29.09.2017 13:02 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատասխանատու չեն

Ո՞վ է պատասխանատու տնտեսական վիճակի համար

Երբ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե տնտեսության վիճակը շատ ծանր է, ՀՀԿ-ում մի քիչ նեղսրտեցին։ Իբր՝ ո՞ւմ բոստանն ես քար գցում, վատ չլիներ՝ քեզ ինչո՞ւ էինք կանչում։

Անցել է մի տարի, ու պարզվում է, որ տնտեսության վիճակը շարունակում է ծանր մնալ։ Համատարած թանկացումները շարունակվում են, սննդամթերքի գները «երկնիշ աճ են արձանագրել», ընդ որում՝ 2018թ. հունվարից նորանոր թանկացումներ են սպասվում (որովհետեւ ԵԱՏՄ որոշ պայմանագրեր այդ ժամանակ են ուժի մեջ մտնելու), իսկ պետական համակարգում համատարած կրճատումներ են։ Ֆինանսների նախարարն էլ հայտարարում է, թե պետական պարտքն ավելանալու է 430 միլիոն դոլարով (արտաքին պարտքը՝ 400 միլիոնով, ներքինը՝ 30-ով), բայց փոխարենը՝ տնտեսական աճը 3,2-ի փոխարեն կհասնի 4,3 տոկոսի։ Ուշադրություն դարձրեք՝ Հայաստանի ՀՆԱ-ն մոտ 10 միլիարդ դոլար է, այսինքն՝ ՀՆԱ-ի 4,3 տոկոսը կազմում է հենց 430 միլիոն դոլար. ճիշտ այնքան, որքանով ավելանալու է պետական պարտքը։ Սա նույնն է, թե մեկը հարեւանից տոկոսով 20 հազար դրամ պարտք վերցնի ու հայտարարի, թե իր եկամուտները 20 հազարով ավելացել են։

 Հիմա կարելի՞ է արդյոք արձանագրել, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը ձախողվել է։ Ձախողումն ակնհայտ է, բայց որքանո՞վ է դա Կարեն Կարապետյանի կառավարությունը։ ՀՀԿ-ն ամեն առիթով հայտարարում է, թե դա ի՛ր կառավարությունն է, բայց հասկանալի է, որ պատասխանատուն ոչ Էդուարդ Շարմազանովն է, ոչ էլ, ասենք, Գալուստ Սահակյանը, պատասխանատուն Սերժ Սարգսյանն է։ Ընդ որում՝ Սերժ Սարգսյանի բոլո՛ր կառավարություններն են ձախողվել։ Իսկ իշխանական քարոզչամիջոցները միշտ թիրախ են դարձրել հենց կառավարությունները՝ «վարպետորեն» շրջանցելով Սերժ Սարգսյանի անձնական պատասխանատվության հարցը։

Հիշո՞մ եք «Երեքը նավակում, չհաշված շունը» վիպակի այն դրվագը, որտեղ քեռի Փոջերը պատից նկար է կախում. բոլորին գործի է դնում, բոլորին մեղադրում է ամեն ինչում, ի վերջո շուրջբոլորը հիմնահատակ ավերում է ամեն ինչ ու ինքնագոհ կեցվածք ընդունում։ Փաստորեն Սերժ Սարգսյանը ճիշտ նույն կերպ է վարվում՝ այն տարբերությամբ, որ անձամբ նույնիսկ մեխը չի բռնում։ Եւ այս իրավիճակում գտնվում են մարդիկ, ովքեր հայտարարում են, թե հաջորդ վարչապետը անպայման նա պիտի լինի։ Ավելին՝ պնդում են, որ երկրորդ մեկը պարզապես չկա։ Դեռ մի կողմ թողնենք այն, որ տվյալ դեպքում «ով մեզ այս օրն է գցել՝ թող նա էլ մեզ դուրս բերի այս վիճակից» տրամաբանությունը չի գործում։ Այն պարզ պատճառով, որ Սերժ Սարգսյանը ոչ թե «չիմանալով» է երկիրը հասցրել այս վիճակին, այլ գիտակցաբար։ Հարցին նայենք այլ տեսանկյունից։

Ի վերջո՝ ինչի՞ շնորհիվ է, որ Սերժ Սարգսյանը հնարավորություն ունի 2018-ից հետո էլ միանձնյա ղեկավարել երկիրը։ Ճիշտ է, սահմանադրական փոփոխությունների շնորհիվ։ Իսկ հիշո՞ւմ եք, թե ինչ մթնոլորտ էր հանրաքվեից առաջ։ Ճիշտ է, բոլորը սահմանադրական փոփոխություններն ընկալում էին որպես Սերժ Սարգսյանի «երրորդ ժամկետի» լեգիտիմացում։ Կրքերը փոքր-ինչ հանդարտվեցին միայն այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը բառացիորեն հայտարարեց հետեւյալը՝ «պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար։ Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին»։ Ահա այսպես։ Չլիներ այդ հայտարարությունը՝ մարդիկ գուցեեւ չհամաձայնվեին վաճառել իրենց ձայները անգամ 100 հազար դրամով։ Հիմա, ահա, պարզվում է, որ դա սովորական խաբեություն էր։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանը շատ լավ գիտեր իր իրական վարկանիշը եւ  հասկանում էր, որ եթե իր ապագա վարչապետության թեման պաշտոնապես չփակի՝ 10 տոկոսից ավել «այո» չի ստանա։ Ու հիմա եկել է այդ խաբեությունը բացահայտելու ժամանակը։ Համենայն դեպս՝ ՀՀԿ-ն հենց դա է փորձում անել։

Իսկ բոլոր նրանց, ում համար այս խաբեությունն ընդամենը «քաղաքական հնարք» է, միայն մի հարց կտանք. պատմությանը հայտնի՞ է գոնե մի դեպք, որ սեփական ժողովրդին խաբողը այդ նույն ժողովրդի համար լավ բան անի։ Թե՞ մենք այս առումով էլ ենք բացառիկ ազգ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31