01.06.2018 01:18 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ինչ ենք դիտելու

Հունիսյան կինոպրեմիերաները. կինոինդուստրիալ մրցակցություն

<em>«Խաբեբաներ կամքին հակառակ»</em>
«Խաբեբաներ կամքին հակառակ» .

Ամռան առաջին ամիսը, լավ եղանակից բացի, հետաքրքիր եւ երկար սպասված կինոպրեմիերաներ է նախատեսում։ Պրեմիերաների առատության շնորհիվ կինոերկրպագուներին դիտման խիտ գրաֆիկ եւ բարդ ընտրություն կատարելու ժամանակաշրջան է սպասում։

Այս ամիս մեծ էկրաններին հանդես կգան Դայան Կիտոնը, Ջեյն Ֆոնդան, Էնդի Գարսիան, Էմիլի Ռատակովսկին, Բենիսիո Դել Տոռոն, Լիվ Թայլերը, Քեյթ Բլանշեթը, Ռիհաննան, Օլիվիա Մանը, Սանդրա Բալոքը, Դակոտա Ֆանինգը, Քարդաշյան-Ջեներ քույրերը, Ջոդի Ֆոսթերը, Ադրիանա Լիման, Սիլվեստր Ստալոնեն, Ումա Թուրմանը, Սոֆիա Վերգարան, Պենելոպա Քրուսը, Ջեյմս Ֆրանկոն, Միլա Յովովիչը, Սնուփ Դոգը, Նաոմի Քեմփբելը, Քրիս Փրատը եւ այլ հայտնիներ։

 Ֆիլմերի վերնագրերի ոչ ուղիղ թարգմանությունը պաշտոնապես պայմանավորված է թարգմանվող լեզվի իմաստային առանձնահատկություններով եւ ավանդույթներն ու դավանանքը հաշվի առնելով։ Ֆիլմարտադրողները շարունակում են մարկետինգային տակտիկա կիրառել` պրեմիերաները նշանակելով նույն օրերին, ինչ մրցակիցները։ Ժամանակն է զբաղեցնել նստատեղերը կինոթատրոններում, հեռուստացույցի կամ համակարգչի առջեւ եւ դիտել որակյալ կինո։

07.06 - «Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը 2»/ Jurassic World։ Fallen Kingdom

Իսլա-Նուբլար կղզում դինոզավրներով զվարճանքների այգին վերջնականապես ավերվել է, իսկ նրա բնակիչներն ազատ թափառում են երբեմնի ամենապոպուլյար եւ էկզոտիկ կուրորտի փլուզված մասունքներում։ Այնտեղ մարդու փոխարեն իշխում է բնությունը։ Թեպետ առանց մարդու հնարավոր չէ՝ կղզու տակ հնադարյան հրաբուխն է, որն արթնանում եւ վտանգում է կենդանական աշխարհը։ Այգու նախկին ղեկավար Քլեր Դերինգը համոզում է վարժեցնող Օուեն Գրեդիին կղզի վերադառնալ եւ փրկել դինոզավրներին ոչնչացումից։ Դերերում՝ Քրիս Փրատ, Բրայս Դալաս Հովարդ, Ջեֆ Գոլդբլյում, Թեդ Լեվայն, Ջեյմս Քրոմուել, Թոբի Ջոնս։

07.06 - «Խելքով մեկ գեղեցկուհի»/ I Feel Pretty

Պատմության կենտրոնում Ռենի Բենեթն է, ով իր կյանքի ընթացքում պայքարում է ավելորդ կիլոգրամների հետ՝ փորձարկելով տարբեր դիետաներ, որոնք հերթափոխվում են սպորտով զբաղվելու փորձերով։ Այսպես, հերթական անգամ իր համար ֆիթնեսը «բացահայտելով», Ռենին ընկնում է հեծանվամարզասարքից եւ վնասում գլուխը, ինչի արդյունքում անոմալ համոզվածություն է ձեռք բերում, որ ինքն անկրկնելի է։ Սակայն շրջապատի համար հերոսուհին չի փոխվել։ Դերերում՝ Էմի Շումեր, Միշել Ուիլյամս, Թոմ Հոփեր, Ռորի Սքովել, Ադրիան Մարտինես, Էմիլի Ռատակովսկի, Բիզի Ֆիլիպս, Նաոմի Քեմփբել։

