06.10.2017 12:11 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ինչ ենք դիտելու

Հոկտեմբերյան կինոպրեմիերաները. կինոինդուստրիալ մրցակցություն

<span lang=«Երկերեսանի սիրեկան»" title="«Երկերեսանի սիրեկան»" />
«Երկերեսանի սիրեկան» .

Ամիսը սկսվում է կինոպրեմիերաների ավանդական շքերթով, որոնք հոկտեմբերին բավականին լուրջ են, աղմկահարույց եւ մրցունակ։ Ներկայացվող կինոնախագծերի առատությունը նախատեսված է ցանկացած կինոմանի ճաշակի համար։ Այս ամիս մեծ էկրաններին կինոպրեմիերաներով հանդես կգան Մայքլ Ֆասբենդերը, Քլոե Սեվինյին, Շառլոտա Գենսբուրը, Նաոմի Ուոթսը, Ջերարդ Բաթլերը, Թոմ Քրուզը, Շայա ԼաԲեֆը, Իդրիս Էլբան, Քեյթ Ուինսլեթը, Ռայան Գոսլինգը, Հարիսոն Ֆորդը, Ռոբին Ռայթը, Ջարեդ Լետոն եւ A-ցուցակի այլ կինոաստղեր։

Ֆիլմերի վերնագրերի ոչ ուղիղ թարգմանությունը պաշտոնապես պայմանավորված է թարգմանվող լեզվի իմաստային առանձնահատկություններով եւ ավանդույթներն ու դավանանքը հաշվի առնելով։ Ֆիլմարտադրողները շարունակում են մարկետինգային տակտիկա կիրառել` պրեմիերաները նշանակելով նույն օրերին, ինչ մրցակիցները։ Ժամանակն է զբաղեցնել նստատեղերը կինոթատրոններում, հեռուստացույցի կամ համակարգչի առջեւ եւ դիտել որակյալ կինո։

05.10 - «Ածելիի վրայով վազողը 2049»/ Blade Runner

Ֆիլմը 1982 թվականի կուլտային ժապավենի շարունակությունն է։ Մոտ ապագայում աշխարհում կբնակվեն նաեւ ռեպլիկանտներ, որոնք ստեղծված են ծանր գործ կատարելու համար։ Նրանց հսկում է ոստիկանության սպա Քեյը, ով բոլորովին պատահականորեն դարձել է գաղտնի տեղեկատվության կրող, որը վտանգի տակ է դնում ողջ մարդկությանը։ Լուծումը գտնելու եւ մարդկությանը փրկելու նպատակով նա սկսում է որոնել ոստիկանության հատուկ նշանակության նախկին սպա Ռիկ Դեկարդին, ով անհետ կորել է... Դերերում՝ Ռայան Գոսլինգ, Հարիսոն Ֆորդ, Անա դե Արմաս, Ռոբին Ռայթ, Դեյվ Բատիստա, Ջարեդ Լետո, Մակքենզի Դեվիս, Սիլվիա Հուքս։

05.10- «Մեր միջեւ լեռներ են»/ The Mountain Between Us

Ֆիլմը Չարլզ Մարտինի համանուն գրքի էկրանավորումն է, որը պատմում է բժիշկ Բենի եւ լրագրողուհի Ալեքսի մասին, ովքեր ինքնաթիռի վթարի հետեւանքով հայտնվել են ձյունոտ լեռներում։ Սակայն այսքանով գլխավոր հերոսների փորձությունները չեն ավարտվում. երբ պարզ է դառնում, որ նրանց ոչ ոք օգնության չի հասնի, Բենն ու Ալեքսը վտանգավոր ճանապարհ են բռնում։ Ողջ մնալու համար նրանք պետք է ընդհանուր լեզու գտնեն միմյանց հետ եւ միասին գործեն։ Կյանքի պայքարում նրանց միջեւ ձգողականություն է ծնվում... Դերերում՝ Իդրիս Էլբա, Քեյթ Ուինսլեթ, Դեմոթ Մալրունի, Բո Բրիջես, Լյուսիա Ուոլթերս, Վալիդ Զուեյթեր։

05.10 - «Բորգ/ՄակԻնրոյ»/ Borg McEnroe

Ֆիլմի հիմքում ընկած է 1980 թվականին Ուիմբլդոնում տեղի ունեցած իրական պատմությունը։ Ժապավենը մանրամասն պատմում է եզրափակիչ մրցարշավում շվեդ Բյոռն Բորգի եւ ամերիկացի Ջոն ՄակԻնրոյի հակամարտության մասին։ Երկու աստղ, ճակատագրական մրցարշավ եւ միլիոնավոր հանդիսատես։ Դերերում՝ Ստելլան Սքարսգարդ, Շայա ԼաԲեֆ, Սվերիր Գուդնասոն, Թուվա Նովոտնի, Դեվիդ Բամբեր, Ռոբերտ Էմմս, Քոլին Սթինթոն։

