27.10.2017 05:43 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Մարդ չկա

Ծանծաղամտության ռազմահայրենասիրական բաղադրիչը

Ծանծաղամտության  ռազմահայրենասիրական բաղադրիչը

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի խորհրդարանական քննարկումները շատ արագ վերածվեցին վատ բեմականացված թամաշայի։

Իշխանությոններն ու ընդդիմությունը մրցակցության մեջ էին մտել եւ կեղծ հայրենասիրական պաթոսով ու էժան պոպուլիզմով մեղադրանքներ էին հնչեցնում միմյանց հասցեին, ու բանն այնտեղ հասավ, որ բանակում չծառայած Էդուարդ Շարմազանովը, պարզվեց, ամենահայրենասերն է ու բանակում չծառայած պաշտպանության նախարարի ամենահավատարիմ զինակիցը, Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե եթե պետք լինի՝ ինքը հենց հիմա կգնա ծառայելու, ընդդիմությունն էլ ի վերջո քննարկումը հանգեցրեց նրան, թե ինչու են ծնողները զինվորների համար շապիկ ու գուլպա ուղարկում։ Մի խոսքով՝ այնպիսի տպավորություն էր, թե «կողմերը» պայմանավորվել են ամենակարեւորի մասին չխոսել։

 Իսկ ո՞րն է ամենակարեւորը։ Բանն այն է, որ Հայաստանն իրականացնում է այնպիսի արտաքին քաղաքականություն, որտեղ հնարավոր է հաջողության հասնել՝ ունենալով առնվազն 200 հազարանոց բանակ, մինչդեռ այսօրվա ռեսուրսներով հազիվ հաջողվում է ապահովել դրա մեկ քառորդը (ընդ որում՝ անգամ դա գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում)։ Տեսականորեն այս իրավիճակից դուրս գալու երկու ելք կա։ 1. Փոխել իրականացվող քաղաքականությունը եւ որդեգրել այնպիսի քաղաքականություն, որի համար 30-40 հազարանոց բանակը հերիք է, 2. Երկրի ներսում կարգուկանոն հաստատել, արմատախիլ անել կոռուպցիան, նորմալ տնտեսություն ունենալ, որպեսզի ե'ւ արտագաղթ չլինի, ե'ւ բյուջեի հնարավորությունները թույլ տան ունենալ, ասենք, 40-45 հազարանոց գերժամանակակից բանակ, որը կփոխարինի 200 հազարանոց «սովորական» բանակին։ Այլ տարբերակ չկա, երրորդ «տարբերակն» այն է, որ պիտի համակերպվենք այն մտքի հետ, որ մեկ-երկու տարի անց զինծառայությունը դառնալու է երեք տարի, մի քանի տարի անց՝ գուցե չորս- հինգ տարի, հետո զինծառայությունը պարտադիր է դառնալու նաեւ աղջիկների համար, հետո բանակի «հազարական դրամները» դառնալու են 10 հազար, 20 հազար եւ այդպես շարունակ, հետո երեւի կորոշեն, որ մինչեւ 45 տարեկան բոլոր տղամարդիկ պարտավոր են տարեկան առնվազն մեկ ամիս մասնակցել հավաքների, եւ այլն։

 Հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ չի հաջողվում ընտրել վերոհիշյալ երկու ելքերից մեկնումեկը։ Առաջին տարբերակով ընթանալու միակ փորձը 1998-ին ավարտվեց պետական հեղաշրջմամբ, ու հետեւանքներն այնքան ցավոտ էին, որ հետագայում որեւէ մեկը չցանկացավ երկրորդ անգամ փորձել։ Իսկ երկրորդ տարբերակը հնարավոր է միայն իշխանափոխության դեպքում, որովհետեւ ակնհայտ է՝ այս իշխանությունները մինչեւ կոկորդը խրված են կոռուպցիայի մեջ, միլիարդատերեր են դարձել հենց այն գումարներով, որոնք պիտի մտնեին բյուջե եւ օգնեին գերժամանակակից բանակ ստեղծել, եւ հասկանալի է՝ ինքնակամ չեն հրաժարվելու ոչ իրենց միլիարդներից, ոչ երկիրը թալանելու «գործընթացի շարունակականությունն ապահովող» համակարգից։ Ընդ որում՝ իշխանափոխության փորձեր միշտ էլ արվել են, բայց իշխանությունները դա կանխել են՝ կամ կոպիտ ուժով (ինչպես 2008թ. մարտի 1-ին), կամ ընտրակեղծիքներով ու կաշառք բաժանելով (ինչպես հետագա ընտրությունների ժամանակ)։ Այսինքն՝ երկու տարբերակներն էլ չեն հաջողվել։ Արդյունքում՝ ընթացքի մեջ է «երրորդ տարբերակը», որը կոնկրետ այս պահին արտահայտվում է ուսանողների տարկետման իրավունքը վերացնելով ու ժամկետային զինծառայությունը երեք տարի դարձնելու՝ առաջին թույլ ու քողարկված փորձերով։

Բայց խորհրդարանում այս տարբերակների շուրջ քննարկումներ չծավալվեցին։ Երեւի պոպուլիզմի տեսանկյունից շահավետ չէր։ Եթե ընդդիմությունը փորձեր խորքային քննարկումներ ծավալել՝ կամ «պարտվողական» էր հռչակվելու, կամ էլ ամեն ինչ հանգելու էր Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին։ Երկուսից էլ ընդդիմությունը խուսափում է ինչպես կրակից։ Իսկ ահա իբր ուսանողների իրավունքները պաշտպանելն ու գուլպա-նասկեղենի թեմաներով խոսելը ե'ւ շահավետ է, ե'ւ անշառ։ Համ էլ կարելի է «ժողովրդի սրտից ջուր խմել»՝ բանակում չծառայած պաշտոնյաներին ցեխը կոխելով։ Կարծես թե Հայաստանի հիմնական պրոբլեմը հենց դա է եւ ոչ թե այն, որ առանց ռեսուրսների բռնել ենք «հարատեւ կռվի» ուղին։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31