07.06 - «Ռեինկարնացիա»/Hereditary

Էննի Գրեհեմի կյանքը ոչնչով չէր տարբերվում նրա ծանոթների, ընկերների, հարեւանների կյանքից, սակայն մոր մահից հետո գլխավոր հերոսուհու կյանքում սկսել են սարսափելի երեւույթներ տեղի ունենալ։ Նա եւ նրա մտերիմների կյանքը վտանգի մեջ են, եւ ինչ-որ պահի Էննին գիտակցում է, որ բոլոր սարսափներն սկիզբ են առնում հեռավոր անցյալից, սակայն անհրաժեշտ է գտնել անեծքի բանալին, որն իր ընտանիքում սերնդեսերունդ է փոխանցվում։ Դերերում՝ Թոնի Կոլետ, Գեբրիել Բիռն, Ալեքս Վուլֆ, Միլի Շապիրո, Էնն Դաուդ, Մելորի Բեհտել, Զախարի Արթուր, Մարկ Բլոկովիչ։

12.06 - «Սոբչակի գործը»/Дело Собчака

Վավերագրական ժապավենը Սանկտ Պետերբուրգի առաջին քաղաքապետ Անատոլի Սոբչակի պատմությունն է, որը ներկայացրել են նրա հարազատները, ընկերները, կոլեգաները եւ անգամ թշնամիները։

14.06 - «Սուպերընտանիքը 2»/Incredibles 2

Անիմացիոն ֆիլմի հերոսները՝ սուպերունակություններով օժտված ընտանիքի անդամներն արդեն չեն թաքնվում ստվերում. Հելեն Փառը հարցազրույցներ է տալիս, սակայն նրա ամուսին Բոբն ավելի հաճախ ընտրում է տնային հոգսերը։ Իսկ երեխաներին խնամելը, որոնցից յուրաքանչյուրը սեփական անոմալ ունակություններից բողոքելու իր պատճառներն ունի, այդքան էլ հեշտ գործ չէ։ Փառ ընտանիքի բարդ ժամանակաշրջանն ավելի է սրվում, երբ նա հզոր թշնամի է ձեռք բերում։ Միավորումը միակ տարբերակն է` մարդկությանն ու սեփական ընտանիքը փրկելու համար։

14.06 - «Ապագայի աշխարհը»/ Future World

Հակաուտոպիայի գլխավոր հերոսը պատանին է, ով ապրում է հետապոկալիպտիկ աշխարհում։ Ծանր հիվանդ մոր համար դեղ հայթայթելու համար նա ուղեւորվում է անապատային հողեր. նրան դեպի խավարի եւ վտանգավոր աշխարհ ռիսկային ճանապարհորդություն է սպասվում։ Դերերում՝ Ջեյմս Ֆրանկո, Միլա Յովովիչ, Լյուսի Լյու, Սյուկի Ուոթերհաուս, Մարգարիտա Լեվիեվա, Դեսթինի Օսթին, Սնուփ Դոգ, Մեթոդ Մեն։

14.06 - «Էսկոբար»/ Loving Pablo

Հոգեբանական թրիլլերը ինքնակենսագրական դրամատիկ ֆիլմ է, որը պատմում է նարկոբարոն Պաբլո Էսկոբարի ծաղկման պատմությունը։ Ժապավենի ստեղծմանը հիմք են ծառայել Էսկոբարի սիրտը գրաված լրագրողուհու մեմուարները։ Դերերում՝ Խավյե Բարդեմ, Պենելոպա Քրուս, Փիթեր Սարսգաարդ, Ժուլիետ Ռեստռեպո, Օսկար Հաենադա, Ֆրեդի Յեթ, Ռիկարդո Նինիո։

