25.05.2018 06:45 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Հեշտ չի լինելու

Թավշյա հեղափոխությանն անհրաժեշտ է «շուշաթուղթ»

«Թավշյա հեղափոխություն» արտահայտությունն, իհարկե, գեղեցիկ է հնչում, բայց թավիշը լավ է ինչ-որ բան փայլեցնելու համար, իսկ ամբողջովին ժանգոտած համակարգը մաքրելու համար «շուշաթուղթն» ավելի արդյունավետ է։

ՀՀ գլխավոր դատախազն ու Երեւանի քաղաքապետը չեն ցանկանում հրաժարական տալ, եւ վերջ։ Երկուսն էլ իրենց հիմնավորումներն ունեն՝ Տարոն Մարգարյանը հիշեցնում է, որ իրեն «վստահության քվե է տվել» երեւանցիների 70 տոկոսը, Արթուր Դավթյանն էլ ասում է, որ դատախազությունը պիտի կախված չլինի գործադիր իշխանությունից, ու հենց դրա համար էլ սահմանված է, որ գլխավոր դատախազին ընտրում է խորհրդարանը՝ ձայների 60 տոկոսով։ Իսկ ՀՀԿ-ն խորհրդարանում կարծես թե մեծամասնություն ունի, Նիկոլ Փաշինյանն էլ կարծես թե ընդունել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այսինքն՝ «թղթերով» Երեւանի քաղաքապետն ու գլխավոր դատախազն իրավացի են։ Ուրիշ բան, որ իրականում եւ՛ Ազգային ժողովի ընտրություններն են կեղծվել, եւ՛ Երեւանի ավագանու ընտրությունները։ Բայց եթե Ազգային ժողովը հռչակվի ոչ լեգիտիմ՝ դա կնշանակի, որ այդ մարմնի որոշումներն էլ են ոչ լեգիտիմ, իսկ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է ընտրվել հենց Ազգային ժողովի որոշմամբ՝ քվեարկության արդյունքում։

Ուրեմն ինչպե՞ս պիտի լուծվի գլխավոր դատախազի եւ Երեւանի քաղաքապետի պաշտոնանկության հարցը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե եթե ինքը հրաժարականի հորդորով դիմի Տարոն Մարգարյանին, նա կլսի այդ հորդորը։ Եվ նա թերեւս իրավացի է. ի՞նչ պրոբլեմ կա՝ կարելի է կոչով դիմել քաղաքացիներին, մի տասը հազար մարդ մի քանի օրով կշրջափակի քաղաքապետարանը, եւ քաղաքապետը հրաժարական կտա։ Բայց դա կնշանակեր թնդանոթով կրակել ճնճղուկի վրա։ Մյուս կողմից էլ՝ էականն այն չէ, որ այդ պաշտոնյաների մոտ «թղթերով ամեն ինչ կարգին է», էականն այն է, որ նրանց նկատմամբ հասարակական վստահությունն է համարյա զրոյական։

Հարցին նայենք այլ տեսանկյունից. իսկ ինչո՞ւ գլխավոր դատախազի եւ քաղաքապետի պաշտոններին հավակնողներն իրենք չեն դիմում բողոքի ակցիաների՝ փողոց դուրս բերելով իրենց (եւ ոչ թե շարժման) համակիրներին։

Տեսեք՝ Նիկոլ Փաշինյանը հավակնում էր պետության ղեկավարի պաշտոնին, հարյուր հազարավոր քաղաքացիներ փողոց դուրս եկան, եւ երբ շարժումը հաղթեց՝ որեւէ մեկի մտքով անգամ չանցավ ժողովրդի անունից պետության ղեկավարի այլ թեկնածու առաջադրել։ Որովհետեւ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահությունը համարյա հարյուր տոկոսանոց էր, իսկ Սերժ Սարգսյանի վարկանիշը՝ համարյա զրոյական։ Եթե հարցին նայում ենք այս տեսանկյունից՝ ակնհայտ է դառնում, որ խնդիրը ոչ միայն Տարոն Մարգարյանի եւ Արթուր Դավթյանի նկատմամբ հասարակական վստահությունն է, այլ նաեւ այն, թե իսկ որքանո՞վ է հասարակությունը վստահում այդ պաշտոնների ենթադրյալ հավակնորդներ Ալեն Սիմոնյանին կամ Էդմոն Մարուքյանին։ Արդյո՞ք «Ելք» դաշինքի այս երկու ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանի վարկանիշի գոնե տասը տոկոսն ունեն։ Իսկ եթե չունեն՝ ինչո՞ւ պիտի քաղաքապետն ու դատախազն իրենց պաշտոնները զիջեն նրանց։ Հասկանալի է, չէ՞, որ զիջելու դեպքում այդ պաշտոնները «ժողովուրդը» չի զբաղեցնելու (որքան էլ հեղափոխական հռետորաբանությունը հենց այդպես ներկայացնի հարցը), այդ պաշտոնները զբաղեցնելու են կոնկրետ մարդիկ։ Մարդիկ, որոնց վարկանիշները գուցեեւ շատ չեն տարբերվում գործող պաշտոնյաների վարկանիշներից։

Մի խոսքով՝ «թավշյա հեղափոխությունն» իր կանոններն ունի, բայց երկու դեպքում էլ ճիշտը «շուշաթուղթն» է՝ արտահերթ ընտրությունների տեսքով։ Խոսքը եւ՛ ԱԺ ընտրությունների մասին է (որի արդյունքում կլուծվի նաեւ գլխավոր դատախազի հարցը), եւ՛ Երեւանի ավագանու։ Այդ ժամանակ կերեւա՝ խորհրդարանական նոր մեծամասնությունը կվստահի՞ գլխավոր դատախազի պաշտոնը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարին, թե ոչ, կամ արդյո՞ք երեւանցիների մեծամասնությունը ձայն կտա Ալեն Սիմոնյանի գլխավորած ցուցակին։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30