01.06.2018 01:24 Միհրդատ Եվպատոր
Տարածել հոդվածը. facebook twitter

Ասելիքս

Միհր-դատական իշխանություն. Գլխավոր դատախազը պիտի գնա՞

Միհր-դատական իշխանություն

Հեղափոխությունն ընթացքի մեջ է, ընթացիկ է եւ ամենօրյա. Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականի պահանջով ԴԱՐՁՅԱԼ բողոքի ակցիա էին իրականացրել նրա աշխատավայրի առջեւ։

Դատախազության մասին օրենքի համաձայն, Արթուր Դավթյանի լիազորությունները կարող են դադարեցվել, եթե նա դատապարտվի հանցագործության համար կամ կատարի օրենքի կամ դատախազի վարքագծի այնպիսի խախտում, որը վարկաբեկի դատախազության հեղինակությունը։ Այդ պարագայում ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ, ձայների առնվազն երեք հինգերորդի, այսինքն՝ 65 պատգամավորի կողմ ձայներով, կարող է ընտրել նոր գլխավոր դատախազ։

Ըստ Սահմանադրության՝ դատախազությունն ինքնավար մարմին է, եւ անկախ հանգամանքից, որ իշխանությունը փոխվել է, Դավթյանը կարող է պաշտոնավարել մինչեւ 2022 թվականը. Արթուր Դավթյանը գլխավոր դատախազ էր ընտրվել 2 տարի առաջ, ՀՀ ԱԺ պատգամավորների փակ գաղտնի քվեարկության արդյունքում։ Դավթյանն օրեր առաջ հայտարարել էր, թե չի պատրաստվում հրաժարական տալ։

Ակներեւ է, որ Դավթյանի վարքը, այսպես ասեմ, համաչափ չէ։ Նա ակներեւաբար ոչ ադեկվատ է արձագանքում նոր քաղաքական իրողություններին; Վարդգես Գասպարին՝ քաղաքացիական ակտիվիստը, այս առիթով ասել էր, թե քաղբանտարկյալների առկայությունը հերքող այս պաշտոնյան օր առաջ պետք է հեռանա իրավապահ համակարգից, ու հիշեցրել դատախազ Արթուր Դավթյանի՝ շաբաթներ առաջ խորհրդարանում արած հայտարարությունը, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Պարոն Գասպարին նաեւ պնդում է, որ դատախազի ապօրինի գործողությունների արդյունքում բազմաթիվ անմեղ մարդիկ շարունակում են մնալ անազատության մեջ։

Հրաշալի հասկանալով եւ ըստ էության՝ համաձայնելով Գասպարիի այս պնդմանը, ես, հանուն պետականության եւ կայունության, իրենից էլ, Փոստանջյանից էլ պիտի պահանջեմ, որ նրանք ՓԱՍՏԱՑԻ տվյալներ հրապարակեն, այսինքն ԲԱԶՄԱԹԻՎ ԱՆՄԵՂ ՄԱՐԴԻԿ-ը գոնե ինչ-որ փաստաթղթի տեսք ստանա։ Թե չէ՝ անորոշություն, թե չէ՝ ամորֆություն, ընդհանրականություն։ Թե չէ՝ սպանությունների արդարացում, բռնության լեգալացում, պատասխան բռնության եւ պատասխան սպանությունների լեգալացում... եւ այդպես շարունակ։ Հավանական է, չէ՞։ Պարզ է, չէ՞ որ դասակարգում, տարանջատում եւ դասդասում է հարկավոր։

Տեսեք՝ Գասպարին ասում է. «Նա անգործություն է ցուցաբերել բազմաթիվ դեպքերում՝ մարտի 1-ի բացահայտումներ եւ այլն։ Անհիմն մեղադրանքներով մարդկանց է դատապարտել ազատազրկման։ Ինքը քաղաքական պատվերով մարդկանց է դատապարտել, այնուհետեւ ասում է՝ այդպիսի բան չի արել։ Ուղղակիորեն ստում է»։ Ինչ է հարկավոր, ուրեմն։ Փաստեր, թուղթ, թվարկում։

Զարուհի Փոստանջյանն ասում է, թե գլխավոր դատախազն իր անգործությամբ տարիներ շարունակ հովանավորել է հանցագործներին եւ հեղափոխությունից հետո տեղ չունի պետական համակարգում։ Ասում է, այո, Փոստանջյանը, բայց դարձյալ, հարկավոր է... Ի՞նչ է հարկավոր, ուրեմն։ Այո։ Փաստեր, թուղթ, թվարկում։

Ցուցարար Արմեն Մինասյանն ասում է՝ հանրապետական պատգամավորներն իրենց գործողություններով ու հայտարարություններով ոտնահարել են մարդու հիմնական իրավունքները, մինչդեռ Արթուր Դավթյանը, աչք փակելով, ընթացք չի տվել դրանց։ Ի՞նչ է հարկավոր։ Այո։ Փաստեր, թուղթ, թվարկում։

Եվ վերջապես, վերջապես ցուցարարները անում են ռացիոնալ քայլ. այսօր Հանրապետական կուսակցության մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում դատախազությանը։ Հնչեցվում են Տարոն Մարգարյանի, Սերժ Սարգսյանի անունները։

Թվում է, թե ամեն ինչ կարգին է, բայց հենց միայն այս հանգամանքը, որ հրապարակվում են այս երկու անունը, ինձ կասկածի հիմք է տալիս, թե ներկայացրած հաղորդումը ավելի շատ քաղաքական հայտարարագիր է, քան իրավական փաստաթուղթ, քանի որ,... չասեմ քանի որ ինչ։ Հասկանալի է առանց ասելու։

ՄԻՆՉԴԵՌ դատական իշխանության շարքերում լեգալ փոփոխությունների այս առաջին նախաձեռնությունը որպես նախադեպ պիտի ԼԵԳԱԼ լինի ինքը։ Դատական իշխանության փոփոխությունը պիտի ապաքաղաքական լինի, հետեւողական լինի եւ դրա համար, իրականում, իրավաբան Փոստանջյանի եւ իրավունքը հրաշալի իմացող Գասպարիի ձեռքին հսկայական քանակությամբ նյութ եւ փաստարկ կա։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31