14.06 - «Խաբեբաներ կամքին հակառակ»/ The Con Is On

Վտանգավոր մաֆիոզին խոշոր գումար պարտք լինելով` ամուսինները փախուստի են դիմում դեպի Լոս Անջելես, որպեսզի բարելավեն իրենց գործերը։ Պլանը բավականին դյուրին է՝ գողանալ թանկարժեք զարդերը, վճարել բոլոր պարտքերը եւ մաքուր էջից ու լի դրամապանակով հանգիստ կյանք սկսել։ Սակայն հենց սկզբից նախագիծը խափանվում է։ Դերերում՝ Փարքեր Փոուզի, Էլիս Իվ, Մեգի Կյու, Ումա Թուրման, Սոֆիա Վերգարա, Քրիսպին Գլովեր, Թիմ Ռոթ, Էշլի Ուիլյամս, Մելիսա Սյու Անդերսոն, Սթիվեն Ֆրայ։

14.06 - «Փախուստի նախագիծը 2»/ Escape Plan 2։ Hades

Ժապավենը 2013 թվականին Առնոլդ Շվարցենեգերի եւ Սիլվեստր Ստալոնեի մասնակցությամբ ֆիլմի շարունակությունն է։ Այս անգամ Սլային ընկերակցել է Դեյվ Բատիստան՝ գլխավոր հերոսները փորձում են փախչել սուպերժամանակակից բանտից, որից դուրս պրծնելն անհնարին է թվում։ Սակայն հերոսները պատրաստ են ամեն ինչի։ Դերերում՝ Դեյվ Բատիստա, Սիլվեստր Ստալոնե, Ջեյմի Քինգ, Տիտուս Ուելիվեր, Ուես Չեթեմ,  Ջեսի Մեթքլաֆ։

14.06 - «Արտեմիդա» հոթել»/ Hotel Artemis

Մոտ ապագայի Լոս Անջելեսում հանցագործությունը դեռեւս հաղթահարված չէ։ Երբ հանցագործները հայտնվում են հակամարտություններում, ապա ապաքինվելու համար սուպերգաղտնի հիվանդանոց են ուղեւորվում, որը նաեւ հյուրանոց է, որը տնօրինում է դաժան Բուժքույրը։ Այստեղ խիստ կանոններ են գործում, եւ տարբեր տեսակի հանցագործներ ստիպված են ապրել մեկ տանիքի տակ։ Խնդիրները սկսվում են այն պահից, երբ նոր հաճախորդ-զույգն իր հետեւից կրիմինալ հեղինակության է բերում, որը չի ցանկանում ենթարկվել գործող կանոններին։ Դերերում՝ Սոֆիա Բուտելլա, Դեյվ Բատիստա, Ստերլինգ Կ. Բրաուն, Ջոդի Ֆոսթեր, Ջենի Սլեյթ, Ջեֆ Գոլդբլյում, Բրայան Թայրի Հենրի, Զաքարի Քուինտո։

21.06 - «Օուշենի 8 ընկերուհիները»/ Ocean's 8

Հանրահայտ կրիմինալ կոմեդիայի կանանց տարբերակում Դեբի Օուշենը 5 տարի 150 մլն դոլար արժողությամբ ադամանդի գողության նախագիծ է մշակել։ Այն պետք է իրագործվի Նյու Յորքում տեղի ունեցող Կոստյումի ինստիտուտի հանրահայտ ամենամյա պարահանդեսի ժամանակ։ Օուշենը չի կասկածում հաջողության հարցում, քանի որ նրան օգնելու է աշխարհի լավագույն կին-հանցախումբը։ Դերերում՝ Օլիվիա Ման, Քեյթ Բլանշեթ, Դակոտա Ֆանինգ, Մեթ Դեյմոն, Սանդրա Բալոք, Էնն Հեթեուեյ, Հելենա Բոնեմ Քարթեր, Սառա Փոլսոն, Քեթի Հոլմս, Ռիհաննա, Հեյլի Բոլդուին, Քարդաշյան-Ջեներ քույրեր, Ադրիանա Լիմա եւ այլք։

21.06 - «Սագա հրեշի մասին։ Մթնշաղ»/ Wildling

16-ամյա Աննան բոլորի պես չէ. հայրը նրան մեծացրել է անտառային խրճիթում, բոլորից մեկուսացած, քանի որ վախենում էր, որ նրան ինչ-որ «հրեշներ» են գտնելու, չէ որ Աննան «առանձնահատուկ» է։

