, բնականաբար, չի կարող նոր ավտոմեքենա ձեռք
բերել նույնիսկ վարկով, եւ դուրս կմղվի դաշտից: Դրանից կշահեն առաջին հերթին խոշոր
տաքսի-սերվիսները, որոնց մեծ մասի սեփականատերերը նույն իշխանությունների ներկայացուցիչներն
ու նրանց հովանավորյալներն են: Այսինքն, այս որոշմամբ կառավարությունն ընդամենը
«քաղաքակիրթ սպասարկման ապահովման» անվան տակ կանգնում է խոշոր բիզնեսի կողքին`
ընդդեմ մի կերպ գոյատեւող խեղճուկրակ «տնտեսվարողների»:
Թե ինչի կհանգեցնի կառավարության այս որոշումը` հասկանալի է: Բանկերի ու ավտոմեքենա
ներկրող մի քանի խոշոր ընկերությունների շահույթները կավելանան, իսկ մի քանի հազար
ընտանիքներ կամ կհամալրեն ծայրահեղ աղքատների շարքերը, կամ կհեռանան Հայաստանից:
Եվ դա` ընդամենը այն պատճառով, որ կառավարությունը չի ցանկանում գոնե ճգնաժամի
պայմաններում փոքր-ինչ մեղմել սեփական ախորժակը: Նույնիսկ արդարացում են գտել.
իբր` վարորդները բավականաչափ ժամանակ ունեին իրենց ավտոմեքենաները փոխելու համար:
Ժամանակ, իհարկե, ունեին, իսկ հնարավորությո՞ւն: Նույնիսկ պաշտոնական տվյալներով,
այդ ժամանակահատվածում Հայաստանի տնտեսությունը 18.5 տոկոսանոց անկում է արձանագրել:
Մի՞թե հասկանալի չէ, որ դա հսկայական ազդեցություն է ունեցել հատկապես տաքսիստների
«բիզնեսի» վրա: Թե՞ կառավարությունը գերադասում է ջայլամի նման գլուխը խոթել ավազի
մեջ, մարմնի մեկ այլ մաս դուրս ցցել ու ձեւացնել, թե այս ամենն անում է «հանուն
անվտանգ եւ հարմարավետ երթեւեկության»: Դա բացարձակապես անիմաստ է, որովհետեւ ջայլամի
այդօրինակ «մարտավարությունը» միայն այլ ջայլամների կարող է խաբել, իսկ հասարակությունը
վաղուց սովորել է իշխանությունների այդ պարզունակ հնարքներին եւ շատ լավ հասկանում
է, թե կառավարության որոշումներից որը ում բիզնեսի «խաթեր» է արվում:
No 76 (իրավիճակ), Նոյեմբերի 12 2009 թ., հինգշաբթի