12.10 - «Արտադրված է Ամերիկայում»/ American Made

Ֆիլմը ԿՀՎ-ի կողմից հավաքագրված երիտասարդ օդաչու Բարի Սիլի պատմությունն է։ Նա ԱՄՆ-ում Բոինգ 747-ի ամենաերիտասարդ օդաչուն է, իսկ մի քանի տարի անց Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մեկն է դարձել։ «Օդից փող է սարքում». այսպես էին նրա մասին արտահայտվում մարդիկ, սակայն նրա կյանքն այդքան էլ երջանիկ չէր։ Փակ ընդունելություններ, գեղեցիկ կանայք, թանկարժեք ավտոմեքենաներ եւ ռիսկային գործարքներ, որոնց թվում է նաեւ Մեդելիական կարտելի հետ համագործակցությունը։ Նարկոթրաֆիկի կարեւորագույն մասը դառնալով` նա այլեւս հավատ չունի իր վաղվա օրվա համար։ Դերերում՝ Թոմ Քրուզ, Դոնալ Գլիսոն, Սառա Ռայթ, Ջեսի Փլեմոնս, Կալեբ Լենդրի Ջոնս, Լոլա Քըրք, Ջեյմա Մեյս։

12.10 - «Կախարդանք։ Մեր օրեր»/ The Crucifixion

12 տարի առաջ 5 հոգեւորականները մեղադրվել են միանձնուհու սպանության մեջ, ում հետ նրանք էկզորցիզմի ծիսակատարություն են անցկացրել։ Լրագրող Նիկոլին այս պատմությունը հորինված է թվում։ Նրան թվում է, որ այս պատմության օգնությամբ եկեղեցու հոգեւոր հայրերը փորձել են խուսափել պատժից, եւ այդ պատճառով նա սեփական հետաքննություն է անցկացնում։ Սակայն որքան աղջիկը խորանում է այս գործի մեջ, այդքան ավելի շատ հակված է համարել, որ «հանցագործները» պարտվել են դիվային էության հետ մարտում։ Դերերում՝ Սոֆի Քուքսոն, Կորնելիու Ուլիչ, Բրիթանի Էշվորթ, Մեթյու Զայաց, Դիանա Վլադու, Ռադու Բանզարու, Հավյե Բոթեթ։

19.10 - «Գեոփոթորիկ»/ Geostorm

Աշխարհում մի քանի վտանգավոր բնական աղետների շարք վերապրելով` խոշոր երկրների ղեկավարները միավորել են իրենց ուժերը, որպեսզի մարդկությանը պաշտպանեն գալիք կատակլիզմներից։ Արդյունքը՝ բնական աղետների կանխարգելման համար կլիմայի հսկողությամբ օրբիտալ արբանյակների ճյուղավորված ցանցն է։ Սակայն ինչ-որ բան այնպես չի ընթացել. մոլորակի պաշտպանության համար ստեղծված համակարգը սպառնում է մարդկությանը։ Առջեւում համաշխարհային գեոփոթորիկն է, որը Երկիր մոլորակից կջնջի կյանքը։ Դերերում՝ Ջերեմի Ռեյ Թեյլոր, Ջերարդ Բաթլեր, Էբի Քորնիշ, Էդ Հարիս, Թալիթա Բեյթման, Ջիմ Սթերջես, Էնդի Գարսիա, Ռոբերտ Շիեն։

19.10 - «Երկերեսանի սիրեկան»/ L'amant double

Ֆրանսուա Օզոնի նոր ֆիլմում ներկայացված է երիտասարդ ֆրանսուհի Խլոեի պատմությունը, ով տառապում է ընկճախտով։ Ճնշող մտքերից ազատվելու ցանկությամբ աղջիկը դիմում է հոգեթերապեւտի` գայթակղիչ Փոլի օգնությանը։ Հերոսուհին զարմանում է, քանզի բժշկի մեթոդը գործում է, եւ ընկճախտը հաղթահարված է։ Սակայն Խլոեի եւ Փոլի հարաբերությունները դուրս են գալիս աշխատանքայինի սահմանից. զույգը սկսում է միասին ապրել, բայց Խլոեն պարզում է, որ իր սիրելին գաղտնիքներ ունի, որոնք բացել չի շտապում։ Դերերում՝ Մարինա Վակթ, Ժերեմի Ռենյե, Ժակլին Բիսեթ, Միրիամ Բուայե, Դոմինիկ Ռեյմոն, Ֆանի Սեյջ, Ժան-Էդուարդ Բոձյակ։

