13.10.2017 09:21
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» խմբակցություն

Օրենք ընտանեկան բռնությունների մասին

Օրենք ընտանեկան բռնությունների մասին

Հաշվի առնելով ընտանեկան բռնությունների կանխարգելման բացառիկ անհրաժեշտությունը,

Մեծապես կարեւորելով ազգային ընտանեկան ավանդույթներն անաղարտ պահելու հարաճուն հրամայականը,

Ինչպես նաեւ առաջնորդվելով մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների անբեկանելի ապահովման վսեմ գիտակցմամբ,

Առաջարկում ենք անհապաղ ընդունել օրենք ընտանեկան բռնությունների մասին։

 Սույն օրենքի ընդունումը ոչ միայն կնպաստի ավանդական հայ ընտանիքների հետագա ամրապնդմանը, այլեւ հերթական անշրջելի քայլը կլինի եվրաինտեգրման տատասկոտ ճանապարհին։ Եվ այսպես.

Օրենք ընտանեկան բռնությունների մասին
ախագիծ)

  Հոդվ. 1. Ընտանիքը հասարակության հիմքն է, կարեւորագույն բջիջն ու ազգի հարատեւման առհավատչյան։

 Հոդվ. 2. Ընտանիքի բոլոր անդամներն օրենքի առջեւ հավասար են` անկախ տարիքից, ազգային պատկանելությունից, մաշկի գույնից, բնավորության մունդռիկության աստիճանից, ֆիզիկական զարգացման աստիճանից եւ այլն։

Հոդվ. 3. Ընտանիքի ներսում միմյանց նկատմամբ բռնությունները կարող են տեղի ունենալ բացառապես փոխադարձ համաձայնությամբ։

Հոդվ. 4. Ընտանեկան բռնություն են համարվում.

ա. Չափալախը, թաթալոշը, մուշտին, ականջ(ներ)ի առանձին- առանձին կամ միաժամանակյա ձգումը, վզակոթին հասցնելը եւ ֆիզիկական ներգործության այլ մեթոդների կիրառումը,

բ. Դաստիարակչական նպատակներով միմյանց հասցեին հնչեցված մեղադրանքները, որոնք ուղեկցվում են անձի արժանապատվությունը ոտնահարող եւ (կամ) մտավոր կարողությունները կասկածի տակ դնող բնորոշումներով,

գ. Ընտանիքի անդամի կողմից մեկ այլ անդամին որոշակի ծառայություններ մատուցելու պարտադրանքը` առանց փոխադարձ գրավոր համաձայնության (նոտարական վավերացմամբ)։

Հոդվ. 5. Ընտանեկան խոշտանգում է համարվում.

ա. Ընտանիքի հոր կողմից ՀՀ-ում սահմանված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից պակաս աշխատավարձի ստացումը,

բ. Ընտանիքի մոր կողմից աղի, կծու, թթու եւ (կամ) անհամ ուտեստների պատրաստումն ու դրանք ուտման ենթարկելու պարտադրանքը,

գ. Ընտանիքի անչափահաս անդամներին խանութ ուղարկելը, դաս սովորելու հարկադրանքը եւ վերջիններիս ազատությունը սահմանափակող այլ պահանջները,

դ. Ընտանիքի անդամներից մեկի կողմից հեռուստաալիքի կամայական փոխումը`առանց լայն կոնսենսուսի։

Հոդվ. 6. Ընտրակաշառքը բաժանվում է ընտանիքի բոլոր չափահաս անդամներին` հավասար չափով։ Ընտանիքի իշխող անդամը չի կարող մյուս անդամներին պարտադրել քվեարկել հակառակ իր համոզմունքների եւ (կամ) ընտրակաշառք տված անձի հանձնարարականների։

Հոդվ. 7. Ընտանեկան բռնությունների եւ (կամ) խոշտանգումների ենթարկված անձինք պարտավոր են դիմել իրավապահ մարմիններին։ Սույն պահանջի չկատարման դեպքում իրավապահների կողմից նրանց նկատմամբ կիրառվող բռնություններն իրավաչափ են եւ որեւէ պատասխանատվություն չեն առաջացնում։

Հուսով ենք` խորհրդարանը սույն օրինագիծը կընդունի առանց էական փոփոխությունների եւ դրանով իսկ կկանխի հնարավոր բռնությունները ՀՀԿ համերաշխ ընտանիքում։   

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31