01.06.2018 01:38 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լրահոս

Նույն ձեռագիրը

Երեկ ձերբակալվել են Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը։ Դրանից առաջ կալանավորվել էին Երեւանի քաղաքապետարանի եւ Ավանի թաղապետարանի երկու աշխատակից։ Նրանք թավշյա հեղաշրջման օրերին Էրեբունիում եւ Ավանում դիմակավորված ծեծել են ցուցարարների, մահակներով մեքենաներ ջարդել։ Համացանցում նրանց գործողությունների տեսանյութերը լիքն են։

Ցավոք, 2008 թվականի մարտին սոցցանցերը դեռ գոյություն չունեին, ինտերնետը ոչ բոլորին էր հասանելի, մարդկանց հեռախոսները դեռ լուսանկարելու եւ տեսագրելու հնարավորություն չունեին։ Հակառակ դեպքում, մեր ձեռքի տակ կլինեին հստակ ապացույցներ, թե ինչպես էին իշխանությունների ստեղծած բանդաները մարտի 1-ին անկարգություններ իրականացնում Երեւանի կենտրոնում, մեքենաներ ջարդում ու այրում, սուպերմարկետներ թալանում։ Ձեռագիրը բացարձակապես նույնն է։ Նույնիսկ հրապարակումներ եղան, թե այդ բանդաներից որը ում է ենթարկվում։

Եվ այն ժամանակ, եւ վերջին շարժման դեպքում նման բանդաների եւ նրանց գործողությունների հիմնական նպատակը մեկն էր` բախումներ հրահրել, անկարգություններ, ծեծ ու ջարդ իրականացնել, որպեսզի իշխանություններն այդ պատրվակով դիմեն ուժային մեթոդների՝ սկսած մարդկանց վրա կրակելուց մինչեւ քաղաք զորք մտցնելը։

2008-ին այդ սցենարը աշխատեց, որի արդյունքը 10 զոհն էր։ Այս անգամ իշխանությունները չգնացին այդ քայլին։ Մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու եւ համատարած ձերբակալությունների «զագատովկան» էր գնում։ Ավանում եւ Էրեբունիում այդ խմբերը մի կենտրոնից էին ղեկավարվում։ Նույնիսկ չենք զարմանա, որ մահակներն ու դիմակները նույն խանութից կամ պահեստից բաժանած լինեին։

Այն բանից հետո, երբ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը չթաքցրեց դժգոհությունը ՀՀ գլխավոր դատախազից, որ Հերացու փողոցում Մասիսի փոխքաղաքապետի եւ նրա ընկերների կողմից ցուցարարներին ծեծելու գործը կարճվել էր, նոր միայն դրանից հետո քննչական մարմինները սկսեցին Հերացու, Էրեբունու, Ավանի դեպքերին ընթացք տալ։ Ենթադրում ենք, որ առաջիկա օրերին նոր անձինք պատասխանատվության կենթարկվեն` հիմնականում քաղաքապետարանի եւ Երեւանի թաղապետարանի աշխատակիցներ։

Եվ եթե հնարավոր եղավ, որ այս դեպքում սայլը տեղից շարժվի, ապա մեծ հաշվով՝ 2008 թվականի մարտի դեպքերը նույնպես կարող են իրավապահ մարմինների կողմից նոր ուսումնասիրության առարկա դառնալ։ Սպանդի եւ դրան հետեւած տեռորի կազմակերպիչների անունները հայտնի են, բազմաթիվ տեսանյութեր, ականատեսների վկայություններ կան, Մարտի 1-ի գործով հանձնաժողովի իրականացրած բավական լուրջ գործունեության հաշվետվությունները կան։

ՔԱՆԻ ԴԵՌ ՈՒՇ ՉԷ

 Հիմա հետին թվով կարելի է ասել. եթե այդ բանդաների անդամները իմանային, որ շարժումը հաղթելու եւ Սերժ Սարգսյանը հեռանալու է, հաստատ նման քայլերի չէին գնա։ Բացառված չէ, քննության ընթացքում նրանցից շատերը ցուցմունք տան, թե ում հրահանգով են Ավանում ու Էրեբունիում ջարդեր իրականացրել։ Լավ կլիներ, որ այդ բանդաների կազմակերպիչները չսպասեին այս գործերով հետաքննության զարգացումներին եւ իրենք ներկայանան մեղայականով, իսկ նրանք, ովքեր մինչեւ հիմա գործող պաշտոնյաներ են՝ հրաժարական տան։ Գոնե ինչ-որ չափով կմեղմեին թե՛ հանցանքի ծանրությունը, թե հասարակական վերաբերմունքը։

 ԿԱՐԵՎՈՐ ԱԶԴԱՆՇԱՆ

Ի դեպ, Սարդարապատում Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված շքերթից հետո հիմնականում քննարկվում էր ռուսական, խորհրդային երգերի թեման, ինչպես նաեւ՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին առանձին հրավեր չուղարկելը։ Այս հարցերով իշխանություններն արդեն պարզաբանումներ տվել են, բայց մեզ համար ավելի էական էր այն փաստը, որ շքերթի հյուրերի թվում հրավիրել էին նաեւ մարտի 1-ի զոհերի հարազատներին։ Սա շատ կարեւոր «մեսիջ» էր, որ նախ՝ մարտի 1-ը չի մոռացվել, երկրորդ՝ այդ տասը հոգին անիմաստ չեն զոհվել, այլ իրենց կյանքը տվել են հանուն ավելի լավ հայրենիքի, հանուն արժանապատիվ պետության։ Եվ այժմ պետությունը համապատասխան վերաբերմունք է ցուցաբերում նրանց հանդեպ, եւ դա ողջունելի է։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31