25.05.2018 06:41 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Բարոյազանցություն

Սաբոտաժ

Սաբոտաժ

Թավշյա հեղափոխությունից հետո Սասնա ծռերը ծանր բեռ են դարձել։ Նույնիսկ նրանց համար, ովքեր 2016-ի հուլիսի 17-ից առաջ եւ դրանից հետո էլ համամիտ էին, որ գործող իշխանություններն այլ ճանապարհ չեն թողել, քան զինված ապստամբությամբ իրականացնել իշխանափոխություն` ի նպաստ երկրում սոցիալական արդարության եւ հայաստանակենտրոն քաղաքականության հաստատման, Արցախի Հանրապետության անվտանգության պահպանման եւ ի բացառումն Ադրբեջանին հողերի հանձնման։

2016-ի հուլիսի 17-ը Հայաստանի Հանրապետության վերջին 20 տարվա կտրվածքով ավանդական դարձած սոցիալական եւ անարդարության ծանր ճնշվածության, արտագաղթի զարգացող տեմպերի ժամանակաշրջան չէր։ 2016-ի հուլիսի 17-ին նախորդել էր 2016-ի ապրիլի 1-ը, երբ ադրբեջանական անսպասելի դիվերսիոն հարձակման ժամանակ պարզվեց, որ ուշացել է պատասխան կրակ տալու հրամանը, որ զինտեխնիկայում դիզվառելիք չի եղել. 100 երիտասարդներ մատաղ գնացին Սերժ Սարգսյանի, Սեյրան Օհանյանի, նրանց գեներալների թալանին` զուտ իրենց դուխի, քաջության ու մարմնի հաշվին ետ մղելով թշնամուն։ Ու մինչ հայկական կողմը մեծ թափ հավաքած քշում էր թշնամուն, Սարգսյան-Պուտին հանդիպումից հետո հնչեց ռազմական դադարի մասին հրաման։ Հայկական տարածքից 800 հեկտար մնաց Ադրբեջանին։ Եվ այդ 800 հեկտարը Սերժ Սարգսյանը համարեց «անպետք հողեր»։ Եվ պարզ էր, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր 800 հեկտարը` իր բնակչությամբ հանդերձ, այս իշխանությունը համարում էր «անպետք»։ Պարզվեց, որ «անպետք» էին նաեւ այն զինվորները, որ մասնակցել էին Ապրիլյան քառօրյային, բայց չէին զոհվել։ Դա մի ժամանակաշրջան էր, երբ պետականորեն խրախուսվում էր զոհվելը, եւ իշխանությունից ազատվելու այլ քաղաքական օրակարգ տեսանելի չէր, քան թեհլերյանական հերոսությունն է։ Համենայն դեպս, այդ պահին թվում էր, թե  քաղաքականության հնարավորություն չկար։ Քաղաքականի դաշտը փակվել էր։

Եվ ահա, Սասնա ծռերը որոշեցին լինել այդ Սողոմոն Թեհլերյանը եւ ասպարեզ բացել այդ քաղաքականության համար։

2016-ի հուլիսյան դեպքերից հետո Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում փոխարինելու եկավ Կարեն Կարապետյանը, եւ հայտարարվեց ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարցերի բուռն ռեսթարթ։ Ուրիշ բան, որ դա, իհարկե, չեղավ։ Բայց փաստ է, որ ռեսթարթի որոշումը եղավ Սասնա ծռերի գործողություններից հետո։ Կարելի է այս փոփոխությունը վերագրել Սասնա ծռերի ապստամբությանը, կարելի է` ոչ` հաշվելով, որ առջեւում պառլամենտական ընտրություններ էին։ Քաղաքական վերլուծության ճաշակի, գուցե նպատակահարմարության հարց է։ 

Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք մահացավ Հաց Ախպերը։ Նա, հիշում եք, հացադուլ էր հայտարարել` երկրորդ ձերբակալության առաջին օրից` ավելի, քան 25 օր։ Հաց Ախպերը մահացավ։ Եվ մարդիկ երդվեցին լինել ազնիվ, անկաշառ, հայրենասեր ու մարդասեր` Հաց Ախպոր պես։  Համենայն դեպս, այդպես ուզում էին։ Եվ դա լավ էր։ Փաստ է, որ Հաց Ախպոր ֆենոմենը ի հայտ եկավ Սասնա ծռերի հրահրած ֆորս-մաժորային իրավիճակում։  

