25.05.2018 06:49 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ի՞նչ անել

Տեսարանները կան, մնաց հացը

Տեսարանները կան, մնաց հացը

Երկու հանրահայտ հարցերը՝ «ի՞նչ անել» եւ «ո՞վ է մեղավոր», խիստ արդիական են նաեւ այսօրվա Հայաստանում, բայց առայժմ հասարակությանը հրամցվում է միայն «ո՞վ է մեղավոր» հարցի պատասխանը, իսկ «ի՞նչ անելը» երկրորդ պլանում է։ Կառավարության նորանշանակ անդամներն իրենց նախորդների արած ղալաթներն են բացահայտում՝ ով ինչքան կարողանում է, ու ամեն բացահայտումից հետո սոցկայքերը հեղեղվում են «տո դրանց սաղին պետք ա փռթիկ-փռթիկ անել» տիպի արձագանքներով (հիմնականում՝ լատինատառ), բայց այս վիճակը երկար շարունակվել չի կարող։ Միայն տեսարանները քիչ են, ժողովրդին պետք է նաեւ հաց։

Իսկ թե որտեղից պիտի գտնվի «հացը»՝ առայժմ չի երեւում։ Համենայն դեպս ապրիլ ամսվա տնտեսական ցուցանիշները, մեղմ ասած, բավականին մտահոգիչ են։ Համարյա բոլոր ոլորտներում անկում է արձանագրվել։ Ինչ-որ տեղ դա, իհարկե, հասկանալի է. ապրիլի երկրորդ կեսին Երեւանը կաթվածահար վիճակում էր, եւ դա չէր կարող չանդրադառնալ տնտեսության վրա։ Բայց բողոքի ակցիաներն ու գործադուլները տեղ-տեղ շարունակվում են, կապիտալի արտահոսքը՝ նույնպես, եւ ակնհայտ է, որ մայիս ամսվա ցուցանիշներն էլ բանի նման չեն լինելու։ Իսկ Արեւմուտքը չի շտապում օգնել։ Եթե շտապի էլ՝ մեզանից «յուրաքանչյուր վիտամինի դիմաց բազում մանր-մունր ծառայություններ է պահանջելու»։ Մյուս կողմից էլ՝ հեղափոխության հաղթանակի գործում իրենց լուման ներդրած քաղաքացիներն ակնկալում են «գոտիների թուլացում», իսկ դա բյուջեի համար լրացուցիչ լարվածություն է (օրինակ՝ տեսախցիկների արձանագրած խախտումների տուգանքների համաներման արդյունքում բյուջեի մուտքերը նվազելու են)։

 Ի՞նչ անել։ Միակ երեւացող ռեսուրսը ստվերի կրճատումն է եւ հավելյալ գումարները բյուջե ուղղելը, բայց իրականում դա շատ բարդ խնդիր է եւ առանց «կուլակաթափման տարրերի» չի ստացվի։ Վարչապետն, իհարկե, կարող է խոշոր գործարարներին կանչել եւ «չորով» պահանջել, որ նրանցից յուրաքանչյուրն իր վճարած հարկերն ավելացնի, ասենք, 10-15 տոկոսով, բայց դա հարցի լուծում չէ։ Այդ դեպքում կստացվի, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը բյուջեն լցնում էր շարքային քաղաքացիներին հնարավոր ամեն ինչի համար տուգանելով, իսկ նոր իշխանությունները բյուջեն լցնում են մեծահարուստների՛ն տուգանելով։ Սա գուցեեւ ավելի արդար է, բայց որպես մեխանիզմ՝ բանի պետք չէ։ Իսկ բոլորին ստվերից դուրս բերելը (չէ՞ որ փոքր եւ միջին բիզնեսը նույնպես ստվերում է) սոցիալական բողոքի ալիք կբարձրացնի։

Այնպես որ՝ մոտ ապագայում մարդկանց սոցիալական վիճակի բարելավում ակնկալելն անիմաստ է։ Ավելին՝ այս փուլում կառավարության հիմնական խնդիրը պիտի լինի գոնե ներկա մակարդակը պահպանելը կամ հնարավորինս փոքր անկում արձանագրելը։ Բայց ինչպե՞ս նոր Հայաստանում ապրողներին բացատրել, որ ահա հանցավոր իշխանությունները հեռացված են, իրավապահներն ամեն օր կոռուպցիայի դեպքեր են բացահայտում, պետական միջոցների անիմաստ վատնումներն անցյալում են, բայց մարդկանց սոցիալական վիճակը, միեւնույն է, չի բարելավվում։ Նախկին իշխանությունները ամեն ինչ բացատրում էին պատերազմական վիճակով եւ շրջափակման մեջ լինելու հանգամանքով, բայց նոր իշխանությունները պիտի այլ բացատրություն գտնեն, միայն արտաքին թշնամու առկայությունը քիչ է։ Եվ այս իմաստով ամենահարմարը «սաբոտաժն» է ու «ներքին թշնամու» առկայությունը։ Պետք է մարդկանց ցույց տալ, որ իրենց վիճակը չի լավանում, որովհետեւ նախկին հանցավոր համակարգը դիմադրում է, չի ցանկանում «մուծվել», կարեւոր պաշտոնները չի հանձնում, անհրաժեշտ օրենքները չի ընդունում, իսկ իրենք չեն կարող նախկինում ընդունած օրենքները փոխել կամ որոշումները չեղյալ հայտարարել, որովհետեւ միջազգային օրենքներ կան, պարտավորություններ կան, դատարաններ կան, եւ այլն։

Կբավարարվե՞ն արդյոք մարդիկ սոցիալական ծանր պայմաններում, բայց ազատ եւ արժանապատիվ կյանքով ապրելու գիտակցումով, թե՞ այնուամենայնիվ նաեւ սոցիալական պայմանների բարելավում կպահանջեն։ Եթե բավարարվեն՝ կնշանակի, որ Հայաստանում նաեւ մտքի հեղափոխություն է տեղի ունեցել, եւ բոլորս իսկապես ապրում ենք նոր Հայաստանում։ Հակառակ դեպքում կարձանագրենք, որ տեղի ունեցածն ընդամենը իշխանափոխություն էր՝ հեղափոխության ճանապարհով։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31