 Երբ աղջիկը հայտնվում է շերիֆի եւ նրա կրտսեր եղբոր հովանու տակ, ինքն էլ է սկսում հասկանալ, որ նրա հետ ինչ-որ բան այնպես չէ։ Նույնը սկսում են հասկանալ նաեւ քաղաքում։ Դերերում՝ Լիվ Թայլեր, Բրեդ Դուրիֆ, Բել Պաուլի, Ջեյմս ԼըԳրոս, Քոլին Քելլի-Սորդելեթ, Մայք Ֆեյսթ, Թրոյ Ռափթեշ։

28.06 - «Մարդասպանը 2. Ընդդեմ բոլորի»/Sicario 2։ Soldado

Ֆիլմը մեքսիկական նարկոկարտելների եւ ամերիկյան կառավարության միջեւ հակամարտությունների մասին պատմության շարունակությունն է։ Այս անգամ գործին միջամտում են տեռորիստները, այնպես որ, իրավիճակը շատ լուրջ է։ Դերերում՝ Ջոշ Բրոլին, Բենիսիո Դել Տոռո, Իզաբելա Մոներ, Ջեֆրի Դոնովան, Քեթրին Քիներ, Մեթյու Մոդայն, Քրիստոֆեր Հեյերդալ։

28.06 - «Անտեսանելին»/ In Darkness

Թրիլլերում ոստիկանությունը հետախուզում է միջազգային վտանգավոր հանցագործի դստեր կասկածելի ինքնասպանությունը։ Սակայն կա միակ վկան՝ կույր Սոֆիան, ում ծանոթ էր մահացածը։ Մաֆիան եւ հատուկ ծառայությունները փորձում են հասկանալ, թե ինչ է հայտնի Սոֆիային, եւ պարզում են, որ աղջիկն այնքան էլ հասարակ չէ, որքան թվում է։ Դերերում՝ Նատալի Դորմեր, Էմիլի Ռատակովսկի, Էդ Սքրեյն, Ջոելի Ռիչարդսոն, Ջեյմս Կոսմո, Նիլ Մեսքել։

28.06 - «Աղետի իշխանության տակ»/ Adrift

Ֆիլմը նկարահանված է իրական դեպքերի հիման վրա։ Արկածների, օվկիանոսների եւ ճանապարհորդությունների սիրահարներ Թեմին եւ Ռիչարդը մի անգամ հանդիպում են միմյանց եւ, սիրահարվելով, որոշում են այլեւս չբաժանվել։ Միասին նրանք որոշում են փոքր զբոսանավով Թահիթիից հասնել մինչեւ Կալիֆոռնիա՝ չնախատեսելով, որ հայտնվելու են Խաղաղ օվկիանոսում վեր բարձրացած կործանիչ փոթորիկի էպիկենտրոնում։ Դերերում՝ Շեյլին Վուդլի, Սեմ Կլաֆին, Գրեյս Փալմեր, Ջեֆրի Թոմաս, Էլիզաբեթ Հոթորն, Թեմի Էշքրաֆթ, Լունա Քեմփբել։

28.06 - «Գրքի ակումբ»/ Book Club

Կոմեդիան «50-ն անց» նրբաճաշակ ինտելեկտուալների մասին է, ովքեր հաշվառված են գրքի ակումբում եւ շաբաթական մեկ անգամ հավաքվում են, որպեսզի քննարկեն նորաձեւության նորույթները։ Մի անգամ նրանց ձեռքում է հայտնվում «Մոխրագույնի հիսուն երանգները» էրոտիկ բեսթսելլերը, եւ կանայք սուզվում են բոլոր մեղքերի մեջ։ Դերերում՝ Դայան Կիտոն, Ջեյն Ֆոնդա, Քենդիս Բերգեն, Մերի Սթինբերգեն, Էնդի Գարսիա, Դոն Ջոնսոն, Ալիսիա Սիլվերսթոուն։

ԴԻՏԵ’Ք ՈՐԱԿՅԱԼ ԿԻՆՈ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31