27.10.2017 05:37 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Կա’մ պատերազմ, կա’մ խաղաղություն

Հյուծիչ պատերազմի այլընտրանքը

Շփման գծում լարվածության վերջին աճը փոքր-ինչ տարբերվում է նախորդներից։ Բանն այն է, որ ժնեւյան հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը կոմպլիմենտներ շռայլեց Ալիեւի հասցեին, ու թեեւ ընդամենը մեկ-երկու օր անց ադրբեջանական կողմը սկսեց հրետակոծել հայկական դիրքերը, Սերժ Սարգսյանը տոնայնությունը չփոխեց։ Հայկական կողմի արձագանքը զարմանալիորեն մեղմ էր։ Ի՞նչ է տեղի ունենում իրականում։

Սկսենք նրանից, որ ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերվեցին պայմանավորվածություններ, որոնց համաձայն շփման գծի ողջ երկայնքով պիտի մշտադիտարկման համակարգեր ստեղծվեին, բայց հետագայում Ադրբեջանը հրաժարվեց դրանցից։ Ըստ երեւույթին հետագայում հայկական կողմը հասկացավ, որ պնդելն անիմաստ է, ու այլ մարտավարություն ընտրեց։ Եթե հակառակորդն ինչ-որ բանից հրաժարվում է, ու համոզել չի ստացվում՝ պետք է այնպիսի իրավիճակ ստեղծել, որ նա ի՜նքը սկսի քեզ համոզել։ Տվյալ դեպքում սա նշանակում է հետեւյալը. եթե ադրբեջանական կողմը հրաժարվում է վերահսկման մեխանիզմներից, որովհետեւ իրենք միշտ նախահարձակ են լինում, հայկական կողմն ինքը պիտի նախահարձակ լինի, որպեսզի Ադրբեջանին ձեռնտու լինի այդ մեխանիզմների ստեղծումը։ Պարզ ասած, «չեք ուզում բանակցել՝ մենք էլ կկրակենք»։ Սերժ Սարգսյանը հենց այդպես էլ ասաց՝ «կամ բանակցում ենք, կամ կրակում, երկուսին էլ պատրաստ ենք»։

Ի դեպ՝ ադրբեջանական կողմի կիրառած զինատեսակներն էլ են ուշագրավ։ Այս անգամ նրանք օգտագործեցին իսրայելական արտադրության «Սպայկ» տեսակի հրթիռներ, որոնք սովորաբար կիրառվում են մարտական տեխնիկայի դեմ, իսկ հայկական կողմը պատասխան համարժեք կրակ չբացեց։ Խնդիրն, իհարկե, այն չէ, որ մենք իսրայելական արտադրության «Սպայկ» չունենք։ Փոխարենը ունենք դրա ռուսական համարժեքը՝ «Կոռնետ» համակարգերը, որոնք նույնիսկ ավելի հզոր են։ Ամենայն հավանականությամբ խնդիրն այն է, որ մենք համարժեք հարված հասցնելու կարիքը չունեինք։ Մենք ընդամենը «պատասխան ցավոտ հարվածն» ենք նախապատրաստում։ Չեն ուզում՝ թող դիմեն միջնորդներին ու խնդրեն կյանքի կոչել Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները։ Այնպես որ՝ մարտավարական առումով ամեն ինչ ճիշտ է։

Իսկ ահա ռազմավարական առումով՝ «կամ բանակցում ենք, կամ կրակում» սկզբունքը նշանակում է երկարատեւ հյուծիչ պատերազմ, որտեղ արդեն էական դեր են խաղում ոչ այնքան բանակների որակները, որքան հակամարտող երկրների ռեսուրսները՝ մարդկային, նյութական, տեխնիկական եւ այլն։ Իսկ այդ հարցում մեր դիրքերը բավականին թույլ են։ Տեսեք՝ հայկական եւ ադրբեջանական բանակների որակական տարբերությունն ակնհայտորեն մեր օգտին է, ու ակնհայտ է, որ դեմ առ դեմ մարտում մեր բանակը կհաղթի, բայց պարզ վիճակագրությունը ցույց է տալիս, որ «հյուծիչ պատերազմում» մեր բանակը նույնքան եւ նույնիսկ ավելի շատ զոհեր է տալիս, քան ադրբեջանական բանակը։ Ընդ որում՝ պատճառն այն չէ, որ նրանք ավելի ագրեսիվ են, մերոնք՝ ավելի խաղաղասեր։ Խնդիրը ռեսուրսներն են ու սպառազինության մակարդակը (նույն «Սպայկ» հրթիռն, օրինակ, արժե 150-200 հազար դոլար)։

 Ի դեպ՝ ռեսուրսների անհավասարության վկայությունն են նաեւ Ազգային ժողովում ծավալված քննարկումները, ուսանողների տարկետման իրավունքի փաստացի վերացումը, ծառայությունը 3 տարի դարձնելու վերաբերյալ խոսակցությունները եւ այլն։ Իսկ այս ամենը լուրջ հետեւանքներ է ունենալու եւ միայն խորացնելու է Հայաստանում առկա պրոբլեմները։ Դրա համար էլ «կամ բանակցում ենք, կամ կրակում» տարբերակը ոչ թե մեզ է ձեռնտու, այլ Ադրբեջանին։ Իսկ մեզ ձեռնտու է «կամ խաղաղություն ենք հաստատում, կամ պատերազմում» տարբերակը։ Ընդ որում՝ երկու դեպքում էլ ինչքան շուտ, այնքան լավ։ Ժամանակը հաստատ մեր օգտին չի աշխատում։ Համենայն դեպս՝ վերջին 20-22 տարիներին մեր օգտին չի աշխատել։ Ու չի երեւում, թե սրանից հետո ինչի հաշվին պիտի մեր օգտին աշխատի։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31