18.05.2018 06:20 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Մուտիլովկաների պակաս չի լինելու

Հեղափոխությունը դիրքային պայքարի փուլում է

Եվ այսպես, թավշյա հեղափոխության ամենադժվար փուլը սկսված է։ Կառավարությունը ձեւավորված է, ոլորտային պատասխանատուները հայտնի են, ու մարդիկ ամենատարբեր պահանջներով բողոքի ցույցեր են անում եւ անպայման պահանջում հանդիպում անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ակնկալելով իրենց խնդիրների այսրոպեական լուծում։ Հոգու խորքում նրանք, իհարկե, գիտեն, որ դա անհնար է, բայց հեղափոխության իներցիան իր տրամաբանությունն ունի։

Իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի կարող մի քանի օրում լուծել այն պրոբլեմները, որոնք կուտակվել են տարիների ու նույնիսկ տասնամյակների ընթացքում։ Ավելին՝ խնդիրը ոչ այնքան ժամանակի սղությունն է, որքան լծակների բացակայությունը։ Առայժմ նույնիսկ խաղաղ ցուցարարների վրա հարձակված բանդիտներին պատասխանատվության ենթարկել չի ստացվում. գլխավոր դատախազը «խուլիգանության հանցակազմ չի տեսնում», եւ վերջ։ Իսկ գլխավոր դատախազ կարելի է նշանակել միայն խորհրդարանի ձայների երկու երրորդով, ու այդքան ձայն Նիկոլ Փաշինյանը չունի։ Հենց դրա համար էր Սերժ Սարգսյանը «կուռ պահում» կուսակցության շարքերը։ Ու հիմա այդ «կուռ թիմով» գտնվում է ստվերում՝ խուսափելով հրապարակային ելույթներից ու մարդկանց աչքին երեւալուց։ Միաժամանակ թաքուն հրճվանքով հետեւելով բողոքի ակցիաներին (իսկ որոշ իրազեկ մարդկանց տեղեկությունների համաձայն՝ «տակից» հրահրելով դրանք)։ Տրամաբանությունը հասկանալի է. «դե տեսնենք էդ մեծ-մեծ խոսողները ոնց են լուծում խնդիրները»։

Ի՞նչ պիտի անի այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։ 1. Պիտի հնարավորինս արագ լուծի բոլոր այն խնդիրները, որոնք հնարավոր է լուծել առկա լծակներով։ 2. Պիտի ստեղծի աշխատանքային խմբեր, որոնք կուսումնասիրեն առաջնահերթ խնդիրների լուծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների ցանկը։ 3. Պիտի ժողովրդի տարբեր սոցիալական խմբերին բացատրի (ԶԼՄ-ների միջոցով կամ անմիջական հանդիպումների ընթացքում), թե ինչու է ձգձգվում այս կամ այն խնդրի լուծումը, ովքեր են խոչընդոտում, եւ ինչ քայլեր են պետք՝ այդ խոչընդոտները հաղթահարելու համար։ 4. Պիտի հնարավորինս արագ կազմակերպի խորհրդարանական արտահերթ ընտրություններ (թեկուզ՝ գործող ընտրական օրենսգրքով), որպեսզի խորհրդարանում ձեւավորվի կայուն մեծամասնություն, եւ հաջորդ կառավարությունը լիարժեք լծակներ ունենա։

Իրականում սա բավականին բարդ է, որովհետեւ խանգարողները շատ են լինելու։ Համընդհանուր էյֆորիան, իհարկե, դեռ պահպանվում է ու եւս մի քանի ամիս կպահպանվի, բայց փաստը մնում է փաստ, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական դաշտում դաշնակիցներ չունի։ Այս հարցում պատրանքներ ունենալ չարժե. անգամ այսօր նրա հետ կառավարության կազմում համագործակցողները ոչ թե նրա դաշնակիցներն են, այլ ավելի շուտ «փայատերերը»։ Ընդ որում՝ ոչ այնքան պատասխանատու փայատերերը, որովհետեւ կառավարության գործունեության թիվ մեկ (թերեւս նույնիսկ միակ) պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, եւ հնարավոր ձախողումների հասցեատերն էլ նա է լինելու։ Իսկ այդ իրավիճակում ձախողումները կառավարության «փայատերերին» կարող են նույնիսկ ձեռնտու լինել։ Չէ՞ որ ՀՀԿ-ն վարկանիշի առումով ոչնչացված է, արտախորհրդարանական ուժերը դեռ ուշքի չեն եկել, ու եթե Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի վարկանիշն էլ ընկնի՝ հաջորդ ընտրությունների ժամանակ «առաջին ջութակի» դերը կարող են իրենք ստանձնել (եթե անգամ այդ ընտրությունները տեղի ունենան 6-7 ամիս հետո)։

Մի խոսքով՝ դիրքային պայքարի փուլում ենք։ Նիկոլ Փաշինյանը ձգտում է ՀՀԿ-ից վերցնել վերջին հենարանները՝ Երեւանի քաղաքապետարանը, դատախազությունը, մարզպետարանները եւ այլն, իսկ ՀՀԿ-ն իր հերթին փորձում է բողոքի ակցիաներն օգտագործելով Նիկոլ Փաշինյանից խլել (կամ գոնե մասամբ թուլացնել) նրա ամենահզոր զենքը՝ համաժողովրդական աջակցությունը։ Բարեբախտաբար՝ վերջին մեկ ամսվա ընթացքում հասարակության քաղաքական ինքնագիտակցությունը կտրուկ բարձրացել է, եւ մարդիկ շատ լավ են հասկանում դիրքային այս պայքարի նրբությունները։ Ու թեեւ «մուտիլովկաների» պակաս չի լինելու, բայց հասարակությունն ամենայն հավանականությամբ կհասկանա, թե որտեղից են փչում քամիները։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
    1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31