27.10.2017 05:24 Կարպիս Փաշոյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ռեպլիկ

Կկռվե՞ն արդյոք հայերը ռուսների դեմ

97 տարի առաջ այս օրերին ընթանում էր Հայ-թուրքական պատերազմը։ Հայկական զորքերը առանց լուրջ դիմադրության նահանջում էին։ Հոկտեմբերի 30-ին հայկական զորքերը առանց որեւէ լուրջ դիմադրության թուրքերին հանձնեցին Կարսը` այն դեպքում, երբ կային հակառակորդին վճռական հարված հասցնելու եւ հաղթելու բոլոր նպաստավոր պայմանները։

Որքան էլ զավեշտալի չհնչի, բայց Կարսում թուրքական զորքերի դիմաց կանգնած էին այն նույն զինվորներն ու հրամանատարները, ովքեր Սարդարապատում, Բաշ Ապարանում եւ Ղարաքիլիսայում կռվել էին մինչեւ վերջ։ Այդ հաղթանակներից անցել էր ընդամենը 2 տարի, բայց ի՞նչ էր փոխվել, ինչո՞ւ հայերը կարողացան կռվել Սարդարապատում, բայց չկռվեցին Կարսում։ Ո՞րն էր մարտունակ հորջորջվող բանակի այդաստիճան բարոյալքման պատճառը։ Պատճառները տարաբնույթ են. քաղաքական ղեկավարության եւ զինվորական հրամանատարության միջեւ գոյություն ունեին խոր հակասություններ, թույլ տրվեցին մի շարք մարտավարական սխալներ, բացի այդ, եթե Կարաբեքիրը անձամբ էր գլխավորում ռազմական գործողությունները, ապա Թովմաս Նազարբեկյանը այդպես էլ չբարեհաճեց դուրս գալ Երեւանից, իսկ Սիլիկյանի շտաբը չգիտես ինչու Կարսից 70 կմ հեռավորության վրա էր գտնվում։ Ընդհանուր առմամբ պետք չէ խորանալ մանրամասների մեջ, սրանցից ոչ մեկը վճռական ազդեցություն ունենալ չէր կարող։

Պատճառը ռուսական, բայց արդեն Կարմիր բանակի վերադարձն էր տարածաշրջան (մի շարք հեղինակավոր պատմագետներ ուշադրություն չեն դարձրել այդ հանգամանքին) եւ դրանից ելնելով բոլշեւիկյան համապատասխան քարոզչությունը, որն ուղղակիորեն բարոյալքեց եւ կազմաքանդեց մի ողջ կանոնավոր բանակ։

Խնդիրն այն էր, թե ինչպես շարքային զինվորները, այնպես էլ բարձր հրամանատարությունը կարծում էին, թե կռվում են բոլշեւիկա-քեմալական միասնական ուժերի դեմ։ Մի մասը օգնություն էր ակնկալում ռուսներից` համոզված լինելով, թե չի կարելի հակամարտության մեջ մտնել եղբայրական Ռուսաստանի հետ։ Մյուս մասն էլ կարծում էր, թե կարելի է պայմանավորվել թուրքերի հետ։ Մի ուշագրավ տեղեկություն եւս. Գեներալ Դ. Փիրումյանը թուրքական մի զորամասի դեմ ուղարկեց գնդապետ Մազմանյանի գունդը, որը, սակայն, պարտություն կրելով` դիմեց խայտառակ փախուստի։ Չկարողանալով կասեցնել իր զինվորների ամոթալի նահանջը, հուսալքված գնդապետը ինքնասպանություն գործեց։ Կարսի հանձնումից 97 տարի անց հայկական բանակի գեներալասպայական կազմի ճնշող մեծամասնությունը իրավամբ համարվում են Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի վճռական պաշտպանները, իսկ գեներալների մի մասը խոսում եւ հրամաններ է արձակում ռուսաց լեզվով։ Նույնիսկ փորձում են նմանակել ռուս գեներալներին, խոսքի մեջ ամեն պահ կրկնելով` բլյատ, բլյատ, սուկա բլյատ։

Իսկ ո՞վ կարող է երաշխավորել, որ ռուսներն այլեւս գործարքի մեջ չեն հայտնվի Թուրքիայի հետ եւ ռազմական գործողություն չեն իրականացնի Հայաստանի տարածքում։ Անպատասխան հարցադրում. Հայկական բանակը կկռվի՞ արդյոք ռուսների կամ նրանց հետ համագործակցող թուրքերի դեմ, թե՞ ոչ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31