01.06.2018 01:44 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ոչ պատշաճ ընտրություն

Հանցագործները կբացահայտվեն, իսկ «կռիշնե՞րը»

Նախկինում, երբ որեւէ մեկը Սերժ Սարգսյանին հարց էր ուղղում տնտեսական մենաշնորհների եւ օլիգարխների մասին, նա ասում էր «այդ մարդկանց մոտ թղթերով ամեն ինչ կարգին է»։ Հիմա ԱԱԾ-ն կարծես թե գործի է անցել, դիմակավորված աշխատակիցները խուզարկություններ են իրականացնում, եւ շատ շուտով պարզ կդառնա՝ իսկապե՞ս «թղթերով ամեն ինչ կարգին է», թե՞ այնուամենայնիվ պետությունից միլիոններ են գողացվել։

Եթե գողություններն ապացուցվեն՝ կստացվի, որ կամ Սերժ Սարգսյանը բացահայտորեն խաբել է ժողովրդին, կամ էլ համապատասխան կառույցներն են նրան խաբել՝ զեկուցելով, թե «թղթերով ամեն ինչ կարգին է»։

«Համապատասխան կառույցների» նախկին պահվածքն այս դեպքում իսկապես առանցքային նշանակություն ունի։ Վերցնենք թեկուզ նույն «կարգոների գործը»։ Ակնհայտ է, որ ԱԱԾ նոր պետի նշանակումից ընդամենը հաշված օրեր հետո նման ծավալի բացահայտումներ անելը զուտ ֆիզիկապես հնարավոր չէր լինի, հետեւաբար՝ մնում է եզրակացնել, որ այդ ինֆորմացիան ամենայն մանրամասնությամբ լավ էլ հայտնի է եղել իրավապահ մարմինների ներկայացուցիչներին։ Իսկ սա նշանակում է, որ հիմա շատ կարեւոր է պարզելը, թե հատկապես ո՞ւմ է հայտնի եղել, ինչո՞ւ այդ գործերին ընթացք չի տրվել, ո՞ւմ հրահանգով, Սերժ Սարգսյանն անձամբ տեղյա՞կ է եղել, թե ոչ, եւ ի՞նչ պայմանավորվածությունների մասին էր խոսում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Ճիշտ նույն հարցերն, ի դեպ, առաջանալու են նաեւ Սամվել Ալեքսանյանի եւ մյուսների բիզնեսներում հայտնաբերվելիք օրինախախտումների դեպքերում (իսկ որ այդպիսիք հայտնաբերվելու են՝ կարելի է չկասկածել)։

Իսկ ինչո՞ւ է այսքան կարեւոր իրավապահ մարմինների նախկին պահվածքը։ Որովհետեւ նոր իշխանությունները, պատկերավոր ասած, երկու հիմնական զենք ունեն։ «Պաշտպանական զենքը» համաժողովրդական աջակցությունն է (եթե դա չլիներ՝ խորհրդարանական մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն երբեք իշխանությունը չէր զիջի, ու հենց որ այդ աջակցությունը վերանա՝ ՀՀԿ-ն նույն պահին իշխանությունը կխլի «քաղաքական փոքրամասնությունից), իսկ «հարձակողական զենքը»՝ ուժային կառույցները եւ առաջին հերթին ԱԱԾ-ն (որովհետեւ նոմինալ իշխանություն ունենալը մի բան է, իսկ իշխանական իրական լծակներին տիրապետելը՝ բոլորովին այլ բան, ու նոր իշխանություններն այս պահին դրան կարող են հասնել միայն իրավապահ մարմինների ակտիվ քայլերով)։ Այլ կերպ ասած՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունն ամրապնդում է ԱԱԾ-ի միջոցով, հետեւաբար՝ շատ կարեւոր է հասկանալը, թե ինչ է իրենից ներկայացնում «նոր» ԱԱԾ-ն, որքանով է այն նոր, եւ արդյո՞ք չկա հավանականություն, որ ինչ-որ պահի կարող է նորից վերածվել «հնի»։

Հասկանալի է, որ կոռուպցիոն մեխանիզմների բացահայտումներին զուգահեռ՝ բացահայտվելու է նաեւ, թե կոնկրետ ովքեր են եղել այս կամ այն սխեմայի «կռիշները», եւ մեծ է հավանականությունը, որ այդ «կռիշներից» շատերը հենց ԱԱԾ կամ ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցներ լինեն (ի դեպ՝ ոչ միայն նախկին), բայց հարց է ծագում՝ «կռիշների» անունները նո՞ւյնպես կհրապարակվեն, թե՞ կորոշեն, որ կոռումպացված պաշտոնյաների ու օլիգարխների հնչեղ անունները հասարակությանը հերիք են, իսկ դեպի վերեւները տանող թելերն ինչ-որ տեղ պիտի կտրել։ Ընդ որում՝ դա կարող են որոշել հենց իրավապահ մարմինները` առանց վարչապետին տեղյակ պահելու։ Չէ՞ որ վարչապետն ինքն է հայտարարել՝ այլեւս Բաղրամյան-26-ից հրահանգներ չեն իջեցվելու։

Իրավապահ կառույցները կարող են շատ յուրօրինակ ձեւով օգտվել այդ «ազատությունից» եւ իրականացնել այնպիսի քայլեր, որոնք կթուլացնեն նոր կառավարության հիմնական զենքը՝ հասարակության անվերապահ աջակցությունը։ Պատահական չէ, որ սոցկայքերում արդեն դժգոհության առաջին նշաններն են ի հայտ գալիս՝ իբր իսկ ո՞ւր մնացին Սերժիկը, Սաշիկն ու Ռոբիկը, ի՞նչ եք խոշորներին թողած՝ մանր ու միջինի հետեւից ընկել։ Հասկանալի է, որ ամեն ինչ միանգամից չի լինի, ժամանակ է պետք, բայց գուցե պատճառը միայն ժամանակը չէ՞, գուցե իրավապահ մարմիններում մնացածներն էլ թիրախների «ոչ պատշաճ» ընտրությա՞մբ են իրականացնում իրենց բաժին սաբոտաժը։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31