19.10 - «Իրական Ռոքին»/ Real Bleeder

Ֆիլմը ծանր քաշի բոքսեր Չակ Ուեփների մասին է։ Նրա կյանքը կտրուկ փոխվել է լեգենդար Մոհամեդ Ալիին հաղթելուց հետո, եւ նա դարձել է կինեմատոգրաֆիստների ոգեշնչման աղբյուր։ Ուեփները պատմության մեջ է մտել որպես Ռոքի Բալբոայի պրոտոտիպ։ Վառ կյանք, կանայք, մոլախաղեր՝ Չակն այս ամենից հրաժարվել չէր ցանկանում։ Դերերում՝ Էլիզաբեթ Մոս, Նաոմի Ուոթս, Ռոն Փերլման, Մայքլ Ռապապորտ, Լիվ Շրայբեր, Մորգան Սպեկտոր, Ջիմ Գեֆիգան։

26.10 - «Մաթիլդա»/ Матильда

Ալեքսեյ Ուչիտելի ֆիլմը բալետի պարուհի Մաթիլդա Քշեսինսկու ճակատագրի մասին է, ում սիրահարված էր ապագա կայսր Նիկոլայ II-ը։ Պրեմիերայից առաջ ժապավենն արդեն մեծ աղմուկ է հանել՝ հասարակական ռեզոնանս առաջացնելով. մի շարք ուղղափառ հասարակական կազմակերպություններ ֆիլմում կայսրի կերպարի մասին իրենց դժգոհությունն են արտահայտել։ Այդուհանդերձ, պրեմիերան կայանալու է։ Դերերում՝ Միխալինա Օլշանսկա, Լարս Այդինգեր, Լուիզա Վոլֆրամ, Դանիլա Կոզլովսկի, Ինգեբորգա Դափկունայտե, Սերգեյ Գարմաշ, Եվգենի Միրոնով, Գրիգորի Դոբրիգին, Գալինա Տյունինա։

26.10 - «Ձնեմարդ»/ The Snowman

Ժապավենը կուլտային գրող Յու Նեսբեի համանուն բեսթսելլերի էկրանավորումն է, որը պատմում է հայտնի դետեկտիվի մասին, ով փորձում է բավականին դժվար գործ բացահայտել։ Արդեն մի քանի տարի է, ինչ Օսլոյում առաջին ձյան ժամանակ անհետանում են ամուսնացած կանայք, որոնց մարմիններն, ավելի ուշ, հայտնաբերվում են քաղաքի ծայրամասերում։ Բոլոր մարմինների կողքին, անփոփոխ, ձնեմարդ է գտնվում։ Մինչեւ հաջորդ ձյան տեղումներ շատ քիչ ժամանակ է մնացել, իսկ դա նշանակում է, որ հանելուկը պետք է բացահայտել արդեն հիմա։ Դերերում՝ Ռեբեկա Ֆերգյուսոն, Մայքլ Ֆասբենդեր, Քլոե Սեվինյի, Վել Քիլմեր, Ջ. Ք. Սիմոնս, Ջեմի Քլեյթոն, Շառլոտա Գենսբուր, Ջեյմս Դ'Արսի։

26.10 - «6 ֆուտ խորության տակ»/ 6 Below։ Miracle on the Mountain

Փայլուն կարիերան ավարտելով հոկեյի օլիմպիական չեմպիոն Էրիկ Լեմարկն արդեն չի կարող գոյատեւել առանց ադրենալինի։ Սակայն նախկինում նա այն ստացել է խաղի ժամանակ, իսկ այժմ գտնում է թմրադեղերի եւ սնոուբորդինգի մեջ։ Երբ Մամոս լեռների դահուկային պարեկը գալիք ձնաբուքի հետեւանքով փակում է բոլոր մայրուղիները, Լեմարկը սուր զգացողություններ որոնելիս որոշում է վերջին սահքն իրականացնել, սակայն մահացու թակարդն է ընկնում։ Դերերում՝ Ջոշ Հարթնեթ, Միրա Սորվինո, Սառա Դյումոն, Քեյլ Քալի, Ջեյսոն Քոթլ, Նեյտան Սթիվենս։

ԴԻՏԵ'Ք ՈՐԱԿՅԱԼ ԿԻՆՈ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31