27.10.2017 05:27 Կարպիս Փաշոյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ցածր կրքեր

Ազգ-բանա՞կ, թե՞ միլիտարիզացված ստրկություն

Ազգ-բանա՞կ, թե՞ միլիտարիզացված ստրկություն

Զինապարտության մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը Ազգ-բանակ կոնցեպտի պարտադիր բաղադրիչներից մեկն է։ Այսինքն` նախագիծն այդ չի կարելի դիտարկել որպես առանձին դրսեւորում, ընդհակառակը, դրա ի հայտ գալու պատճառայնությունը պետք է փնտրել հենց այդ կոնցեպտի գաղափարական ակունքներում։

Ներկայումս Հայաստանը գտնվում է անցումային բավականին վտանգավոր շրջափուլում։ Ազգ-բանակ կոնցեպտը հենց այդ անցումային շրջանի ամենավտանգավոր մարտահրավերներից մեկն է։ Կոնցեպտի վտանգավորությունը նրանում է, որ այն թույլ տեսանելի է, ներգործում է դանդաղ ու աստիճանական քայլերով՝ գաղափարական էքսպանսիայի ենթարկելով հանրության գաղափարական, մշակութային տիրույթները։ Օրինակ՝ արտաքին մարտահրավերները հիմնականում տեսանելի են ու կանխատեսելի, դրանց դրսեւորումները կտրուկ են ու շոշափելի, իսկ այս դեպքում հանրությունը որեւէ կերպ չի կարող գլխի ընկնել, որ աստիճանական, բայց սահուն մոտեցմամբ փոխվում են ի սկզբանե պետականության հիմքում դրված հիմնարար սկզբունքերը։

Առաջին հայացքից Ազգ-բանակը գեղեցիկ հայրենասիրական կոնցեպտ է, շատերին այն դուր է գալիս՝ նույնիսկ ընդդիմության դրոշի ներքո հանդես եկող ուժերին։ Որքան էլ զարմանալի թվա, բայց այդ կոնցեպտի գաղափարական կրողն է նաեւ հեղափոխական կոնտինգենտի մի զգալի հատվածը։ Այս կոնտեքստում բախվում ենք լրջագույն մի խնդրի, որը մեր պետության մեծագույն դժբախտություններից մեկն է. Ընդդիմությունն ու հեղափոխական դիրքերից հանդես եկողները իշխանությունների հետ չունեն գաղափարական ու արժեբանական կոնֆլիկտ։ Նրանց բոլորի պայքարը ձեւակերպված է որպես բարի ու չար ուժերի բախում՝ հեքիաթների սկզբունքով։ Այսինքն` գրեթե բոլորը գտնվում են աջակողմյան գաղափարական տիրույթում եւ համոզված են, թե Ազգ-բանակը ճշմարիտ կոնցեպտ է, պարզապես իրագործողներն են վատը։

Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը հանդես էր գալիս բանակին 1000 դրամ վճարելու նախագծի պաշտպանության դիրքերից։ 1000 դրամի օրինագիծը Ազգ-բանակի բաղադրիչներից մեկն էր, եւ եթե Նիկոլ Փաշինյանը կողմ էր դրան, ապա հիմա ինչու՞ է քննադատում կոնցեպտի մեկ այլ բաղադրիչը՝ ուսանողների տարկետման սահմանափակման նախագիծը։ Չե՞ որ նա կողմ է արտահայտվել այդ կոնցեպտին։ Իսկապես տարօրինակ է եւ տպավորություն է, թե քաղաքական համակարգը ռեալիզացվում է ապագաղափարական տիրույթում։

Չի կարելի պնդել, թե միլիտարիզացիան միանշանակորեն բացասական երեւույթ է, երիցս ո՛չ։ Կարելի է բազմաթիվ ժողովրդավարական պետությունների օրինակներ բերել, որոնք պատմական այս կամ այն փուլում որդեգրել են հանրության միլիտարիզացիայի ճանապարհը։ Հայ հանրությունը եւս չի կարող ամբողջությամբ ապամիլիտարիզացվել, դա անհնար է։ Ազգ-բանակը նույնպես միլիտարիզացիայի նախագիծ է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այն չի սահմանափկվում միայն հանրության ռազմական մոբիլիզացիայի ու պատերազմական պատրաստության անհրաժեշտություններով, այլ դուրս գալով այդ շրջանակներից, աստիճանաբար դառնում է թելադրող միագիծ գաղափարական հոսանք։ Այն իր մեջ է կլանում ամեն ինչ՝ սահմանափակելով գաղափարական բազմազանությունն ու մշակութային ունիվերսալ արժեքները։

Սխալված չենք լինի, եթե պնդենք, որ Ազգ-բանակը Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի իշխանության հավերժացման գաղափարական հիմքն է, արժեբանական հիմնավորումը։ Այսինքն` քաղաքական նեղ շահերից ելնելով՝ իշխանությունները շահարկման առարկա են դարձրել հայրենասիրական գաղափարները, պատերազմական սպառնալիքը եւ այդ բոլոր գործիքների կիրառմամբ փորձում են ամբողջատիրության մի համակարգ ձեւավորել։ Համակարգ, որտեղ բացակայում են քաղաքական ու գաղափարական բազմազանությունը, արժեքային այլընտրանքները։

Արդյունքում հանրությունը փոխակերպվելու է տարտամ հավաքականության, որի առաջարկներն ու պահանջարկները սահմանափակվելու են բանակով, ռազմահայրենասիրական պոպուլիզմով, կյանքի սեւուսպիտակ ամբողջատիրական ընկալումներով։ Հենց սա նկատի ունենք, երբ նշում ենք, որ փոխվում են պետականության հիմնարար դրույթները։ Հայաստանը աստիճանաբար փոխակերպվում է ռազմակրոնական պոլիգոնի, որտեղ քաղաքացիականության ու սահմանադրականության սկզբունքները փոխարինվելու են ռազմամոլությամբ ու եկեղեցական ֆունդամենտալիզմով։

Սա է Վիգեն Սարգսյանի Ազգ-բանակ կոնցեպտի ողջ էությունը։ Այն Սերժ Սարգսյանի գաղափարական գործիքն է, որը նրան առաջնորդում է դեպի տոտալ իշխանության ու հարատեւության։ Հանրապետականները մի կողմից հանրությանը պղծում են ընտրակաշառքի ինստիտուտի միջոցով, իսկ մյուս կողմից էլ դարձնում են ստրուկը միլիտարիզացիայի։ Այսինքն` բոլոր հնարավոր միջոցներով կազմաքանդում են հասարակական կառույցն ու հանրության իմունային համակարգը՝ մարդկանց թողնելով պաշտպանվելու առանց որեւէ գործիքի։

Ամիսներ առաջ Վիգեն Սարգսյանը 1000 դրամ էր խնդրում, այսօր գիտնականներին տանում է բանակ, իսկ վաղը ի՞նչ է սպասվում։ Իհարկե դժվար է ասել, բայց մի բան հստակ է, որ 1991 թ. ստեղծված Հայաստանից արժեքային տեսանկյունից շուտով բան չի մնալու։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31