Անգամ ամիսներ առաջ պատահածը պարբերաբար վերապատմելու կարիք է լինում, որովհետեւ բոլոր այն դրվագները, հանգամանքներն ու միզանսցենը, որը անցանկալի է հիշելու համար, արագ մոռացության է տրվում։ Կամ գոնե տեղ-տեղ է հիշվում` ադապտացվելով ներկա իրողություններին։ 

Սասնա ծռերի գործողություններն, իհարկե, ի սկզբանե միանշանակ չընդունվեցին հասարակական լայն շերտերի կողմից։ Ինչպես եւ միանշանակ չէին հասարակական տրամադրությունները Նիկոլ Փաշինյանի «Քայլ արա»-ին։ Հասարակական տրամադրությունները կտրուկ փոխվեցին առաջին հաջողություններից հետո։ Թավշյա հեղափոխությունը հաղթեց,  եւ Նիկոլ Փաշինյանն այժմ հաջողակ, արժանավոր գործիչ է եւ սիրելի վարչապետ։ Սասնա ծռերը պարտվեցին, եւ նրանք անհաջողակ են ու անարժան անգամ քաղաքական դրդապատճառներով զինված ապստամբություն իրականացնողների ձեւակերպման համար։ Մանավանդ որ արդեն Նիկոլ Փաշինյանի նոր իմիջը հաղթած հեղափոխությունից հետո արտադրեց նոր կանխատեսումներ`  եթե այն ժամանակ Սասնա ծռերն այդքան կոպիտ չվանեին Նիկոլ Փաշինյանին, ապա այսօր կունենայինք 2 տարեկան անսերժ Հայաստան։ Իսկ 2016-ին մեդիա քրոնիկան բոլորովին այլ կանխատեսումներով է ողողված` տրամագծորեն հակառակ ներկայումս շրջանառվողներին, բայց նույնքան կուռ եւ համոզիչ, որքան 2018-ինն է։

Սասնա ծռերը սխալվեցին։ Ինչպես եւ բոլոր նրանք, ովքեր հավանության էին արժանացրել Սասնա ծռերի այդ որոշումը եւ հատկապես նրանք, ովքեր ստեղծել էին  զինված ապստամբության համար բոլոր նախադրյալները։ Բայց մեջտեղում միայն Սասնա ծռերի սխալմունքն է։ Մեջտեղում միայն նրանց պատասխանատվությունն է կատարվածի համար։ Դե, նրանք են զենքը վերցրել, գնացել, գրավել, նրանք են հրաժարվել Փաշինյանի օգնությունից, նրանք են հանձնվել, նրանք են պարտվել։ Նրանք մեղավոր են։

Ինչպես հիվանդն է երկարատեւ ու թանկ բուժումներից հետո ակամա մեղավոր դառնում։ Ինչպես թույլ կամ վիրավոր ձագն է դառնում իր իսկ ծնողի կերը։ Ով է կասկածում, որ եթե Սասնա ծռերի գործողությունները հաջողությամբ պսակվեին, նրանք չէին կոչվելու ազգի հերոս ազատամարտիկներ, որ երկիրը ազատագրեցին նաեւ ներքին թուրքից, իսկ զինված ապստամբությունը` համարձակ եւ անձնազոհ քայլ` երկիրը ծանր ճգնաժամից ազատելու համար։ Քաղաքականապես գրագետներն ու քաղաքակիրթ-կոռեկտներն այս բնորոշումները «սաբոտաժ» են կոչում` ինքդ քո դեմ, ինքդ քո հաղթանակի դեմ, ինքդ քո պետության դեմ։ Ուստի «իրավունքը ուժ է» ասվածը չի գործում Սասնա ծռերի բողոքելու իրավունքի պարագայում։ Որովհետեւ նա, ով կարող է հարցին լուծում տալ, նույնպես խոսում է իրավունքի ուժի տեսակետից։ Եվ սա ճշմարիտ է առաջին, երկրորդ, երրորդ հայացքից։ Մնում է զուտ իրավունքից անդին սրտով տեսնելու մասին բարոյախոսությունը։ Բայց սա էլ պաթետիկ է։ Պատին սեղմված վիճակ, որից դուրս գալու համար թավշյա հեղափոխությունը քիչ է։ Չափազանց ճիշտ, չափազանց իրավացի, չափազանց սկզբունքային, չափազանց օբյեկտիվ, չափազանց հաղթած լինելու ընթացքում բարոյազանցության կնճիռ կա։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30