No 76 (իրավիճակ), Նոյեմբերի 12 2009 թ., հինգշաբթի

 

ԱՅՍ ԿԱԶՄՈՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԻՄԱՍՏ ԵՆ

Խուսափել չհաջողվեց: Մոտ ապագայում Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ հերթական հանդիպումն այնուամենայնիվ տեղի կունենա: Չի բացառվում նույնիսկ, որ մեկ-երկու էջանոց ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, թեեւ դրա հավանականությունն այնքան էլ մեծ չէ: Ադրբեջանցիները սկսել են դժգոհել, որ հայկական կողմը բանակցությունների սեղանի շուրջ անընդհատ վերադառնում է այն հարցերին, որոնք, իրենց կարծիքով, վաղուց համաձայնեցված էին:

Հետաքրքիր է` ինչի՞ մասին է խոսքը: Այս հարցի պատասխանը գտնելու համար պետք է փորձել հասկանալ, թե կողմերից որն ինչպես է պատկերացնում ղարաբաղյան կարգավորման «փոխզիջումային տարբերակը»: Սա, ի դեպ, ամենահեշտն է, որովհետեւ կողմերն ամենաշատը հենց այդ մասին են սիրում խոսել: Եվ այսպես, ադրբեջանցիների համար «փոխզիջումային տարբերակը» հետեւյալն է. հայկական զորքերը դուրս են բերվում առնվազն հինգ «գրավյալ» շրջաններից, ճանապարհները բացվում են, փախստականները վերադառնում են եւ այլն, ու ինչ-որ անորոշ ժամանակ անց (ասենք` տասը տարի հետո) ինչ-որ ձեւով որոշվում է Ղարաբաղի կարգավիճակը, բայց` անպայման Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Իրատեսակա՞ն է արդյոք այս տարբերակը: Բնականաբար` ոչ: Այսինքն` բացառվում է, որ հայկական կողմը համաձայնվի սրան: Ինչո՞ւ պիտի համաձայնվի, եթե արդյունքում ունենալու է ե՛ւ ավելի փոքր տարածք, ե՛ւ ավելի ցածր կարգավիճակ, քան հիմա:

Իսկ ո՞րն է հայկական կողմի համար ընդունելի տարբերակը: Որքան հասկանում ենք, հետեւյալն է. սկզբում պայմանավորվում ենք, որ ենթադրենք` մի հինգ տարի հետո Ղարաբաղում հանրաքվե է անցկացվելու, եւ Ադրբեջանը պարտավորվելու է անվերապահորեն ընդունել այդ հանրաքվեի արդյունքները, եւ միայն դա ֆիքսելուց հետո հայկական զորքերը դուրս են բերվում (բնականաբար` ոչ միանգամից) վեց շրջաններից, Լաչինն էլ ստանում է այնպիսի կարգավիճակ, որը բացառի ադրբեջանական վերահսկողության տակ անցնելը: Զուտ պրագմատիկ քաղաքականության տեսանկյունից սա, իհարկե, շատ ավելի իրատեսական է, որովհետեւ հակամարտության բոլոր կողմերն էլ ինչ-որ բան ստանում են: Ադրբեջանը ետ է ստանում վեց շրջան, Ղարաբաղը` միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ: Ընդ որում, խոսքն այն մասին չէ` լա՞վն է այս տարբերակը, թե ոչ: Խոսքն այն մասին է, որ այս պահին Հայաստանի իշխանությունները սրան են ձգտում, եւ սա ավելի «խելքին մոտ» է, քան Ադրբեջանի ուզածը:

Բայց սա` միայն տեսականորեն: Գործնականում այս տարբերակը նույնպես բացառված է: Ղարաբաղի իշխանությունները պաշտոնապես հայտարարում են, որ նախ` ազատագրված տարածքներ այլեւս գոյություն չունեն, դրանք Ղարաբաղի անբաժանելի մասն են եւ ենթակա չեն սակարկությունների, եւ երկրորդ` Ղարաբաղը կայացած անկախ պետություն է եւ չի պատրաստվում կասկածի տակ դնել այդ կարգավիճակը: Մենք, բնականաբար, պարտավոր ենք ամենայն լրջությամբ վերաբերվել այս հայտարարություններին եւ համարել, որ դրանք ոչ թե քարոզչության նպատակներով են արվում, այլ արտացոլում են ԼՂՀ իշխանությունների եւ ժողովրդի իրական (եւ անբեկանելի) դիրքորոշումը: Բայց այդ դեպքում ստացվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իզուր են շարունակում բանակցությունները: Ի՞նչ իմաստ ունեն դրանք, եթե երկու կողմերի «իդեալական տարբերակներն» էլ անընդունելի են Ղարաբաղի համար: Ավելին, ստացվում է, որ Ղարաբաղի եւ Ադրբեջանի ուղիղ բանակցություններն էլ են անիմաստ: Ինչի՞ շուրջ պիտի բանակցեն, եթե Ադրբեջանն ուզում է ամեն ինչ, իսկ Ղարաբաղը չի պատրաստվում զիջել ոչինչ: Հո չե՞ն կարող կողմերը բանակցել այն հարցի շուրջ, թե շաբաթվա որ օրը Ադրբեջանը պիտի ճանաչի ԼՂՀ անկախությունը, կամ ինչ գույնի գրիչով պիտի ստորագրվի համաձայնագիրը:

Այս փաստերի համադրումը միայն մի եզրակացության է հանգեցնում. այս «սկզբունքների» հիման վրա բանակցությունները բացարձակապես անիմաստ են, եւ խնդիրն ի վերջո լուծվելու է ուժային մեթոդներով: Կամ Սերժ Սարգսյանին ուժով կստիպեն ստորագրել դեմ տրված փաստաթուղթը, որից հետո նա իր հերթին կփորձի դա պարտադրել ԼՂՀ իշխանություններին (ինչը կարող է ներքաղաքական բախումների հանգեցնել), կամ այս իրավիճակը կձգձգվի այնքան, մինչեւ Ադրբեջանն ինքն իրեն պատրաստ համարի վերսկսել պատերազմը: Ընդ որում, առաջին տարբերակը մեզ համար շատ ավելի վտանգավոր է, որովհետեւ մի դեպքում ունենում ենք պատերազմ արտաքին թշնամու դեմ, մյուս դեպքում` քաղաքացիական պատերազմ (որն այսպես թե այնպես կհանգեցնի արտաքին ագրեսիայի):

Մեծ հաշվով, այս ամենից խուսափելու միայն մի ձեւ կա. Ղարաբաղը պիտի վերադառնա բանակցությունների սեղանի մոտ ու դառնա լիարժեք կողմ: Բայց սա, հասկանալի պատճառներով, այս իշխանությունների օրոք հնարավոր չէ: Եզրակացությունը միակն է, Հայաստանին իշխանափոխություն է պետք, եւ այդ հարցում ամենաշահագրգռվածը ԼՂՀ իշխանությունները պիտի լինեն:

ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

առաջին էջ...»»

No 76 (իրավիճակ), Նոյեմբերի 12 2009 թ., հինգշաբթի