No 76 (իրավիճակ), Նոյեմբերի 12 2009 թ., հինգշաբթի
«ՉԻ» ՌԻԹՄՈՎ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Նիկոլ Փաշինյանին տված ոստիկանության հայտնի տեղեկանքը այն մասին, որ նա փետրվարի
26-ից հետախուզման մեջ է եղել եւ Հայաստանում չի բնակվել, տարակուսանք է առաջացրել
նաեւ իշխանական դաշտում: Նրանք եւս քննադատում են Ալիկ Սարգսյանի ղեկավարած գերատեսչության
ցուցաբերած անգրագիտությունը, որը պաշտոնապես ամրագրված է հենց տեղեկանքում: Երեկ
մեր թղթակիցը զրուցել է ՀՀ գլխավոր դատախազության, Ազգային անվտանգության մի քանի
աշխատակիցների հետ, որոնք գրեթե նույն կարծիքն են ունեցել ոստիկանության տրամադրած
տեղեկանքի վերաբերյալ: Նրանք ասել են, որ ոստիկանությունն այդ տեղեկանքով առնվազն
երկու պետական կառույցի անհարմար դրության մեջ է գցել: «Եթե ասում են, որ Նիկոլը
Հայաստանում չի եղել, նշանակում է, որ ԱԱԾ-ն այնքան թույլ է եղել, որ չի կարողացել
հայտնաբերել նրան, իսկ մաքսային ծառայությունն էլ թերացել է, որի արդյունքում նա
հանգիստ կարողացել է մտնել ու դուրս գալ երկրից»,- ասել է ԱԱԾ աշխատակիցը: Իսկ
դատախազության աշխատակիցն էլ նշել է, որ կարելի էր պարզապես այդ տեղեկանքում գրել,
որ ոստիկանությունը չի իմացել Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը, դրա համար էլ չի
կարող նրան բնակության վայրի մասին տեղեկանք տալ: Եթե այդպես գրեր, ծիծաղելի իրավիճակում
չէր հայտնվի:
Հիշեցնենք, որ իշխանություններն արգելեցին Նիկոլ Փաշինյանի առաջադրումը թիվ 10
ընտրատարածքում, քանի որ վաղուց ծրագրել էին այդ ընտրատարածքից պատգամավոր օծել
Հմայակ Հովհաննիսյանին: Իսկ իշխանական պատգամավորների շրջանում էլ բավականին լուրջ
դժգոհություններ կային դեռեւս ամիսներ առաջ, երբ արդեն պարզ էր, որ Հմայակ Հովհաննիսյանին
մանդատ տալու մասին Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել: Մականունավոր պատգամավորները
զայրացած ասում էին, թե «ո՞վ է Հմայակը, որ պիտի նորից պատգամավոր դառնա»: Բայց
նրանք, հավանաբար, չգիտեն, թե «ինչ բուրմունք ունի Հմայակը»: Իսկ ինչ վերաբերում
է մյուս թեկնածուին` Վովա Կոստանյանին, ապա նրան ի վերուստ իշխանությունները տվել
են «կապիկի ֆունկցիա», որը դերասանը կկատարի իր մասնագիտական ողջ կարողություններով:
ԳՐԱՎՅԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՐՁՎԵՆ
Երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե ԼՂ հիմնախնդրի կարգավորման
գործընթացում Հայաստանը քննարկման առարկա է դարձրել մի շարք հարցեր, որոնք Ադրբեջանը
համարում էր լուծված: «Նման իրավիճակում դժվար է առաջընթաց արձանագրել: Մենք պատրաստ
ենք առաջընթացի, սակայն չգիտենք, թե որքանով է դրան պատրաստ Հայաստանը», ադրբեջանական
«APA» գործակալությանը հայտնել է Մամեդյարովը: Նա վստահեցրել է, թե ԼՂ հիմնախնդրի
կարգավորման գործընթացում նոր առաջարկներ չեն քննարկվում եւ վերջին հինգ տարիների
ընթացքում բանակցություններն ընթանում են հիմնարար սկզբունքների շուրջ: Մամեդյարովն
ընդգծել է` Ադրբեջանը կողմնակից է խնդրի փուլային կարգավորմանը. «Հայաստանն առաջին
հերթին պետք է դուրս բերի իր զորքերը գրավյալ տարածքներից, որից հետո պետք է վերականգնվեն
կոմունիկացիաները, բռնի տեղահանվածները պետք է վերադառնան, պետք է գերակայի կայունությունն
ու խաղաղությունը եւ միայն դրանից հետո կորոշվի ԼՂ-ի կարգավիճակի հարցը:
Ադրբեջանը միշտ էլ հայտարարել է, որ պատրաստ է ԼՂ-ին տալ բարձր կարգավիճակ: Այդ
կարգավիճակը կորոշի Ադրբեջանի եւ ԼՂ-ի հայկական համայնքը համատեղ: Այդ կարգավիճակը,
բոլոր դեպքերում, լուծվելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,
ընդգծել է նա:
Մամեդյարովի կարծիքով` հայկական կողմը խնդիրը փորձում է կարգավորել` վերադառնալով
խնդրի վերջից` ԼՂ-ի կարգավիճակից. «Չեմ կարծում, որ մենք միանգամից պետք է անցնենք
խնդրի լուծման վերջնական էտապին»:
ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ` ՎԱՏ Է
Երեկ լրագրողների ներկայությամբ բանավեճի դուրս եկած պատգամավորն ու «Հետք» թերթի
խմբագիր Էդիկ Բաղդասարյանը խոսել են նաեւ «ԶԼՄ-ների մասին» եւ «Տեղեկատվության
մասին» օրենքների մասին: Մասնավորապես ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության
եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն այդ օրենքներին
«բավական հաջող» որակում է տվել, իսկ բանավեճի մյուս մասնակից, «Հետք» թերթի խմբագիր
Էդիկ Բաղդասարյանը տարակուսանք է հայտնել, որ օրինակ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը
նոր օրենք է հեղինակել: «Օրենքների հետ խնդիրներ չկան: Բայց, չգիտես ինչու, պարոն
Դալլաքյանը որոշել է, որ պետք է մամուլի մասին օրենք ընդունել»:
Հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանը Վիկտոր Դալլաքյանին
խորհուրդ է տվել երաշխիք լինել արդեն գործող օրենքներին հետեւելու համար: Որպես
օրինակ` «Հետքի» խմբագիրը նշել է, որ ԱԺ պատգամավորներն իրավունք չունեն բիզնեսով
զբաղվել, մինչդեռ պատգամավորների մեծ մասը հենց դրանով էլ զբաղվում է: Սա իհարկե,
Արտակ Դավթյանի համար անցանկալի թեմա էր, եւ նա չցանկացավ մեկնաբանել: Միայն ասաց,
որ Դալլաքյանը բավական հետաքրքիր նորարարություններ է առաջարկել «ԶԼՄ-ների մասին»
օրենքում: Իսկ Էդիկ Բաղդասարյանն էլ կանխատեսել է, որ «փոփոխությունները լինելու
են ի վնաս լրագրողների»:
No 76 (իրավիճակ), Նոյեմբերի 12 2009 թ., հինգշաբթի